478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2011 թ.-ին ամենալայն արձագանք ստացած քաղաքական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
16:24
21 Դեկտեմբերի 2011

Հայաստանում 2011թ.-ին ամենալայն արձագանք ստացած քաղաքական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության

1. ԱՂՄԿՈՏ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ

Անցնող տարին նշանավորվեց վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնյանների ամենալուրջ հրաժարականներով: Մասնագետներն, ըստ էության, ամենաարմատական կադրային տեղափոխություններն առաջին հերթին կապում են 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք ուժերի կենտրոնացում և նախընտրական շրջանում անցկացվող աշխատանքների օպտիմալացում են պահանջում:
Սեպտեմբերի 9-ին հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Հոկտեմբերին և նոյեմբերին նոր սենսացիոն հրաժարականներ հետևեցին: Տարբեր պատճառներով իրենց պաշտոններից հեռացան Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը (ով նախագահի աշխատակազմի ղեկավարի անվանակիցն է), ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Հրաժարականները դարձան 2011 թ.-ին հասարակության շրջանում ամենաքննարկվող իրադարձությունները և աշխուժություն մտցրեցին երկրի արդեն «մարող» քաղաքական կյանքում:
Հրաժարական ներկայացրած անձանց քաղաքական ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին՝ Երևանի նախկին քաղաքապետը զբաղեցրեց «Գազպրոմբանկի» փոխնախագահի պաշտոնը, նախկին ոստիկանապետը՝ նախագահի խորհրդականի պաշտոնը, ՀՀ ԱԺ նախկին խոսնակը գլխավորեց իշխող ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը դարձավ նախագահի օգնական:

Որոշ փորձագետների կարծիքով՝ բավականին արդյունավետ կերպով լուծվեց թափուր մնացած պաշտոնների հարցը: Մասնավորապես, նախագահի աշխատակազմը գլխավորեց Վիգեն Սարգսյանը, ով երկար ժամանակ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում: Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց Տարոն Մարգարյանը, ով զբաղեցրել է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը, ով գլխավորել է Ռազմական ոստիկանությունը, իսկ մինչ իր նշանակումը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

2. ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ

2011 թ.-ին Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը եվրաինտեգրման գործընթացների ակտիվացումն է: Հայաստանն ու ԵՄ-ն արդյունավետ բանակցություններ են վարել Ասոցացման համաձայնագրի շուրջ: Հոկտեմբերին կողմերի միջև «Գործընկերություն՝ շարժունակության համար» հռչակագիր ստորագրվեց, որը նպատակաուղղված է միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ԵՄ տարածք Հայաստանի քաղաքացիների օրինական մուտքի կարգավորման հետ կապված հարցերի լուծմանը: Այս համատեքստում առանցքային իրադարձություն դարձավ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին դեկտեմբերի 19-ին ընդունված ԵՄ Խորհրդի որոշումը:
Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններում ձեռք բերված իրական առաջընթացի մասին հայտարարեց նաև Եվրամիության միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: Նա ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսական առաջընթացի ձեռքբերման հարցում, ինչին կարող է նպաստել «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում նոր փուլ կթևակոխի:

3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանություններն ու արտախորհրդարանական ընդդիմությունը գրեթե երեք տարի տևած դիմակայությունից հետո գտան քաղաքական լարվածության թուլացման ուղին հատուկ ձևավորված աշխատանքային խմբերի միջև հուլիսի 18-ին մեկնարկած երկխոսության միջոցով: Սկսված խորհրդակցությունները, որոնք ընդդիմությունը բանակցություններ էր անվանում, չնայած որ չէին կարող արմատական փոփոխությունների հանգեցնել, այնուամենայնիվ նվազեցրեցին հասարակական լարվածության աստիճանը:

Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին պահանջներ ներկայացրեց: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, որը մասնակցում էր իշխանությունների հետ երկխոսությանը, 2008 թ.-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո պայքարում է արտահերթ ընտրությունների անցկացման համար: Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Կոալիցիոն ուժերն իրենց հերթին հայտարարում են, որ հանդիպումների ընթացքում կարելի է ցանկացած հարց քննարկել:

