ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան` խորհրդարանական ընտրությունների օրվա նշանակման որոշման սահմանադրականության ստուգման համար, երկուշաբթի ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ–ը հայտարարություն էր տարածել, որում պահանջում էր տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։ Հայտարարության հեղինակները նշում են, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։
«Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաև հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները», – նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշում են, որ այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։
«ՀԱԿ-ն այն կարծիքին է, որ խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին, և ընտրությունները չեն կարող նշանակվել այդքան շուտ», - ասաց Զուրաբյանը:
Նա նշեց, որ իշխանությունները ներկայացրել են իրենց հիմնավորումները, սակայն ընդդիմությունը համարում է, որ բավական նախադրյալներ կան Սահմանադրական դատարան դիմելու համար:
Շարմազանով. ՀՀ խորհրդարանական ընտրությունների օրը կարող է փոխվել>>
Նրա խոսքով, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը Սահմանադրական դատարան ներկայացնելու դիմում է պատրաստել` ընտրությունների օրվա նշանակման մասին նախագահի հրամանը անվավեր ճանաչելու համար:
Սահմանադրական դատարանին այդ դիմումը ներկայացնելու համար պատգամավորներին անհրաժեշտ է հավաքել 27 ստորագրություն:
«Մենք կոչ ենք անում բոլոր պատգամավորներին և քաղաքական ուժերին, որոնք ցանկանում են, որպեսզի Հայաստանում ընտրությունների օրինականությունը ի սկզբանե կասկածի տակ չդրվի, միանալ հայտին», - ասաց Զուրաբյանը:
Այս առաջարկին աջակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ ԲՀԿ-ն իրավիճակն օրինականորեն լուծելու կողմնակից է:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր կողմից նշեց, որ ընտրությունների անցկացման ամասնաթիվը սկզբունքային չէ ՀՀԿ-ի համար, որը պատրաստ է վերանայել այս հարցը բոլոր քաղաքական ուժերի համաձայնության պարագայում:
«Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, այդ թվում, նախագահի մակարդակով, որ պատրաստ ենք վերանայել ամսաթիվը, մնացած ամեն ինչը` ձեր սահմանադրական իրավունքների շրջանակում», - ասաց Նաղդալյանը: -0-