484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական պատերազմ. Հայաստանի հերոսները
16:00
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հաղթանակի 70–ամյակի տարում բազմաթիվ վեճեր, բանավեճեր են ընթանում Հայրենական պատերազմի պատմության շուրջ, ընդ որում` ամենատարբեր մակարդակներում։ Հարկ է նշել, որ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդների մոտ Հայրենական պատերազմում տարած հաղթանակն ընկալվում է որպես ХХ դարի ամենանշանակալից իրադարձություն։ Միաժամանակ ամենուր չափազանց մեծ է հետաքրքրությունն այն ներդրման նկատմամբ, որը կատարել են ԽՍՀՄ տարբեր ազգության ներկայացուցիչները հաղթանակին հասնելու համար։

Այս հետաքրքրությունը բավարարելու լավագույն աղբյուրը պահպանված փաստաթղթերն են։ Եվ դրանք քիչ չեն։ Այս հոդվածում օգտագործված են ՌԴ ՊՆ պետական արխիվի (Պոդոլսկ), Կինոյի և ֆոտոփաստաթղթերի ռուսական պետական արխիվի (Կրասնոգորսկ), ՌԴ ՊՆ–ի «Ժողովրդի հերոսություն» կայքի նյութերը, ինչպես նաև հետևյալ գրքերը` Հարությունյան Կ.Ա., Պողոսյան Հ.Ր., «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեջ» Մ. 2010, Վոժակին Մ.Գ., Ռուսանով Վ. Յու. և այլն։ «Հայրենական պատերազմ. Բանակի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» Մ. 2005, Վոժակին Մ.Գ., Ռուսանով Վ. Յու., «Հայրենական պատերազմ. Կորպուսի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» հատոր 1–2 Մ. 2006, Վվեդենսկի Բ.Ա., Ցապաև Դ.Ա և ուրիշներ, «Հայրենական պատերազմ. Դիվիզիայի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» հատոր 1–5 Մ., 2011–2014։

Մոտավորապես ամեն երկրորդը չի վերադարձել

Հերոսական հայ ժողովուրդը դարեր շարունակ արյունակցական և հոգևոր կապերով կապված է ռուս ժողովրդի, ռուսական պատմության հետ։ Հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի շարքեր է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, ովքեր տոկոսային հարաբերակցությամբ կրել են ամենամեծ կորուստը։ Մոտավորապես ամեն երկրորդ հայը չի վերադարձել մարտի դաշտից։

Ռազմական սխրագործության համար ավելի քան 70 հազար հայեր արժանացել են բարձր պետական մրցանակների, այդ թվում` Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Ճշտված տվյալներով` պատերազմի տարիներին այդ կոչմանն է արժանացել 104 հայազգի խորհրդային մարտիկ, որոնցից 38–ը` հետմահու։ Խորհրդային Միության հերոսների թվում են եղել ճակատի հրամանատար, բանակի գեներալ Ի. Բաղրամյանը (բոլոր զինվորական կոչումները շնորհվել են պատերազմի ավարտից հետո. խմբագրություն), հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ս.Ս. Մարտիրոսյանը, տանկային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ա. Հ. Բաբաջանյանը, հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Գ Բաբայանը, Բ. Ա. Վլադիմիրովը, Ա. Ա. Ղազարյանը, Ա. Գ Կարապետյանը, հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գ. Կ. Բաղյանը, տանկային գումարտակի հրամանատար, կապիտան Ա. Վ. Ղազարյանը, ավիացիոն գնդի հրամանատարի օգնական, կապիտան Ա. Բ. Մանուկյանը, ավիացիոն էսկադրիլիայի շտուրման, մայոր Ա. Դ. Կասպարովը, հրաձգային գումարտակի կազմակերպիչ, լեյտենանտ Ֆ. Ի. Սարկիսովը, հրետանային գնդի հրամանատար, կապիտան Կ. Ա. Նազարովը (Նազարյան), ականանետ
ային գնդի հրամանատար, լեյտենանտ Գ. Բ. Վարտումյանը, տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Ա. Ամատունին, ավտոմատավորների առանձին դասակի հրամանատար, ավագ սերժանտ Ա. Ռ. Մկրտչյանը, կապի դասակի հեռախոսավար, եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանը, գվարդիայի հրաձիգ–ավտոմատավոր, կարմիրբանակային Ս. Ս. Չիլինգարյանը և շատ այլ հերոսներ։

