482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերության» Ռիգայի ձախողումը
17:34
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիգայում ավարտվեց «Արևելյան գործընկերության» 4–րդ գագաթնաժողովը։ Ինչպես կանխատեսվում էր, գագաթնաժողովն ավարտվեց առանց լուրջ արդյունքների և առաջացրեց բազմաթիվ հարցեր նախագծի ապագայի մասին։

Ղրիմի հարցը

Եթե Վիլնյուսում կայացած նախորդ գագաթնաժողովն անցել էր հետխորհրդային տարածքում ազդեցության համար Ռուսաստանի և ԵՄ–ի միջև թաքնված դիմադրության մթնոլորտում, ապա Ռիգայում բարձր մակարդակի հանդիպումները տեղի ունեցան Արևմուտքի և Ռուսաստանի միջև հրապարակային առճակատման ֆոնին։ Բացի այդ, Վիլնյուսում կայացած գագաթնաժողովը և դրան հետևած Կիևի  Մայդանը սահմանեցին «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ընտրեցին ուղղվածություն դեպի Արևմուտք, Հայաստանն ու Բելառուսը դարձան մրցակից ինտեգրացիոն նախագծի` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամներ, իսկ Ադրբեջանը սպասողական դիրք ընտրեց։

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հրապարակային առճակատման պայմաններում գագաթնաժողովին էական տեղ զբաղեցրեց ուկրաինական թեման։ Գագաթնաժողովի արդեն իսկ առաջին օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, եթե այնտեղ մնա Ղրիմի «անօրինական բռնակցման» մասին ձևակերպումը։

Արդյունքում, ինչպես ակնկալվում էր, մշակվեց փոխզիջումային տեքստ։ Հռչակագրում մնաց «Ղրիմի բռնակցում» ձևակերպումը, սակայն, ըստ փաստաթղթի, դրան դեմ են հանդես գալիս միայն ԵՄ երկրները։ «ԵՄ–ն կրկին հաստատում է իր դիրքորոշումները, որոնք հայտնել է ապրիլի 27–ին կայացած ԵՄ–Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ։ Դրանք վերաբերում են Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցմանը։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց դիրքորոշումները` ՄԱԿ–ի ԳՎ–ի 68/262 բանաձևին համաձայն, որը վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։

Այն ժամանակ ՀԱՊԿ–ում և ԵՏՄ–ում Ռուսաստանի բոլոր դաշնակիցներից միայն Հայաստանն ու Բելառուսը դեմ քվեարկեցին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որտեղ Ղրիմում կազմակերպված հանրաքվեն անօրինական էր ճանաչվել։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ այս հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված էր ինչպես իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի աջակցությամբ, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթության ավանդական աջակցությամբ` ի դեմս միջազգային իրավունքի մեկ այլ սկզբունքի` տարածքային ամբողջականության։

Բաքուն դժգոհ է գագաթնաժողովի հռչակագրից

Գագաթնաժողովի շրջանակում մեկ այլ սկանդալ էր այն, որ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել եզրափակիչ հռչակագիրը, քանի որ դժգոհ էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից։ Եվրախորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո միայն ադրբեջանական պատվիրակությունը համաձայնեց ստորագրել փաստաթուղթը։ Միաժամանակ հայտարարվեց, որ Ադրբեջանն իր հատուկ դիրքորոշումը կհայտնի հռչակագրի հարցում, որտեղ կներկայացվեն երկրի բոլոր պահանջները։

Հռչակագրում նշվում էր, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմ են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, ամբողջությամբ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, այդ թվում` 2009 թ.–ից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ բանակցությունների ձևաչափին։

ԵՄ–ի հետ համագործակցության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ չէ։ Ռիգայի գագաթնաժողովին չեն մասնակցել միայն Ադրբեջանն ու Բելառուսը։ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունն ավելի հասկանալի է, չնայած Արևմուտքի և Բելառուսի առաջնորդի հարաբերություններում գրանցված որոշակի ջերմությանը, Դոնբասում հակամարտության հարցում Լուկաշենկոյի ջանքերի շնորհիվ նա շարունակում է մնալ ԵՄ–ի «սև ցուցակում»։

