ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։
Օրերս մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանը, գրում է «Հայկական ժամանակը»։
Կոմունիստական կուսակցությունում պարբերականի աղբյուրը հաստատել է, սակայն ամեն կերպ փորձել է թեկնածուի անունը գաղտնի պահել։
Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը թերթի հարցին ի պատասխան նշել է. «Էդ ինչ կարևոր, հրատապ բան է։ Մարդ է, մահացել է, Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։
Սակայն ՀԺ–ին հաջողվել է պարզել, որ Լավրենտի Ասատրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից էր։
Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նա Շամշադինի զինկոմն է եղել, իսկ մինչ զինվորական պաշտոն զբաղեցնելն աշխատել է Նոյեմբերյանի սպորտդպրոցում։
Կարեն Աբազյանի խոսքով, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն ըմբշամարտի վարպետ է եղել։
«Վերջում աշխատում էր Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում որպես զինղեկ (ռազմագիտության ուսուցիչ)։ Արդեն 1 տարի է թոշակի էր գնացել, բայց թոշակի տարիքը վաղուց էր լրացել»,– հայտնել է Կարեն Աբազյանը` նշելով, որ Լավրենտի Ասատրյանը սրտանոթի ճնշման բարձրացման հետևանքով է մահացել։
«Նրան տեղափոխել էին Երևան, դեղորայքով էին պահում, հույս ունեին, որ կվիրահատեին, բայց չդիմացավ։ 70-ն անց էր».– նշել է քաղաքապետը։
Հոդվածի հեղինակները նաև հիշեցնում են, որ Կոմունիստական կուսակցությունը պետք է թեկնածուի մահվան վկայականը ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի նրա գրանցումը չեղյալ համարվի։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում