ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակի թեկնածու, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ պատրաստ է «բուժել պատգամավորներին»։
«Չեմ պատկերացնում, որ ինչ–որ բան կփոխվի, պետք է աշխատեմ հիմա այս բնագավառում։ Պատասխանատվությունս ավելի մեծացավ։ Հուսով եմ՝ կանեմ այն, ինչ ինձանից սպասում է իմ ժողովուրդը», – հինգշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Բաբլոյանը։
Միաժամանակ նա կատակով խոստացավ, որ բուժելու է «չարաճճի» պատգամավորներին։
«Դուք գիտեք` ես մանկաբույժ եմ և չարաճճի երեխաների հետ հաճույքով աշխատել եմ», – նշեց Բաբլոյանը։
Պատասխանելով այն հարցին, թե պատգամավորների կողմից հիվանդության մասին կեղծ տեղեկանքի ներկայացման դեպքում նա որպես բժիշկ կհետազոտի՞ նրանց` Բաբլոյանը նշեց, որ ամոթանք կտա նրանց։
«Կլինեմ հետևողական, ինչպես կյանքում եմ», – ասաց Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ Բաբլոյանն ավելի վաղ զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, ՀՀ ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ղեկավարել է «Արաբկիր» ԲԿ–ն։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում