ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2018թ. հունվարի 27-ին ժամը 16:25-16:45-ի սահմաններում ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումը ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը): Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում