Փաշինյանը աղմկահարույց ձայնագրության մասին. շանտաժների չեմ ենթարկվելու
16:31
11 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է համացանցում հայտնված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Երեքշաբթի համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։
«Ծանոթ եմ այս գործի մանրամասներին, գիտեմ, ինչ է կատարվել այդ ժամանակ Հայաստանում, սակայն մենք դեռ կանդրադառնանք դրան։ Իսկ հիմա ցանկանում եմ ասել, որ տեղի է ունեցել հետևյալը. ըստ իմ նախնական վարկածի գաղտնազերծվել է կամ ԱԱԾ տնօրենը, կամ Հատուկ քննչական ծառայության պետը։ Ո՞վ դա արել և ի՞նչ նպատակով։ Արդյո՞ւք օրենքով նա իրավունք ունեցել է, ո՞նց է դա տեղի ունեցել և ո՞րն քաղաքական նպատակը», – ասաց Փաշինյանը։
Ըստ նրա, այս ձայնագրության համացանցում հայտնվելը` երկրում կոռուպցիայի դեմ անցկացվող պայքարի արդյունքն է։
Մարդիկ զգում են, այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել: Նրանք ուզում են էդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով: Ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք՝ ենթակա է ՀՀ քաղաքացիների առաջ հաշվետվության: Մենք շանտաժի չենք տրվելու: «Մարտի 1-ի» գործը պետք է բացահայտվի, թալանվածը պետք է վերադարձվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,- հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:
«Չգիտեմ, ինչ ուզում են գաղտնալսած լինեն: Դրանց մեջ չկա որևէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որևէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Եթե մենք դատարաններին հրահանգ տվող էինք՝ Վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել, ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվել: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... Այդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնում, լրատվամիջոց են գնում, էդ ո՞նց: Այս իրավիճակում ես քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, շանտաժների չեմ ենթարկվելու, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք տեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին, մենք ունենք ձեր օգնության կարիքը կոռուպցիայի հարցում»,- ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը:
Նա անդրադարձավ նաև գաղտնալսման այն հատվածին, որտեղ միտք է հնչում իրեն զանգահարելու մասին:
«Երբ ես առաջարկել եմ ՀՔԾ պետի թեկնածու, ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ՊԵԿ նախագահ, ես ասել եմ, որ խոստանում եմ մի բան՝ որևէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու, բացառում եմ, որ ասեք, որ նախաքննության շահերից ելնում է էսինչ մարդուն կալանավորել, ես ասեմ՝ չէ: Նույնիսկ իմ ընտանիքի անդամին, որ ասեն կալանավորենք, նախաքննության շահերից է, ես ասելու եմ՝ կալանավորեք: Տեղի է ունեցել դա: Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն, չմտածեն, որ էսինչ անուն-ազգանունով մարդուն բա կարելի՞ է կալանավորել: Նախաքննության մարմինը կգտնի, որ պետք է կալանավորել, թող գնա կալանավորի: Ոմանք ուզում են ճողոպրել, ուզում են խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու: Որևէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից: Իրավիճակի լուծումը քաղաքացիների տիրույթում է: Հույս ունեմ, որ կաջակցեք թալանի դեմ պայքարին, «Մարտի 1-ի» գործի բացահայտմանը: Աջակցության ձևերից մեկը Դավթաշենի հրապարակ գալն է: Ես կգամ այնտեղ և ելույթ կունենամ: Հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին ասուլիս հրավիրել, հրապարակել, թե առաջիկայում ում թալանի մասին ինչ քրեական գործեր են նախապատրաստվում»,- հավելեց նա:-0-