Իլհամ Ալիևեի դեպքում պատճառներն այլ էին։ Պաշտոնական վարկածի համաձայն` գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը պայմանավորված էր ադրբեջանցի նախագահի խիտ գրաֆիկով։ Սակայն, ինչպես հայտնեց АПА լրատվական գործակալությունը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, Ալիևի հրաժարվելը Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելուց ադրբեջանական իշխանությունների հասցեին իբր Եվրոպայից ՈԿԿ–ների ազատությունների և քաղաքացիական իրավունքների խախտման պատճառով հնչած քննադատությունների պատասխանն էր։

Ի պատասխան Բաքուն առաջարկում է Բրյուսելին և Վաշինգտոնին յուրօրինակ փոխանակում` փակել աչքերը ժողովրդավարության խնդիրների և խստացումների վրա` հանուն Ադրբեջանի էներգառեսուրսների և տարանցիկ հնարավորությունների։ Եվ դատելով ադրբեջանական իշխանությունների գործողություններին ԵՄ–ի և ԱՄՆ–ի մեղմ արձագանքից, օրինակ` բոլոր անկախ ԶԼՄ–ների փակումը (նույնիսկ «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակը) և արևմտյան ՈԿԿ–ների գործունեության արգելքը, նրանք համաձայն են այդ փոխանակմանը։ Պատահական չէ, որ եվրապաշտոնյաների և ադրբեջանական իշխանությունների բանակցությունների գլխավոր թեման գագաթնաժողովում Ադրբեջանի մասնակցությունն է «Հարավային գազային միջանցքին», որը կոչված է թուլացնել ԵՄ–ի կախվածությունը ռուսական գազից։

Եվրոպան հարգում է Հայաստանի ընտրությունը

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը Ռիգայի գագաթնաժողովին, ապա թեև չի ստորագրվել որևէ լուրջ փաստաթուղթ (գրեթե ոչ ոքի հետ մասնակիցներից), ընդհանուր առմամբ այն կարելի է դրական գնահատել։ Եվրոպական և ԵՄ պետությունների առաջնորդների հետ Հայաստանի նախագահի հանդիպումների ընթացքում եվրոպական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ հարգում է Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ–ի հետ ինտենսիվ բանակցություններից,  Ռուսաստանի և ԵՏՄ–ի հետ ավելի սերտ տնտեսական գործակցության, նրա ձգտումը` կամուրջներ կառուցել ԵՏՄ–ի և Եվրամիության հետ։ 

Հայաստանի ղեկավարությունը միաժամանակ բազմիցս հստակ իր դիրքորոշումն արտահայտել է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում ԵՄ–ի հետ գործակցության շուրջ։ Խոսքը Եվրամիության հետ գործակցությունն առավելագույնս զարգացնելու պատրաստակամության մասին է, այն պայմանով, որ դա չի հակասի ԵՏՄ–ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին։

«Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ: Միաժամանակ, Հայաստանը կարևորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը և «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը: Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել»,- Ռիգայում իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը։

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն իր հերթին գագաթնաժողովի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ Եվրամիությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների շուրջ, հարկավոր է քայլ առաջ անել Բելառուսի հետ փոխգործակցությունը խորացնելու համար։

Խոստումներ քայլերի փոխարեն

Ռիգայի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքն Եվրամիության կողմից «Արևելյան գործընկերության» երկրներին օգնելուն ոչ պատրաստ լինելու ցուցադրությունն է։ Նույնիսկ նախորդ տարի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, ոչ ապագայում ԵՄ-ին միանալու, ոչ էլ ինչ–որ ֆինանսական օգնության խոստում չեն ստացել։

«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության ընդլայնման գործիք չէ, այլ Եվրամիության հետ մերձեցման գործիք։ Այդ առանցքում էլ մենք այսօր կշարունակենք բանակցությունները»,– ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը։

