ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 10-ից սկսած «Արվեստը բոլորի համար» նախագծի կրթական ծրագրերին մասնակցել է Կոտայքի ՍՕՍ Մանկական Գյուղի 36 երեխա (6-16 տ.) տարբեր տարիքային խմբերով։
«Ռոստելեկոմի» մամուլի հաղորդագրության համաձայն, խմբերին համապատասխան ընտրվել էին «Փազլ, ուրվագիծ, նկարագրություն», «Իմ տունն իմ ամրոցն է», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ», «Կռահիր նկարը» ծրագրերը (յուրաքանչյուր խումբ մասնակցել է երկու ծրագրի)։
«Ռոստելեկոմը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ 2016թ․ վերջից իրականացնում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակում կրթական ծրագրերին մասնակցում են խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող և այլ խմբերի երեխաներ։ Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։
Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։
«Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով՝ մասնագետները նախադպրոցականների և դպրոցականների համար իրականացնում են կրթական հիմական չորս ծրագիր, որոնք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը»,–նշվում է հաղորդագրության մեջ:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–