ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։ Ակնհայտ է, որ գլխավոր թիրախ էր ոչ թե ինքը` բլոգերը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած պոտենցիալ հյուր, ում պետք է վախեցներ Լապշինի բացասական նախադեպը։
Սակայն հակառակ էֆեկտ ստացվեց։ Այսօրվա մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով տվյալ իրավիճակը, հայտնել է, որ Ռուսաստանը դեմ է անհատների կողմից ինչ–որ վայրեր այցելելու քրեականացմանը։ Այսպիսով, սահմանվել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ լրագրողների, երաժիշտների, բլոգերների, զբոսաշրջիկների, շարքային քաղաքացիների այցելությունն Արցախ նորմալ և օրինական պրակտիկա է։
Մինչ օրս մեկնումների իրավականության թեման ուղղակիորեն չի քննարկվել։ Ռուսաստանյան իշխանությունները որևէ հարց չունեին իրենց քաղաքացիների նկատմամբ Արցախ այցելելու վերաբերյալ։ Բացառություն է կազմել միայն Գերման Ստերլիգովին ոստիկանություն հրավիրելը ԼՂՀ–ից վերադառնալուց հետո պարզաբանումներ տալու համար։
Բայց դա միայն անհրաժեշտ ձևականություն էր։ Ռուսական իրավապահ մարմիններն ադրբեջանցի գործընկերներից պաշտոնական հայտ էին ստացել և ըստ օրենքի չէին կարող այն անտեսել։ Ինչպես հայտնի է, կարճ թեթև զրույցից հետո հարցը փակվել էր։
Իսկ այժմ ռուսական ԱԳՆ–ի ղեկավարը հստակ ձևակերպեց հանգիստ վերաբերմունքը ռուսաստանցիների` Արցախ մեկնելու նկատմամբ։ Լապշինի արտահանձնման վերաբերյալ դիրքորոշումը նույնպես հստակ էր` Ռուսաստանը դեմ է։
Ստացվում է, որ Ադրբեջանն ինքն է իր գործողություններով ստիպել Ռուսաստանին սահմանել այն դիրքորոշումը, որը տհաճ է Բաքվին։ Լապշինի կալանավորման հայտը, Ռուսաստանի մեջքի հետևում Բելառուսի ղեկավարության հետ այդ իրավիճակի շուրջ գործողությունների ակնհայտ համկարգումը չէին կարող արդարացված բորբոքում չառաջացնել։ Ռուս քաղաքացու իրավունքների մանիպուլյացիաները բոլորովին բարեկամական քայլ չեն։
Մոսկվայի համար այս իրավիճակը կրկնակի ցավոտ է, քանի որ ռուս դիվանագետներն առանց այն էլ բազմիցս աչք են փակել Ադրբեջանի սադրանքներին` միաժամանակ վատամարդ դառնալով հայ ռազմավարական դաշնակիցների համար։ Պետք չէ մոռանալ նաև հարձակողական ծանր զինատեսակների մատակարարման սկանդալային պայմանագիրը, ինչպես նաև Դաղստանի հյուսիսային տարածքների հանձնումն Ադրբեջանին։
Մոսկվայի կողմից Ալիևին արվող զիջումները վերադառնում են ռուս քաղաքացիների կալանավորումների, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ–ի հետ սահմաններում սադրանքների տեսքով։
Ադրբեջանցի լրագրողի` Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, հակաահաբեկչական օպերացիային Մոսկվայի հավանական արձագանքի վերաբերյալ հարցին Սերգեյ Լավրովի պատասխանի ինտոնացիայից զգացվում էր, որ ռուսական դիվանագիտության համբերությունը հատում է։
«Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործը չէ»,– հնչեց մի պատասխան, որը համապատասխանում է ոչ միայն Մոսկվայի, այլ նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը։
Վերջին ամսում Բաքուն շատ է զայրացրել ռուսական ղեկավարությանը` շարունակելով բացասական արձագանքի առիթները մեկը մյուս հետևից։ Չափի զգացումը բացակայությունը բոլոր ժամանակներում արժեզրկել է բազմաթիվ անձնական արժանիքներ։ -0-
Դենիս Դվորնիկով, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում