ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 2–ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում