ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հինգշաբթի հայտնեց լրագրողներին, որ «Մարտի 1»–ի գործով ապացույցները կեղծվել են, իսկ բանակի ներգրավվածության մասով մեղադրանքներն ավելի քան հիմնավոր են։
«Սկզբում ասվում էր, որ բանակը չի ներգրավվել, հետո` որ մնացել է զորանոցներում։ Մենք ապացուցել ենք, որ բանակը ոչ միայն ներգրավվել է, այլև զինծառայողները կրակել են։ Իրական ապացույցներն ամբողջությամբ կեղծելու փորձ է կատարվել», – ասաց Խաչատրյանը։
Загружается новость ... "Лево"
«Մեր ունեցած ապացույցները փաստում են, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով», – նշեց Խաչատրյանը` հավելելով, որ չնայած չի կարող երաշխավորել, որ բոլոր այդ պարկուճները կրակվել են բանակային զենքից, սակայն դրանց փոփոխության փաստն անվիճելի է։
Նախօրեին ՀՔԾ–ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավարը և դատաձգաբանն ապացույցներ են կեղծել, նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ։–0–