Պատերազմի տարիներին Խորհրդային Միության կրկնակի հերոս է դարձել հայտնի խորհրդային ռազմիկ, Բալթյան նավատորմի Թեոդոսիայի 47–րդ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, փոխգնդապետ Ն. Գ. Ստեփանյանը։

Բացի այդ, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետ, որոնց թվում են հրանոթային անձնակազմի հրամանատար, ավագ սերժանտ Վ. Կ. Աբրահամյանը, ավտոմատավորների ստորաբաժանման հրամանատար, ավագ Ն. Ա. Ավետիսյանը, գվարդիայի ականանետային վաշտի հրամանատար, սերժանտ Գ. Ա. Գրիգորյանը, գվարդիայի ավտոմատավորների ստորաբաժանման հրամանատար, սերժանտ Վ. Ա. Դալաքյանը, գվարդիայի հրանոթային անձնակազմի հրամանատար, եֆրեյտոր Գ. Ա. Մելիքսեթյանը, սակրավորների վաշտի ստորաբաժանման հրամանատար, կրտսեր սերժանտ Պ. Ս. Օսկայանը, գվարդիայի տանկային վաշտի ստորաբաժանման հրամանատար, սերժանտ. Ս. Բ. Ստեփանյանը, առանձին հետախուզական վաշտի հետախույզ, եֆրեյտոր Ա. Վ. Շուշանյանը և այլ հերոսներ։

Հետաքրքիր է, որ Հայրենական պատերազմի սկզբում Կարմիր բանակի կազմում ստեղծվել էին ազգային զորամասեր, որոնց թվում` 5 հայկական դիվիզիա։ Ընդ որում` դրանցից երեքը ռազմաճակատում պատերազմելու ընթացքում մնում էին հենց ազգային զորամիավորումներ, մասնավորապես` 89–րդ թամանյանական հրաձգային դիվիզիան (1941–1945), որը գլխավորել են գնդապետեր Ս. Ֆ. Զաքյանը (1941–1942), Ա. Ա. Սարգսյանը (1942), Ա. Ա. Վասիլյանը (1942–1943) և գեներալ–մայոր Ն. Գ. Սաֆարյանը (1943–1945), երկրորդ ձևավորման 261–րդ հրաձգային դիվիզիան (1942–1945), որը ղեկավարել է գնդապետեր Բ. Ս. Միտոյանը (1943) և Ն. Պ. Բալոյանը (1943–1945) և երկրորդ ձևավորման 390–րդ հրաձգային դիվիզիան, որը գլխավորել են գնդապետեր Ս. Գ. Զաքյանը (1941–1942) և Ա. Գ. Բաբայանը (1942)։

Սակայն, անխոս, էթնիկ հայերի մեծ մասը պատերազմել է այլ զորամասերի և զորամիավորումների կազմում տարբեր պաշտոններում և տարբեր կոչումներում`սկսած շարքային հետևակայինից, տանկիստից կամ նավաստուց մինչև ռազմաճակատի հրամանատար։

Կարմիր բանակի բարձրագույն և ավագ հրամանատարական կազմի վերլուծությունը ցույց է տվել, որ հենց էթնիկ հայերն են ընդգրկվել խորհրդային գեներալական կազմի ազգությունների հիմքում։

