482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ. Հայաստանի ուղին
18:27
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեկուկես ամիս է անցել այն ժամանակից, երբ 2014թ.-ի հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրին: Սկզբում ԵՏՄ-ին միանալու ամսաթիվը տեղափոխվեց հունիսի 15-ին, այնուհետև՝ հուլիսի կեսին, այժմ խոսում են արդեն հոկտեմբերի մասին: Այս ընթացքում ԶԼՄ-ներում և բլոգոլորտում մեծ թվով դավադրական տեսություններ և ենթադրություններ տարածվեցին, որոնք չեն նպաստում ճշմարտության բացահայտմանը, մյուս կողմից էլ այս խնդրի շուրջ անպետք իրարանցում և անգամ լուրջ լարվածություն են ստեղծում:

Միանգամից նշենք, որ մենք չենք տիրապետում վերջին ատյանի բացարձակ ճշմարտությանը, ԿՀՎ-ի, ԳՀՎ-ի, ԴՀԾ-ի, ԱԴԾ-ի գաղտնի տեղեկատվությանը, չենք խորհրդակցում գաղտնի «համաշխարհային կառավարությունների» հետ և մեր մտորումներում չենք առաջնորդվում «դավադրության բազմաթիվ տեսություններով»: Մենք պարզապես փորձում ենք համադրել բոլորին հայտնի փաստերը և առաջարկել բարդ գլոբալ գործընթացների չհակասող բացատրություն, որոնց դրսևորումներից մեկը Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու հարցն է:

Առաջին հերթին ծիծաղելի կլիներ ժխտել, որ և′ Հայաստանի ժողովուրդը, և′ հայկական քաղաքական վերնախավը միասնական են այս հարցում: Այն ունի բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, որոնք կարող էին դառնալ առանձին բազմահատոր ուսումնասիրության օբյեկտ: Սակայն մեր տեսակետից դրանք կարելի է օբյեկտիվորեն ուսումնասիրել և նկարագրել միայն որոշ ժամանակ անց, երբ խնդիրն ինքնին կդադարի լինել քաղաքական կյանքի և հայկական պետության զարգացման հայեցակարգի ակտուալ պայքարի մի մասը, այլ կդառնա պատմագիտության սեփականությունը: 

Երկրորդ` մենք նաև հասկանում ենք, որ գերտերությունների սուր աշխարհաքաղաքական պայքարի պայմաններում, որը միայն վերջին տասնամյակում դրսևորվում է իրաքյան, թունիսական, եգիպտական, եմենական, լիբանանյան, սիրիական և ուկրաինական ճգնաժամերի տեսքով, ԵՏՄ մուտք գործելու հարցն էական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության տեսակետից, այլ նաև՝ գլոբալ քաղաքականության տեսանկյունից:

Երրորդ` անկասկած է, որ այս գործընթացի վրա ազդեցություն են ունենում բարդ տարածաշրջանային խնդիրները, որոնց լուծման գործում, այսպես թե այնպես, ներգրավված են բոլոր երեք կովկասյան պետությունները (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան), Ռուսաստանը (Հյուսիսային Կովկաս), Թուրքիան և Իրան (սահմանամերձ շրջանները): Խնդիրների այս կծիկն առաջացել է երկու-երկուսուկես հազարամյակ առաջ (այս խնդիրների լուծման գործում մասնակցող ժամանակակից պետությունների առաջացումից շատ տարիներ առաջ), և դժվար թե այն ամբողջովին լուծվի մեր օրերում:

Եվ վերջապես, իրավիճակի վրա ազդում են նաև ԵՏՄ անդամ-երկրների շահերը (ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական), որոնք բոլոր հարցերի շուրջ չէ, որ նույն դիրքորոշումն ունեն (ինչպես ցանկացած նման միավորման դեպքում՝ Եվրամիությունից մինչև Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա):

