ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 14.00 վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը։
Չորեքշաբթի առավոտից ցուցարարներն ամբողջությամբ փակել են օդանավակայան տանող մայրուղին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օդանավակայանի ուղևորների հաշվառման բաժնի աշխատակիցները միացել են ցույցին` նշելով, որ չեն կարողանում անտարբեր մնալ երկրում տիրող իրավիճակին:
Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–