Խորհրդային գեներալների այս կոհորտայում ամենանշանակալից անձը բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանն է  (1897-1982), ով ռազմական ճանապարհն անցել է Հարավ–արևմտյան ռազմաճակատի պետի տեղակալից և շտաբի տեղակալից (1941-1942)  և Արևմտյան ռազմաճակատի համազորային բանակի հրամանատարից (1942-1943) մինչև Առաջին մերձբալթյան և երրորդ բելառուսական ռազմաճակատների զորքերի հրամանատար (1943-1945), ակտիվորեն մասնակցել է Բելառուսի, Մերձբալթիկայի և Արևելյան Պրուսիայի տարածքում անցկացված ջախջախիչ մարտերին։

Սակայն հայ հերոսների շրջանում եղել են նաև այլ հռչակավոր խորհրդային զորահրամանատարներ, ծովակալներ.

1) Հովհաննես (Իվան) Իսակով (1894-1967),  Սովետական Միության նավատորմի ծովակալ է։ Սովետական Միության հերոս է (մայիսի 7 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։

2) Սերգեյ Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Խանփերյանց (1902– 1950) Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)։

Բացի այդ, էթնիկ հայերի թվում քիչ չեն եղել նաև ռազմավարական (ճակատային) և օպերատիվ (բանակային) օղակի զորապետերը`

1) Սերգեյ Գալաջև (1902–1954): 1920թ.-ից ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել քաղաքացիական պատերազմին, կռվել Վրանգելի և Մախնոյի դեմ:  1940թ. նշանակվել է 32-րդ դիվիզիայի ռազմաքաղաքական ղեկավար:  1941-1945թթ. Հայրենական պատերազմի մասնակից: Մասնակցել է Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, Բելառուսական ռազմական գործողությանը, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրոհին: 1945թ. Գերմանիայում խորհրդային զորախմբի քաղվարչությունների պետ: 1946թ.-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի ցամաքային զորքերի քաղվարչությունների պետ:

2) Ստեփան Գինոսյան (Կինոսյան) (1900–1965), սովետական բանակի գեներալ լեյտենանտ (1945 թվականից)։  ԽՍՀՄ անդամ 1922 թվականից։ Ավարտել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անվան (1925, Մոսկվա) և Անդրկովկասյան միացյալ ռազմական դպրոցները (1929, Թիֆլիս), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական, ակադեմիան (1936)։ Մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը (1939), Սովետա-ֆինական (1939—1940) պատերազմին, Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին, որպես 33-րդ, այնուհետև 49-րդ բանակի շտաբի պետ՝ Մոսկվայի ճակատամարտին, Սմոլենսկի ազատագրմանը, Բելառուսական, Արևելապրուսական և Վիսլա-Օդերյան օպերացիաներին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին և 2-րդ, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, լեհական երեք շքանշաններով։ Հետպատերազմյան տարիներին եղել է ռազմական, օկրուգի շտաբի պետ։ 1950 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան, ապա պաշտոնավարել նույն ակադեմիայում որպես օպերատիվ արվեստի ամբիոնի դասախոս։

3) Միքայել Պարսեղով (1899-1964)։ 1930 թ.-ից եղել է հրետանային դիվիզիոնի (Մերձվոլգյան զինվորական օկրուգ) հրամանատար, ապա 57-րդ Հրաձգային դիվիզիայի (Անդրբայկալ. զինվորական օկրուգ) հրետանու պետ։Եղել է 69-րդ Ծանր հրետանային գնդի (19-րդ Հրաձգային կորպուս) հրամանատար։ Հատկապես աչքի է ընկել գ. Լիպոլոյի մոտ և Տրոնգսունդյան ուղղության մարտերում, ցուցաբերել կազմակերպչական ընդունակություն։ 1940թ. մարտի սկզբին հզոր և շարունակական հրետանային պատրաստությունից հետո պաշտպանական «Մաններհեյմի գիծը» ճեղքվեց և 7-րդ Բանակն անցավ վճռական հարձակման։ Ֆինների դեմ մղած կռիվներում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, հրետանու հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար 7-րդ Բանակի (Հս.-Արմ. ռ-ճակատ) հրամանատար կոմդիվ Մ. Ա. Պարսեղովին ԽՍՀՄ ԳԽՆ 1940 թ. մարտի 21-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 5201) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 243, ԽՄՀ գրքույկ № 253, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 369, Շքանշանային գրքույկ № 41127)։ 1954 թ. Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու պետ, 1961 թ.-ից Մ. Կալինինի անվ. հրետանու ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 331, 8.08.61)։ Կոմբրիգ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 01378, 16.08.38), կոմդիվ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 04591, 5.11.39), կոմկոր (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 01166, 21.03.40), հրետանու գեներալ-լեյտենանտ (4.06.40), գեներալ-գնդապետ (18.02.58)։

