ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է ներկայացրել այն հարցի շուրջ, որ մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին։
Նոյեմբերի 2–ի ցերեկը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Facebook–յան իր էջում գրել էր, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին, սակայն մի քանի ժամ անց ջնջել էր իր այդ գրառումը։
«Այսպես, ինչպես գիտենք Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակվել են սույն թվականի դեկտեմբերի 9-ին (կիրակի)։ Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ», – նշել է Բաբայանը Facebook–յան իր էջում։
Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով (ձևավորվում է մեծամասնություն), բացակայում են Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր այն առիթները, որոնք հիմք են հանդիսանալու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հետաձգելուն, ապա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, քանի որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։
«Ընտրության օր՝ դեկ.9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտ.16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկ.17, երկրորդ երկուշաբթին՝ դեկ.24», – պարզաբանել է Բաբայանը։
Նա նաև հիշեցրել է, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ։
«Այս փուլում խոսել նոր ԱԺ-ի առաջին նիստի օրվա մասին վաղ է և անօգուտ։ Իսկ սա գրեցի այն պատճառով, որ արդեն նկատվում են ոչ ճիշտ տեղեկություններ պարունակող հրապարակումներ», – պարզաբանել է Բաբայանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ: -0-