ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, քրեական գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Դպրոցականը վրաերթի է ենթարկվել 2017թ. հուլիսի 21-ին ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին, որի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, անչափահասին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով 1991թ. ծնված երիտասարդ է:
Загружается новость ... "Лево"
Մասնավորապես, մինչդատական վարույթում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1991թ. ծնված երիտասարդը 2017թ. հուլիսի 21-ին ժամը 22:10-ի սահմաններում իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված Կապան քաղաքի բնակչուհուն, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է։ Վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:–0–