ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Դրա համար կան հնարավորություններ։ Այսօր բոլորն ուզում են աշխատել, արժանապատվորեն գալ տուն և նայել երեխաների, կանանց և ծնողների աչքերին։ Տարբեր երկրներում ավելի վատ իրավիճակներ են եղել, սակայն համախմբված, միասնական կառավարմամբ ամեն ինչ աստիճանաբար ուղղվում է», – ասաց նա երեքշաբթի Աբովյան քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Ծառուկյանը նշեց, որ Հայաստանում կան խնդիրներ բոլոր ոլորտներում. «որքան ոլորտ կա, այդքան էլ խնդիր»։
«Այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Խնդիրները լուծելու համար պետք է ընդունվեն օրենքներ։ Այսօր ցանկացած երկրում տնտեսության կմախքը փոքր և միջին բիզնեսն է, որը կազմում է ցանկացած եվրոպական երկրների տնտեսության 50%–ը, 60%–ը, 70%–ը», – նշեց ԲՀԿ առաջնորդը։
Նա նաև նշեց, որ չի կարելի պետական բյուջեն կառուցել ՓՄՁ–ի հաշվին` առաջարկելով նվազեցնել հարկային բեռը ճգնաժամային ժամանակաշրջանում։
«Հարկավոր են ներդրումներ, սակայն մենք չպետք է խնդրենք ներդրողներին գումար ներդնել, այլ պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք իրենք խնդրեն ներդրումներ կատարել», – հայտարարեց Ծառուկյանը։–0–