ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններից հետո Հայաստան ավելի շատ ներդրումներ ներգրավելու մտադրության մասին, քան ավելի վաղ խոստացել էր ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, հայտնում է «Ժամանակ» թերթը:
«Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման և իշխանությունը վերցնելու, թե՞ իրականությունը մամուլի այն հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի ձայների լիմիտի հարցում, որից այն կողմ ձայները գումարվելու են, այսպես ասած, ՀՀԿ-ի հաշվին:
Այս հարցն անկասկած դարձել է առաջիկա ընտրության առանցքային հարցը: Հարցն առավել սրվել է այն բանից հետո, երբ Ծառուկյանը նախօրեին հայտարարել է, որ իր գործընկերները կարող են 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում», - գրում է թերթը:
Գրառման մեջ նշվում է, որ Ծառուկյանի այս հայտարարությունը անկասկած պատասխանն է Հայաստանում ստեղծված ներդրողների ակումբի մասին՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը անկասկած նախընտրական աջակցությունն է Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին:
Ներդրումային այդ ակումբի ստեղծման ընթացքում հայտարարված թիվ չկար, թեև մինչ այդ Կարեն Կարապետյանը խոսել է 3,2 միլիարդ ներդրումների հաստատված ծրագրերի և ևս 5 միլիարդի վերաբերյալ քննարկումների մասին:
«Արդյոք այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը պնդելու է իր հաղթանակը, թե՞ Ծառուկյանը այսպիսով նահանջի ճանապարհ է պատրաստում», - գրում է հոդվածի հեղինակը:
Այն, որ Հայաստանի համար ներդրումները կենսական անհրաժեշտություն են դարձել, կասկածից վեր է, սակայն հատկանշական է այն, որ ներդրումները դարձել են ներկայումս ընդամենը իշխանության համար պայքարի գործիք:
«Մի կողմից՝ թվում է, որ իշխանության համար պայքարում երկու բևեռները փորձում են հանրության համակրանքը շահել՝ ավելի շատ ներդրումներ խոստանալով: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե հանգուցալուծումից հետո ո՞րն է լինելու պատասխանատվության մեխանիզմը», - նշում է պարբերականը: -0-