ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի, հաղորդում է
hayernaysor.am–ը, որը ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականն է։
Բանաձևը խորհրդարանի օրակարգ է ներառվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից` Դանիայի հայ համայնքի ջանքերով:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:
Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ փորձելով ներկայացնել, թե իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-