Այսպիսով, միայն հիմնական գործոնների պարզ թվարկումը, որոնք ազդում են ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ժամկետների և պայմանների վրա, վկայում է, որ վնասակար և ապակառուցողական է միայն մեկ խնդիր ընտրելու և դրա վրա կենտրոնանալու փորձը՝ անտեսելով բարդ փոխհարաբերությունների և հակասությունների ողջ համալիրը: Գոնե այն պատճառով, որ տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, ինչպես նաև ԵՏՄ անդամ-երկրների շահերի ոչ բացարձակ համընկնումը նույնչափ ազդում են Հայաստանի դիրքերի ձևավորման վրա, որքան Երևանի դիրքորոշումն է ազդում ուժերի տարածաշրջանային և գլոբալ դասավորության վրա: Այսինքն` խնդիրների սկզբնաղբյուրի բացահայտման դեպքում մենք կհանգենք դասական երկվությանը` հավի ու ձվի առաջացման մասին, ինչն իր հերթին բանավեճը կտեղափոխի իրական քաղաքականության հարթությունից «դինոզավրերի դարաշրջան» և սուբյեկտիվ մեկնաբանությունների ոլորտ:

Իրականում վերլուծության համար հասանելի փաստերն (հենց փաստերը, այլ ոչ թե ենթադրությունները, մեկնաբանությունները և պատմական ակնարկները) այդքան էլ շատ չեն։

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը, որը փաստորեն տեղի ունեցավ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄՄ-ին միանալու մտադրության մասին, անկասկած, Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ պակաս կտրուկ շրջադարձ էր, քան Յանուկովիչի հրաժարվելը, որը տեղի ունեցավ գրեթե երկու ամիս ուշ:

Նշենք, որ Յանուկովիչն ընդամենը հայտարարեց ստորագրման ամսաթիվն անորոշ ժամկետով հետաձգելու և համաձայնագրի շուրջ լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության մասին: Այսինքն` նրա դիրքորոշումն ավելի քիչ արմատական էր (արտաքին-քաղաքական առաջնահերթությունների փոփոխության տեսակետից), քան Հայաստանի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, Ուկրաինայում դա հանգեցրեց պետական հեղաշրջման, ինչը որոշ փորձագետների համար հիմք տվեց խոսել Հայաստանում ևս «գունավոր հեղափոխություն» իրականացնելու հնարավորության մասին:

Մեր կարծիքով՝ նման սցենարով իրադարձությունների զարգացումը քիչ հավանական է, քանի որ Արևմուտքը (նման «հեղափոխության» պոտենցիալ հովանավորը, առանց որի ակտիվ աջակցության այն դատապարտված է ձախողման) խորը մխրճվել է ուկրաինական ճգնաժամում, որն արդեն քաղաքացիական պատերազմի է վերածվել, և ԵՄ-ն հիմա պատրաստ չէ անկայունության ևս մի օջախ ստեղծել: Իսկ ԱՄՆ-ն դժվար թե համարձակվի միայնակ գործել՝ հաշվի առնելով չափազանց բարդ և խճճված կովկասյան իրավիճակը (ինչպես նաև սեփական ռեսուրսների սահմանափակ լինելը): Բացի այդ, Արևմուտքը հաշվի կառնի Ղրիմի նախադեպը, երբ տարածաշրջանում ռուսական ռազմակայանի առկայությունը որոշեց իրադարձությունների զարգացումը նախկին ուկրաինական ինքնավարությունում: Այսպիսով, ռիսկը չափազանց մեծ է՝ դիվիդենտների համեմատ:

Այդ պատճառով մենք կարծում ենք, որ ներքաղաքական բարդությունների վտանգը դժվար թե ստիպեր Հայաստանի ղեկավարությանը դադարեցնել ԵՏՄ մտնելու գործընթացը: Ավելին` նման իրավիճակում ավելի տրամաբանական կլիներ իրականացնել հայտը որքան հնարավոր է շուտ (ինչին և ձգտում էր ՀՀ նախագահը):

Որքան կարճ է ժամանակը ներկայացված դիրքորոշման և նրա իրականացման միջև, այնքան ավելի քիչ հնարավորություններ ունեն ընդդիմախոսները որևէ պատասխան քայլեր կազմակերպելու և ձեռնարկելու համար:


Իսկ քանի որ և′ ներքաղաքական, և′  ընդհանուր արտաքին-քաղաքական իրավիճակն օբյեկտիվորեն դրդել և դրդում են Հայաստանի ղեկավարությանը սեղմ ժամկետներում ԵՏՄ մտնելու հայտն իրականացել, Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու ժամկետների տեղափոխման պատճառները, մեր կարծիքով, տրամաբանական է փնտրել հենց ԵՏՄ-ում:

