ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է։
«Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան», – նշել է նա։
Էդուարդ Շարմազանովը հայտնել է նաև, որ պատրաստ է ուժերի ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից:
«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին», – գրել է նա։–0–