4) Հայկ Թումանյան (1901- 1971), սովետական բանակի քաղաշխատող, գեներալ-լեյտենանտ (1945)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Վրաստանում հեղափոխական գործունեության համար 1919 թվականին ձերբակալվել էր։ 1924 թվականին ավարտել էր Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը։ 1930-1933 թվականներին աշխատել էր Չինաստանում, 1937 թվականին՝ Իսպանիայում։ Եղել էր Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի զինկոմ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Բելոռուսիայում կազմակերպել էր առաջին պարտիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ Լենինգրադյան պարտիզանական գունդը։ 1942-1946 թվականներին աշխատել էր որպես կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական, խորհրդի անդամ։ Մասնակցել էր Ելեցի և Վորոնեժի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն-Շևչենկովսկիի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին եղել էր սովետական բանակի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխատել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Կենտրոնական ապարատում։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

5) Բենիամին Գալստյան (1902-1942)։  Հայրենական պատերազմի սկսում զբաղեցնում էր Հյուսիս–Արևմտյան և Լենինգրադի ռազմաճակատների 70–րդ և 125–րդ հրաձգային դիվիզիաների ռազմական կոմիսարի պաշտոնը (1941-1942), մեկ տարի հետո նշանակվում է 42–րդ համազորային բանակի գերագույն խորհրդի անդամ, որի շարքերում զոհվում է 1942 թ.–ին Պուլկովյան բարձրունքներում։

7) Հայկ Մարտիրոսյան (1903-1995)։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, որպես դիվիզիայի օպերատիվ բաժնի, շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերից 239-րդ հրաձգային դիվիզիան Մարտիրոսյանի հրամանատարությամբ մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանական, ապա հարձակողական (ազատագրել են մոտ 200 բնակավայր), 1942 թվականի հուլիս-հոկտեմբերին Ռժևի հարձակողական մարտերին և ազատագրել ավելի քան 60 բնակավայր։ 1944 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է 43-րդ բանակի հրամանատարի տեղակալ, որոշ ժամանակ եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ Այնուհետև մասնակցել է Խորհրդային Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի ազատագրման մարտերին և թշնամու Դանցիգ-Գդինյա խմբավորման ջախջախմանը։

8) Գևորգ Տեր-Գասպարյան (1903-1949)։ 1920 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, մինչև 1935 թվականը ծառայել Կ․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայում։ Հաջորդաբար եղել է դասակի, վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետի օգնական։ Հայրենական պատերազմի սկզբին, որպես Հարավ-Արևմուտք ռազմաճակատի 21-րդ բանակի 227-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը։ 1942 թվականի օգոստոսին նշանակվել է 21-րդ բանակի հրամանատարի տեղակալ՝ շարային գծով, այնուհետև՝ 60-րդ բանակի շտաբի պետ։ Հրամանատար՝ գեներալ Ի․ Չեռնյախովսկու և Տեր-Գասպարյանի հմուտ մարտավարությամբ գործող 60-րդ բանակի զորքերը։ 1943 թվականի աշնանը գետանցել են Դեսնան, Դնեպրը, մասնակցել Կիևի ազատագրմանը։ Տեր-Գասպարյանը եղել է նաև Բելառուսիան և Մերձբալթիկան ազատագրողների շարքերում։ 1945 թվականի հուլիսին նշանակվել է Կիևի զինվորական շրջանի շտաբի պետ և զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ սովորել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ակադեմիայում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի
2, Կարմիր աստղի 2, Սուվորովի I և II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշաններով։