Կիևն ու Թբիլիսին հույս ունեին, որ եվրոպացիները կհամաձայնեն գոնե առանց արտոնագրի ռեժիմի գաղափարին։ Սակայն նրանք աշխատանքային միգրանտների հոսքի վերաբերյալ մտահոգությունների պատճառով չեն գնացել այդ քայլին։ Այդ կապակցությամբ կարելի է հիշել, որ անընդհատ հետաձգվում է Շենգենյան գոտի մտնելը նույնիսկ ԵՄ անդամներ Ռումինիայի և Բուլղարիայի համար, էլ ինչ ասես հետխորհրդային երկրների մասին։

Միայն Մոլդովան (որի քաղաքացիների մեծ մասն ունի ռումինական անձնագրեր) նախորդ տարի Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ են ստացել։ Սակայն ԵՄ երկրներ ճանապարհորդելու համար, բացի կենսաչափական արտասահմանյան անձնագրի առկայությունից, պահանջվում է լրացուցիչ փաստաթղթերի հսկայական ցուցակ` գործնականում բոլոր փաստաթղթերը, որոնք նախկինում պահանջվել են վիզա ստանալու համար։

Ռիգայի գագաթնաժողովը գործնականում հաստատել է եվրոպացի վատատեսների մտահոգությունները` ԵՄ–ն պատրաստ չէ օգնել «Արևելյան գործընկերության» երկրներին, ինչը նրանից ֆինանսական մեծ ներդրումներ և Արևելքից էժան աշխատուժի համար իր աշխատաշուկան է պահանջում (դա հաստատ դուր չի գա եվրոպացի ընտրողներին), ի վիճակի չէ (նույնիսկ ԱՄՆ–ի օգնությամբ) որոշել տարածաշրջանի տարածքային խնդիրները և նախագծի անդամ երկրների անվտանգության խնդիրները։

ԵՄ–ն պարզապես պատրաստ է իրական օգնության փոխարեն շարունակել դատարկ խոստումներ տալ։ Իսկ իրականությանն այդ խոստումների համապատասխանության մասին ամենից լավ կարող են պատմել ուկրաինացիները, որոնց եվրաինտեգրման կողմնակիցները և արևմտյան հանձնակատարները շռայլ խոստումներ էին տալիս Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Իրականում պարզվեց, որ «Արևելյան գործընկերության» երկրներն Արևմուտքի գործըկերները չեն, այլ Ռուսաստանի դեմ պայքարի և սեփական շահերի սպասարկման դաշտ և գործիք։ ԵՄ–ին դրանք պետք են որպես սեփական ապրանքների իրացման շուկա, ինչը սկզբունքորեն չեն թաքցնում Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրի (DCFTA) անհավասար պայմանները, իսկ ԱՄՆ–ի համար ավելի կարևոր է քաղաքական կողմը` այդ երկրներին ռուսական ինտեգրացիոն նախագծերին մասնակցելը թույլ չտալը։

Կարելի է ենթադրել, որ գագաթնաժողովի արդյունքը կլինի «Արևելյան գործընկերության» երկրների, մասնավորապես, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հասարակությունների կողմից արևմտամետ վեկտորից ուժեղ հիասթափությունը։ Եվ եթե Ուկրաինայում Դոնբասի և Ղրիմի իրադարձությունների պատճառով` ի դեմ Ռուսաստանի թշնամու կերպարի ստեղծման հաշվին դեռ հնարավոր է ռուսամետ շեղվածություն թույլ չտալը հասարակական կարծիքում, ապա այլ երկրներում դա դժվար կլինի անել։

Այնտեղ նաև մինչև Ռիգայի գագաթնաժողովը դիտվում է ռուսամետ տրամադրությունների աճ, որոնք այժմ լրացուցիչ ազդակ կստանան։ Դրա վկայություն են Վրաստանում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով անցկացված վերջին հետազոտության արդյունքները։ Եթե նախորդ տարի հարցվածների միայն 16 տոկոսն էր կողմ Եվրասիական միությանն անդամակցելուն, ապա այս տարի այդ ցուցանիշն աճել է մինչև 31 տոկոս։ -0-

Հայկ Խալաթյան,  հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: