ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանում բացվեց «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնը։
«ՌԻՈ»–ն առևտրաժամանցային կենտրոնների ռուսական ցանց է, որը ներառված է 2005 թ.–ին հիմնադրված «Տաշիր»ընկերությունների խմբում։
Ինչպես տեղեկացրեցին առևտրաժամանցային կենտրոնի մամուլի ծառայությունից, խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն. ԱՄՆ դոլար:
«ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի բացմամբ Հայաստանում կհայտնվեն առաջատար օպերատորների նոր ապրանքանիշեր, որոնք ավելի վաղ ներկայացված չէին երկրի տարածքում։
Համալիրի տարածքում տեղի է ունեցել միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդերի ներկայացումը` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործեն մոտ 80 խանութ, այդ թվում տեղական օպերատորները: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ) և Խմբի նախագիծը, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանի շուկայում` էկզոտարիումը, ընդհանուր մակերեսը 600 քառ.մ., որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն:
Առևտրի կենտրոնի երրորդ հարկում տեղակայված ֆուդքորթի գոտում գտնվում են KFC–ն և Տաշիր Պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին:
Համալիրի շենքը առանձնանում է ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին։
«ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնի ընդհանուր մակերեսը 24 հազ. քառ.մ. է։ Այն գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Երևանում առաջին խոշոր առևտրաժամանցային կենտրոնը` Dalma Garden Mall–ը, բացվել է 2012 թ.–ի հոկտեմբերին։ Այն ևս պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին։ 2014 թ.–ին Երևանում բացվեց երկրորդ խոշոր առևտրաժամանցային կենտրոնը` Yerevan Mall–ը, 2016 թ.–ի մարտի 5–ին` Rossia Mall–ը։–0–
Լուսանկարները` «Նովոստի–Արմենիա» գործակալության