9) Սերգեյ Կազբինցև ((1903-1971)), ազգությամբ հայ գեներալ-մայոր (1942)։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Ավարտել է Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի ռազմաքաղաքական դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն քաղաքական կազմի վերապատրաստման դասընթացը (1941)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի 19-րդ բանակի շտաբի զինվորական կոմիսար, 1941 թվականի օգոստոսից՝ Արևմտյան ռազմաճակատի զինվորական կոմիսար, ապա՝ շտաբի պետի տեղակալ։ 1944 թվականին նշանակվել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ քաղվարչության պետ։ Մասնակցել է Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելապրուսական գործողությանը։ Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, եղել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քաղբաժնի պետ, Գլխավոր շտաբի ռազմագիտական վարչության պետի քաղաքական գծով տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով։

10) Նիկոլայ Հովհաննիսյան (1899-1945։ 1920-ի դեկտեմբերից ծառայել է Կարմիր բանակում։ Ավարտել է Մոսկվայի հրետանային դպրոցը և աշխատել դասակի՝ մարտկոցի հրամանատար, ապա՝ դիվիզիայի հրամանատարի օգնական։ 1936-ին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան և աշխատանքի անցել 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, դիվիզիայի շտաբի պետ և ժամանակավոր հրամանատար։ Հովհաննիսյանը, որպես դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, սովետա-ֆիննական պատերազմին 1939-1940 ։ 1940—41-ին սովորել է Մոսկվայի Գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվել է Պոդոլսկ քաղաքի հրետանային ուսումնարանի պետ։ 1941—1945 թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Փետրվարի 20, 1944 գնդապետ Հովհաննիսյանը նշանակվել է 3-րղ գվարդիական տանկային բանակի հրետանու հրամանատար, մասնակցել Կուրսկի ճակատամարտին, Դեսնայի, Դնեպրի ու Պրիպյատի գետանցմանը, Լվով, Պերեմիշլ, Ցարոսլավլ քաղաքների ազատագրմանը, Վերին Սիլեզիայի մարտերին, որտեղ և ընկել է հերոսի մահով։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

11) Գևորգ Չալխանյան (1897-1963)։ Հայրենական պատերազմի առաջին օրերին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, ապա՝ նշանակվել ամբիոնի պետ (1941 թվական) կարմիր բանակի ՀՕՊ-ի բարձրագույն դպրոցում (Մոսկվա), 1943 թվականից՝ անդրկովկասյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ։ 1945 թվականին մասնակցել է միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1946-1958 թվականին՝ Լ․ Ա․ Գովորովի անվան հրետանու ռադիոտեխնիկական ակադեմիայում ամբիոնի պետ։ 1958 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։

12) Բորիս Սուպյան (1904-1967), տանկային զորքերի գեներալ-մայոր։ 1930-1932 թվականներին ուսանել է Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիային կից դասընթացները (1946 թվական)։ 1932 թվականից ծառայել է Լենինգրադի զինվորական օկրուգում։ 1939–1940 թվականներին, որպես 11-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մասնակցել է սպիտակ ֆինների դեմ կռիվներին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից, որպես 43-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է Բերդիչև, Նովոգրադ–Վոլինսկի, Կորոստեն քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, 1942 թվականի գարնանը 10-րդ տանկային բրիգադի հրամանատար նշանակվելուց հետո՝ Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի հուլիսից, որպես Տափաստանային 53-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար՝ Բելգորոդ-Խարկով հարձակողական մարտերին, թշնամու Կորսուն-Շեչենկովսկիի, Ցասսի-Քիշնեի խմբավորումների վերացմանը, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը, զրահատանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ Պատերազմից հետո եղել է Կազանի անասնաբուժական ինստիտուտի զինվորական ամբիոնի վարիչ։ 1956 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Կուտուզովի 2-րդ աստիճանի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

