ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքով, ողջ տարվա ընթացքում միջազգային մեդիահարթակներում կանցկացվեն միջոցառումներ տեղեկատվության տրամադրման նպատակով, որը կբացահայտի ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծարարությունները։ Մասնավորապես, ուրբաթ տեղի է ունեցել «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի ողբերգությունը`ականատեսների վկայությամբ» ժողովածուի շնորհանդեսը։
Գրիգորյանի խոսքով, հունվարի 20–ը Ադրբեջանը նշում է որպես իրենց համար ողբերգական օր, երբ սովետական զորքերը մտան Բաքու:
Նրա խոսքով, այն աղմուկը, որ 27 տարվա ընթացքում ամեն հունվարի 20-ին բարձրացնում են ադրբեջանցիները, այն նպատակով է, որպեսզի լռության մատնեն, փորձեն մոռացության մատնել այն ահավոր իրադարձությունները, որ տեղի ունեցան Բաքվում 1990 թվականի հունվարի 13-19-ը:
«Մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում սպանում, տանջամահ էին անում, կողոպտում էին, ողջ-ողջ այրում էին, բռնաբարում էին, բռնի տեղահանում էին հայերին: Սակայն Բաքվում մոռանում են մեկ բան, որ ողջ են այդ իրադարձությունների ականատեսները, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անցել են այդ դժոխքի միջով, տեսել են այդ ամենը, կորցրել են իրենց հարազատներին, ունեցվածքը»,- ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Մենք փորձեցինք լրացնել այդ բացն ականատեսների վկայություններով «Սովորական ցեղասպանություն» մեր նախագծի շրջանակում: Նախաձեռնեցինք «Մեկ դար տևող ցեղասպանություն» նախագիծը, որի շրջանակում լսել ու տեսագրել ենք վկաների, ականատեսների բոլոր պատմածները, հիշողությունները՝ որպես Բաքվում կատարված ցեղասպանության վառ ապացույց», – ընդգծեց Գրիգորյանը։
Նա ավելացրեց, որ այդ նպատակով նրանք մեկնել են ԱՄՆ, ուր 1990-ական թվականներին Բաքվի շուրջ 60 հազար հայ էր տեղափոխվել հատուկ պետական ծրագրով:
«Տեսագրել ենք Բաքվի 150 հայի: Արդյունքում ունենք «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել է 2015 թվականին, դարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մի մասը։ Այսօր մենք ներկայացնում ենք ժողովածու, որը ստեղծվել է Բաքվի հայերի հետ իրականացված հարցազրույցների հիման վրա։ Այստեղ ներկայացված է շուրջ 50 վկայություն», – նշեց Գրիգորյանը։
Նա ավելացրեց, որ մինչև հիմա հայտնի չէ, թե կոնկրետ որքան հայ է սպանվել 1990 թ.–ին Բաքվում։ Ենթադրվում է, որ այդ թիվը հասնում է 500–600–ի։
«Արդեն պատրաստվում է այս ժողովածուի երկրորդ մասը, որտեղ կներկայացվեն շուրջ 60 վկաների հիշողությունները», – ընդգծեց Գրիգորյանը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն իր հերթին ավելացրեց, որ հայերը, ովքեր լուրջ ներդրում են կատարել Բաքվի կառուցման գործում, այդ քաղաքում ենթարկվել են ցեղասպանության ամենաքիչը երեք անգամ` 1905, 1918 և 1990 թթ.–ին։
«Այդ ամենը հետևողական քաղաքականության հետևանք էր։ Ցավոք, հարկ է նշել, որ հետազոտողներն ու ԶԼՄ–ներն ավելի վաղ լուրջ ուշադրություն չեն դարձրել Բաքվի հայկական ջարդերին, հիմա, տարիներ անց, մենք ունենանք այնքան վկայություններ, որ կարելի է խոսել վավերագրական նյութերի ստեղծման մասին, որոնք լուրջ հիմք կդառնան հակահայկական քաղաքականության քողազերծման համար», – նշեց քաղաքագետը։
Նա նաև ընդգծեց, որ այս աշխատանքը կօգնի նաև հիմնվել կոնկրետ փաստերի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։–0–