ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել է տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում ներառելու Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության մտադրությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է», – նշել է Պողոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևի հայտարարությունն այն մասին, թե նրանք ՅՈւՆԵՍԿՕ–ում կներկայացնեն տոլման, քանի որ հայերն «իրենցից խլել են» լավաշը։
Պողոսյանն ավելացրել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում:
Նախարարն ընդգծել է, որ հայ ժողովուրդն ստեղծել է հարուստ մշակույթ իր ուրույն դրևորումներով` այն հարստացնելով հարևան երկրների մշակույթներով և ինքն էլ հարստացնելով այլոց, բայց երբեք ոտնձգություն չկատարելով որևէ մշակույթի նկատմամբ: Իսկ ահա հարյուր տարուց պակաս պատմություն ունեցող հարևան պետությունը փորձում է իրեն վերագրել բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդների ավանդույթները, պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ձեռքբերումները: Դա վերաբերում է նաև միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականությանը և ձեռնարկված քայլերին:
«Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով», – նշել է Պողոսյանը։
«Մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, և երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության», – ընդգծել է մշակույթի նախարարն ու ավելացրել, որ հայ ժողովուրդն այս հարցում ունի իր հիմնավոր նկատառումները, դիտարկումներն ու պատմական փաստերը:
«Բայց մենք ամենևին մտադրություն չունենք քննարկումներ ու վեճեր ծավալել հարևան ժողովուրդների արժեքների հաշվին ինքնահաստատման նպատակ հետապնդող մի գործընթացի շուրջ, որն իր տեսակով ոչ նոր է, ոչ էլ արդյունավետ: Այժմ Բաքվի իշխանությունները հերթական անհիմն և անհեթեթ քայլն են կատարում` փորձելով տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրև «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր», – ավելացրել է Պողոսյանը։
Նրա խոսքով` «թյուրքեր» տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խումբ, որի մեջ են ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները և այլ ազգեր։
«Եթե անգամ տոլման տարածված լինի այս բոլոր ազգերի շրջանում, չպետք է մոռանալ նաև արաբական, բալկանյան, սլավոնական աշխարհը, և, ի վերջո, հայկական ավանդույթները: Մեր հարևան պետությունն այսօր քաղաքականացնում և վեճի առարկա է դարձնում գրեթե ամեն ինչ, չգիտակցելով, որ մշակույթն առհասարակ ստեղծվում ու զարգանում է հանուն քաղաքակրթության և խաղաղության: Իսկ խաղաղությունը մարդկության ամենաթանկ արժեքն է», – եզրափակել է Պողոսյանը։ –0–