ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Ուղղիչ հաստատություններում և կալանավայրերում ներքին կանոնակարգի սահմանման մասին» օրենքում նախատեսված փոփոխություններին։
Ինչպես նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, հարցի էությունը լրացուցիչ հնարավորությունների ստեղծումն է անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար։
«Գաղափարը մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում, և հիմա մենք քայլեր ենք ձեռնարկում այն իրագործելու համար», – ավելացրեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ անազատության վայրերում կան դատապարտյալներ, որոնց համար մի շարք պատճառներով դժվար է կապվել հարազատների հետ, որոնք կամ գտնվում են արտասահմանում կամ ապրում են Հայաստանում, սակայն այնքան հեռու են, որ իրենց համար դժվար է օգտվել կարճատև տեսակցության հնարավորությունից։
Նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:
«Այս որոշման ընդունումից հետո հարկավոր կլինի տրամադրել համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչը և մենք կանենք, և արդեն 2018 թ.–ի նոյեմբերից կկարողանանք կիրառել այս նորամուծությունը», – ավելացրեց նախարարը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում