ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ադրբեջանին է փոխանցվել օրերս միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: –0–