ԽՍՀՄ–ի հայերը  մեծ դերակատարություն են ունեցել նաև Կարմիր բանակի օպերատիվ–մարտավարական զորամիավորումների, մասնավորապես` բանակային կորպուսների և դիվիզիաների ղեկավարման գործում։

1) Բագրատ Առուշանյան (1903-1994)։ Գեներալ-լեյտենանտ (1945): Հայրենական պատերազմում (1941-45) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար: Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1926), Մոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի (1936) և ԳՇ (1948) ռազմական ակադեմիաները: 1926-32-ին ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1939-40-ին մասնակցել խորհրդային-ֆիննական պատերազմին: Հայրենական պատերազմում (1941-45) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար: Մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի եւ մի շարք այլ քաղաքների, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելյան Պրուսիայի մարտերին: Հետպատերազմյան տարիներին դասախոսել է ԳՇ ռազմական ակադեմիայում:

2) Սարգիս Մարտիրոսյան (1900-1984)։ Հայրենական պատերազմի սկզբին Մարտիրոսյանը Հարավային ռազմաճակատում Մարտիրոսյանը 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետն էր, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում։ 1943-ին Մարտիրոսյանը նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յասսի-Քիշնևյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի ազատագրմանը, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի ազատագրմանը)։ Կորպուսի կազմում մի քանի ամիս մարտական գործողություններին մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպված չեխոսլովակյան առաջին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Հերոսի կոչման է արժանացել ֆաշիստների դեմ մղած պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար։ Մարտիրոսյանը եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը։ 1947-ին նշանակվել է հրաձգային զորամասի հրամանատար Մերձկարպատյան ռազմական օկրուգում։ 1950-ին փոխադրվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, որպես զորամասի հրամանատարի տեղակալ։ 1953-ին զորացրվել և բնակվել է Երևանում։[

3) Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան  (1906-1977)։ 1941-42թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին Մոսկվայում։

4) Կարապետ Վարդանի Հախնազարյան (1894-1980) ։ Ավարտել է բարձրագույն սպայական հրետանային դպրոցը (1930), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1941)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1917-ին), Հայաստանում 1921-ի քաղաքացիական կռիվներին։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է Բրյանսկի ռազմաճակատի 8-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (1941-43), 1-ին մերձբալթյան ռազմաճակատի 43-րդ բանակի հրետանու հրամանատարի տեղակալ (1943), ապա՝ նույն բանակի 1-ին հրաձգային կորպուսի հրետանու հրամանատար (1944-ի հուլիս - 1945-ի մայիս)։ Հետպատերազմյան տարիներին (մինչև զորացրվելը՝ 1953-ը) վարել է հրամանատարական պաշտոններ։

5) Քրիստափոր Ալավերդյան (1895-1942)։  1941–45-ի Հայրենական մեծ պատերազմը Ա. դիմավորեց սահմանագլխին, որպես 113-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Ծանր մարտերից հետո դիվիզիան նահանջեց, իսկ վիրավոր Ա. ընկավ թշնամու ձեռքը։ Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում գեներալ–մայոր Ի. Ս. Նիկիտինի հետ Ա. ստեղծել և գլխավորել է հակաֆաշիստական այն կազմակերպությունը, որը հետագայում ղեկավարեց գեներալ–լեյտենանտ Մ. Դ. Կարբիշևը։ Ալավերդյանին հիտլերականները տանջամահ արեցիև Նյուրնբերգի բանտում, 1942-ի ապրիլին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և մարտական Կարմիր դրոշի (2) շքանշաններով։

