ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաղը դուրս կբերվի երկրպագության համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին երկրպագության համար դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Ս.Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ Երեկոյան ժամերգության ավարտը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում պարբերաբար անցկացվում են բողոքի ցույցեր Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Ուրբաթ կայացած հերթական ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը հայտարարել է, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն` Կաթողիկոսարանում ոչ միայն վաճառել են թանգարանային ցուցանմուշների ու հայ կաթողիկոսների հանդերձանքի վրա առկա թանկարժեք քարերի մի մասը, այլև վաճառել են Սուրբ Գեղարդի մի մասը։ Սակայն հետագայում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Գեղարդի մասնիկներից մեկը չի վաճառվել, այլ նվիրաբերվել է ռուս քաղաքապետներից մեկին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն իր հերթին հայտարարեց, որ այդ տեղեկությունները կեղծ են։
Загружается новость ... "Лево"
Սուրբ գեղարդը տեգ է, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։
Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։Առաջին դարի սկզբին առաքյալ Թադեոսը գեղարդը տեղափոխել է Հայաստան։ XII դարից այն պահվել է Այրիվանքում, որն այնուհետև վերանվանվել է Գեղարդավանք։ Միջնադարում արշավանքների հետ կապված սպառնալիքների պատճառով գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը։
Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։–0–