Առաջին հերթին, ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ-պետությունները միասնական դիրքորոշում չունեն ուկրաինական ճգնաժամի հարցում: Դա կարևոր է նաև այն դեպքում, որ նրանք նաև ՀԱՊԿ անդամներ են: Իսկ ԵՏՄ-ին միանալու հարցում անվտանգության ապահովման հարցերը պակաս կարևոր տեղ չեն զբաղեցնում, որքան տնտեսական հարցերը: Այսպիսով, քանի դեռ ԵՏՄ-ն միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ «բազմակարծության» հաղթանակ է ցուցադրում, Հայաստանին հարկավոր է համոզվել, որ երկրի կենսական շահերի ապահովման հարցում կհաղթի ոչ թե «բազմակարծությունը», այլ դաշնակցի անվերապահ աջակցությունը: Երկրորդը` սա, հնարավոր է, եթե ոչ ավելի կարևոր, ապա ավելի բարդ խնդիրն է՝ ԵՏՄ երկրներին բավականին բարդ էր համաձայնեցնել իրենց տնտեսական շահերը անգամ «երեքով» ընթացող բանակցությունների ժամանակ: Երևանի ի հայտ գալը՝ որպես բանակցային գործընթացի ևս մի կողմ, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջարկում է բացառությունների ցուցակում ընդգրկել 800 անուն ապրանք։

Եթե Ռուսաստանն արդեն հայտարարել է առավել բարենպաստ պայմաններում Հայաստանի մուտքի ապահովման պատրաստակամության մասին, ապա Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումներն այնքան էլ միանշանակ չեն (եթե ընդհանրապես կարելի է խոսել նրանց հստակ դիրքորոշումների մասին): Եվ դա հասկանալի է: Ռուսաստանի համար ԵՏՄ-ի ընդլայնումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական (այդ թվում նաև աշխարհաքաղաքական) առաջնահերթություն է: Հաշվի առնելով էական ռեսուրսային բազան՝ Ռուսաստանը կարող է իրեն որոշ տնտեսական զիջումներ թույլ տալ՝ հանուն քաղաքական նպատակների ձեռքբերման: Ղազախստանն ու Բելառուսն ավելի շատ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարների կողմնորոշում ունեն, ինչը թելադրված է օբյեկտիվ շահերով, ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ քաղաքական կայունության ապահովման տեսակետից:

Անգամ տեխնիկական տեսակետից (բանակցային դիրքերի համաձայնեցում) ԵՏՄ Հայաստանի մտնելու գործընթացը չի կարող մեկ րոպեում տեղի ունենալ: Այս տեսակետից անգամ հոկտեմբերի կեսը շատ մոտ ժամկետ է: Միայն տարի և մեկ ամիս կանցնի Մաքսային միության միանալու մտադրության սկզբնական հայտարարությունից մինչև ԵՏՄ-ին միանալու փաստաթղթերի ստորագրումը:

Չպետք է նաև անտեսել այն փաստը, որ ԵՄ նոր ղեկավար մարմինների վերջնական ձևավորումից հետո (օգոստոս-սեպտեմբերի) ուկրաինական ճգնաժամի ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական լուծման լավ հնարավորություն է ստեղծվում: Ինչն իր հերթին պետք է վերջնական պարզություն մտցնի ԵՏՄ երեք գործող անդամների փոխհարաբերություններում:

Այսպիսով, հոկտեմբերին հնարավոր է, որ պարզվեն ԵՏՄ անդամ-երկրների ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դիրքորոշումները և Հայաստանի մուտքի պայմանավորվածություն ձեռք բերվի` հայ ժողովրդի և պետության տեսակետից իսկապես օպտիմալ պայմաններով:

Հայաստանի դիրքորոշումը չափազանց պրագմատիկ տեսք ունի, այն ամբողջովին հաշվի է առնում իրական քաղաքական վիճակը: Ավելին` հարցի լուծման ձգձգումը (եթե այն երկարացվի ևս մեկ ամսով) չի խանգարում նաև Ռուսաստանի ծրագրերին: Ամեն դեպքում, Երևանի նկատմամբ Մոսկվայի հարաբերությունների որևէ սառեցում չի նկատվում, հակառակը՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարների (այդ թվում նաև նախագահի) հայտարարությունները վկայում են իրավիճակի ընկալման և ընթացող գործընթացի դինամիկայով բավարարվածության մասին:

Ռոստիսլավ  Իշչենկո, Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ, «Ռոսիա սեգոդնիա» ՄԼԳ-ի փորձագետ


Խմբագրության դիրքորոշումը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ:


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: