ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը:
Գերատեսչության հաղորմամբ, քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն, Երևանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Ս.-ն կատարողական վարույթի շրջանակում իրենից վերցրել է ընդհանուր 3.650 ԱՄՆ դոլար, սակայն նշված գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր վստահությանը հանձնված հիշյալ գումարը յուրացնելու եղանակով հափշտակել է:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում: -0-