ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական զենքի մատակարարումները շատ կարևոր են Հայաստանի համար, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն հսկայական օգնության համար, որը դուք ցուցաբերել եք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական նշանակության մի շարք արտադրանքի մատակարարման գծով։ Դրանք մեզ համար շատ կարևոր են», – ասել է Օհանյանը չորեշաբթի Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքսը։
Նրա գնահատմամբ` նման հանդիպումները հնարավորություն են տալիս զրուցել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին։ «Պետք է ասեմ, որ ձեր և ռուս զինվորականների ջանքերի շնորհիվ 2015 թվականն առանձնահատուկ էր։ Ռազմական համագործակցության բոլոր միջոցառումներն իրականացվել են», – նշել է նախարարը։
Օհանյանը նշել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև նման հագեցած ծրագիր դեռ չէր եղել»։–0–