ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 12-13-ը Ծաղկաձորում կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի XIV առաջնությունը: Հայաստանում առաջին անգամ անցկացվող միջոցառմանը կմասնակցի շուրջ 400 գիտակ` աշխարհի 24 երկրներից:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում նշեց առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոըյանը, առանջությունն անցկացնելու իրավունքը Հայաստանը նվաճել է նախորդ տարի:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժումը խորը արմատներ ունի, որոնք ծագում են դեռ նախորդ դարի 80-ականներից: Հայ գիտակները պատվով հանդես են եկել ԱՊՀ երկրների և ողջ աշխարհի առաջնություններում, մասնավորապես, մեծ հաջողությունների են հասել Հարավային Կովկասի առաջնություններում: Մենք կարծում ենք, որ այս ոլորտում Հայաստանի ինտելեկտուալ ճանաչման տրամաբանական շարունակությունը մեր երկրում աշխարհի առաջնության կազմակերպումն է», - ավելացրեց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում աշխարհի առաջնության անցկացումն ունի մի քանի նպատակ, որոնցից մեկը երկրի դիրքերի ամրապնդումն է ինտելեկտուալ շարժման համաշխարհային քարտեզի վրա։
Նրա խոսքով, մրցաշարի անցկացումը Ծաղկաձորում կնպաստի Հայաստանի ճանաչելիությանը զբոսաշրջության տեսանկյունից:
«Մենք հրավիրել ենք նաև ադրբեջանական թիմերին` երաշխավորելով նրանց անվտանգությունը, չնայածբդրա կարիքը նույնիսկ չկա, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել», - ավելացրեց Աշոտյանը:
Պատասխանելով «Նովոստի-Արմենիայի» հարցին, թե, արդյոք, առաջնության անցկացման վրա չի՞ ազդի երկրի կառավարության փոփոխությունը, որն աջակցում էր այս ինտելեկտուալ խաղին, Աշոտյանը նշեց, որ առաջնությունն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:
«Վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն աջակցում էր ինտելեկտուալ շարժմանը: Ես հույս ունեմ և գրեթե համոզված եմ, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ևս այս համագործակցությունը կշարունակվի։ Մնացածը պարզ կդառնա, երբ կառավարությունը սկսի կազմել այս տարվա բյուջե։ Այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչպիսի աջակցություն հնարավոր կլինի ցուցաբերել Հայաստանի ինտելեկտուալ շարժմանը», - ասաց Աշոտյանը:
«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանն իր հերթին ասաց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցի 56 թիմ 24 երկրներից` ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներից:
Նրա խոսքով, նման խոշոր ինտելեկտուալ մրցաշար Հայաստանի տարածքում կանցկացվի առաջին անգամ: «Առաջնության շրջանակում ողջ աշխարհից Հայաստան կժամանի 400 գիտակ», - ընդգծեց Քոչարյանը` ավելացնելով, որ մասնակիցների թվում են Հայաստանի հինգ ուժեղագույն թիմերը:
Նա նշեց, որ միջոցառմանը կմասնակցեն նաև հանրաճանաչ ռուս գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Անդրեյ Կոզլովը և այլք: «Միջոցառման վերջում Միջազգային ասոցիացիան մասնակիցներին մրցանակներ կշնորհի», - ավելացրեց Քոչարյանը:
Առաջնության գործընկերներն են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», «Ռոսատոմը», Ռուսական աշխարհ» հիմնադրամը, «Ռոսգոսստրախ Արմենիան» և «Ոսկեվազ» գինու գործարանը: -0-