6) Հմայակ Բաբայան (1901-1945)։ 1924 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական և 1926 թվականին` Կիևի հրամանատարական դպրոցները, 1944 թվականին` ռազմական ակադեմիաների կատարելագործման դասընթացներ։ Ծառայել է 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938 թվականից՝ Մինսկի զինվորական օկրուգում։ Հայրենական պատերազմի (1941-1945) սկզբին նրա գունդը ծանր մարտեր է մղել Բելոստոկ, Վոլկովիսկ, Բարանովիչի և Ելեց քաղաքների շրջանում։ 1942 թվականի ապրիլ-մայիսին Բաբայանը Կերչում ղեկավարել է (հրամանատար Ս. Զաքյանի զոհվելուց հետո) 390-րդ հայկական դիվիզիայի մարտական գործողությունները։ 1945 թվականին 1-ին բելառուսական ռազմաճակատում, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Լինդենբերգի մոտ մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար։

7) Բորիս Վլադիմիրով (1905-1978)։ 1943թ. ապրիլից 311-րդ Հրաձգային դիվիզիայի հրամանատար Վլադիմիրովը մասնակցել է Լենինգրադ-Նովգորոդյան հարձակողական գործողությանը: 1944-45թթ. աչքի է ընկել Բելառուսական, Վարշավա-Պոզնանյան, Վիսլա-Օդերյան և Բեռլինյան հարձակողական գործողությունների ժամանակ: Հատկապես աչքի է ընկել 1945թ. հունվարին Վիսլա-Օդերյան գործողության ընթացքում: 1945թ. հունվարի 14-15-ին հաջողությամբ ճեղքել է հակառակորդի խորը էշելոնացված պաշտպանությունը Վիսլայի շրջանում:  1945թ. հունվարի 16-28-ին նրա դիվիզիան մարտերով անցել է մոտ 400 կմ, չնչին կորուստներով, առաջինների թվում մտնելով Գերմանիայի տարածք և ջախջախել  Շնայդեմյուլի (Պիլա, Լեհաստան) կայազորը, գրավելով 30 էշելոն զինտեխնիկա և սննդամթերք: Կոնարի գյուղի (ք. Վարկայից հս., Լեհաստան) շրջանում Վիսլայի հաջող գետանցման և հակառակորդի կայազորի ջախջախման համար 311-րդ Հրաձգային դիվիզիայի (61-րդ Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատար գեներալ-մայոր Բ. Ա. Վլադիմիրովին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. ապրիլի 6-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենին
ի շքանշանով (№ 34683) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5699, ԽՄՀ գրքույկ № 4382, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 9352, Շքանշանային գրքույկ № 208926):

8) Իսահակ Գասպարյան (1902–1962)։ Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ եղել է հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատարի տեղակալ, դիվիզիայի հրամանատար: Մասնակցել է թշնամու Վոլխովյան խմբավորման ջախջախմանը (Լենինգրադի ճակատամարտում), Մալոյարոսլավեցի, Կալուգայի ազատագրմանը, Արլ. Պրուսիայում, Լեհաստանում մղված մարտերին, Բեռլինի ռազմագործողությանը: Մինչև 1954-ը ծառայել է Կիևի ռազմական օկրուգում:

9) Գրիգոր Գրիգորյան (1899-1970)։ 1917 թվականի եղել է Կարմիր գվարդիայի շարքերում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է Առաջին հեծյալ բանակում, մասնակցել Դենիկինի, Վրանգելի, պանական Լեհաստանի դեմ կռիվներին։ Հետագայում Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում եղել է առանձին հեծյալ էսկադրոնի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է Կիևի ռազմական, 1931 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային դպրոցները, 1942 թվականին Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է Ուկրաինայի, Բելոռուսիայի, ապա՝ Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է դիվիզիայի հրամանատար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

