ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր լուսադեմին Հայաստանին է մոտեցել Բարենցի ծովից եկած հզոր ցիկլոն, ինչի հետևանքով հանրապետության մարզերից շատերում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ, իսկ մայրաքաղաքում հիմնականում անձրևային եղանակ է։
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում հրապարակել է լուսանկարներ մարզերից, որտեղ երևում է, որ շրջանների զգալի մասում իսկական ձմեռ է։
Ինչպես հաղորդել էր Հայպետհիդրոմետը, նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 22–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է դրական ջերմաստիճան` +5...+7, ցերեկը` +7...+9, իսկ արդեն նոյեմբերի 23–ի գիշերը կանխատեսվում է -1...+1, ցերեկը` +3...+5։ Երևանում առաջիկա օրերին ամենացածր ջերմաստիճանը սպասվում է նոյեմբերի 26–ի գիշերը` -3...-5։–0–