ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա:
Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ:
Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և մաղթել նորանոր հաջողություններ:
Նախորդ անգամ ՃԿՊԱ-ի դասախոսը ճկույթով
տեղաշարժել էր 33 տոննա կշռով մետրոյի վագոնը: Առաջիկայում Գինեսի, Դյուցազնագրքի և միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի ռեկորդակիրը պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ՝ ճկույթով տեղաշարժել ուղղաթիռ:–0–