10) Տիմոֆեյ Դեդեօղլու (1898-1989)։  1922 թվականին ավարտել է Կարմիր հրամանատարների դպրոցը (Խարկով), 1940 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային, 1942 թվականին՝ Կ․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայի (Ուֆա) դասընթացները։ 1918-1920 թվականի քաղաքացիական պատերազմի տարիներին կռվել է Դենիկինի, Վրանգելի, սպիտակ լեհերի դեմ։ Ծառայել է Ի․ Ցակիրի 45-րդ դիվիզիայում, ապա՝ Գ․ Կոտովսկու բրիգադում։ 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Բելոռուսիայի, 1940 թվականին՝ Բեսարաբիայի ազատագրմանը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մարտնչել է Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Հարավային և Առաջին բելառուսական ռազմաճակատներում։ Եղել է հեծյալ դիվիզիայի հրամանատար, հեծյալ կորպուսի հրամանատարի տեղակալ։

11) Անդրանիկ Ղազարյան (1904-1992)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942-ի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942— 1943-ին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։ Դնեպրի գետանցման և նրա արևմտյան ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ 1945-ի մարտին Ղազարյանի գլխավորած 215-րդ դիվիզիան Բելառուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945 թվականի օգոստոսին Ղազարյանը մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել սովետական հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։

12) Ասքանազ Կարապետյան(1899-1978)։ 1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Հայաստանում սովետական իշխանության հաստատմանը, իսկ 1921 թվականին քաղաքացիական կռիվներին։ 1923—1927 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմահետևակային դպրոցում։ 1937 թվականից եղել է գնդի հրամանատար։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսի ազատագրմանը։ Կարապետյանի գունդը մարտնչել է Ստալինգրադյան ռազմաճակատում (1942— 1943 թվականներ)։

13) Սերգեյ Կարապետյան (1899-1954)։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Լատվիայում գնդապետ Ս.Կարապետյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան մարտեր է մղել Ռիգայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո մասնակցել է Վորոնեժի ռազմաճակատի մարտերին։ 174-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Ս. Կարապետյանը հաջողությամբ է լիկվիդացնում Դոնի արևելյան ափում գտնվող հակառակորդի պլացդարմը, անցնում Դոն գետը, ջախջախում Կորոտայսկ քաղաքի մոտ կուտակված գերմանական զորքերին։ 1942թ. Ս. Կարապետյանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում։ Վերանվանված 46-րդ գվարդիական դիվիզիան մարտնչում է Կալինինի ռազմաճակատում, ապա 2-րդ մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ, գրավում Օստրով քաղաքը, որի համար դիվիզիային շնորհվեց «Օստրովյան» անունը։ Այնուհետև դիվիզիան 3-րդ բելառուսական ռազմաճակատում մասնակցել է Էստոնիայի, Տարտու Ռիգա (1944 թ.) քաղաքների ազատագրմանը։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1945 թվականից գեներալ-մայոր Ս. Կարապետյանը գլխավորել է Առաջին բելառուսական ռազմաճակատի 146-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանցմանն ու Բեռլինի գրավմանը։

14) Վիկտոր Լիսինով (Լիսինյան, 1896–1983)։ Պատերազմի սկզբում գլխավորել է 217–րդ հայկական պահուստային գունդը Ղրիմի և Հյուսիս–Կովկասյան ռազմաճակատների կազմում (1941-1942)։ Այնուհետև որպես 242–րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար (1943-1945) Հյուսիսկովկասյան ռազմաճակատի 9–րդ բանակի, Ուկրաինայի ռազմաճակատների 18–րդ, 60–րդ և առաջին գվարդիական բանակի կազմում ակտիվորեն մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Արևմտյան Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրման գործողություններին։

15) Նվեր Սաֆարյան (1905-1982)։  Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվոռնայա քաղաքի շրջանում։ 1941-ի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետ մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942-ի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։

Եվգենի Սպիցին, պատմաբան, հրապարակախոս, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: