ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–յան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան ձերբակալմանը։
Նախօրեին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
ՀՀ վարչապետի խոսքով, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ։
«Ես ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ: Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ յուրացրել է դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդը, կերակրել է իր արջերին, վագրերին, և այդպես շարունակ», – նշել է ՀՀ վարչապետը։
Загружается новость ... "Лево"
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է։
««Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երևանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող և ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ», – նշել է ՀՀ վարչապետն ու ավելացրել, որ չպետք է խախտվի որևէ մեկի անմեղության կանխավարկածը։
«Նրա մեղքը կապացուցի դատարանը», – ընդգծել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ իրենց նպատակը բանտերը լցնելը չէ։
«Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի պետությանը և ժողովրդին հասցրած վնասը վերականգնել, մենք կգնանք այդ վնասի վերականգնման ճանապարհով։ Այն տեղերում, որտեղ հնարավոր չի լինի վերականգնել, այդ ժամանակ կմտածենք, թե ինչ ենք անում և ինչպես», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ահեղ պայքար։
«Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անեմ. ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ բոլորը հավասար են լինելու, ուզում եմ նշել, որ ես իմ հայտարարություններին տեր եմ»,- ընդգծել է վարչապետը:–0–