Մի քանի փուլից բաղկացած երկխոսությունը ձախողվեց օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանների միջև Երևանի կենտրոնում տեղի ունեցած ընդհարումից հետո ձերբակալվեց յոթ ընդդիմադիր, որոնցից երեքը կալանավորվեցին երկու ամիս ժամկետով, իսկ մյուսներն ազատվեցին դատական նիստերի դահլիճից: Ձերբակալվածների նկատմամբ հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ «Խուլիգանություն» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողությունների կիրառում» հոդվածների հատկանիշներով:
Ավելի ուշ Վճռաբեկ դատարանն ազատ արձակեց երեք կալանավորվածներից երկուսին՝ կալանքի տակ թողնելով միայն Տիգրան Առաքելյանին: Ընդդիմությունը պահանջում էր անհապաղ ազատ արձակել վերջինիս, սակայն կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարում էին, որ չեն կարող ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա: Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ երկխոսության ձախողումը ձեռնտու էր ՀԱԿ-ին, որը հեռանալով փողոցից՝ բողոքող ընտրազանգվածի որոշակի արտահոսք էր զգում:

4. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՁԵՎԵՐ

Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արտախորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ հասնել իր գլխավոր նպատակին՝ գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, այնուամենայնիվ նրա կողմնակիցներն անցնող տարին ձախողված չեն համարում: Հենց այս տարի ընդդիմությունը «վերադարձավ» Ազատության հրապարակ, որը փակ էր բողոքի ակցիաների անցկացման համար 2008 թ.-ի մարտյան զանգվածային անկարգություններից հետո: Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այդ վերադարձը անվանեցին հրապարակի «ազատագրում»:

Հենց այնտեղ ՀԱԿ-ը սեպտեմբերի վերջին անցկացրեց երեք տարվա ընթացքում չկիրառված քաղաքական պայքարի մեթոդը՝ բողոքի շուրջօրյա ակցիաները, որոնք տևեցին մեկ շաբաթ: Տեր-Պետրոսյանն այս ակցիան համարեց պայքարի ամենանշանակալի փուլը, սակայն մեկ շաբաթ անց խնդրեց ցուցարարներին հեռանալ: Փորձագետների կարծիքով՝ մեկշաբաթյա շուրջօրյա ակցիայի անցկացման մասին՝ սեպտեմբերի 30-ին ընդունած որոշումը տեղավորվում է ՀԱԿ-ի կողմից սկսած նախընտրական արշավի շրջանակներում: Որոշ մասնագետներ նաև կարծում են, թե արտահամակարգային ընդդիմությունը չունի բավարար ռեսուրսներ՝ ավելի երկարատև ակցիաների համար:

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ

2011 թ.-ի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը: Նա մարտի 15-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է հացադուլ սկսել: Հովհաննիսյանի նման որոշումն անսպասելի էր բոլորի, այդ թվում նաև նրա հարազատների և կուսակիցների համար: «Ժառանգության» առաջնորդի վարքագիծը տարբեր կերպ ընդունվեց իշխանամետ և ընդդիմադիր շրջանակներում:
Մասնավորապես, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ Հովհաննիսյանի որոշումն ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր ընտրազանգվածի ներգրավման միջոց, այսինքն՝ PR-քայլ, իսկ ընդդիմադիր Դաշնակցությունը «Ժառանգության» առաջնորդի հացադուլը համարեց ուժեղ կամքի դրսևորում: Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գալուստ Սահակյանն ակցիան անհիմն համարեց:

Տարօրինակ էին արմատական ընդդիմության գնահատականները, որը նշեց, որ Հովհաննիսյանը փորձում է իր կողմը գրավել իրենց ընտրազանգվածը: ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չաջակցեց պատգամավորի այս քայլին և գտնվելով Ազատության հրապարակում՝ անգամ չմոտեցավ նրան:
Իսկ Հովհաննիսյանը ներկայացրեց «սպասումների ցանկը», որը հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարի արդյունքում: Ցանկում ներառված էր 15 կետ-պահանջ, մասնավորապես՝ իշխանությունը՝ ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայ երիտասարդների արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային և այլն: Կուսակցության առաջնորդն ակցիայի բոլոր 15 օրերն անցկացրեց Ազատության հրապարակում:

6. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԿԱԶԱՆԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում պետք է նշել շոշափելի առաջընթացի իրական սպասումները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդական առաքելության շրջանակներում:
2008 թ.-ից ի վեր կազմակերպվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ինը հանդիպում (2011 թ.-ին տեղի է ունեցել երկու հանդիպում), սակայն որոշ փորձագետների կարծիքով՝ կուլմինացիոն պետք է դառնար հունիսի 24-ին կայացած կազանյան գագաթնաժողովը: «Կազանյան առաջընթացի» հույս ուներ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս երկու միջնորդները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ջանքերը կենտրոնացած էին, որպեսզի կողմերին համոզեն Թաթարստանի մայրաքաղաքում ավարտել կարգավորման հիմնական սկզբունքների նախագծի աշխատանքը:

Սակայն այդ հույսերը չարդարացան: Գագաթնաժողովն ավարտվեց առանց հիմնական սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման, սակայն կողմերը փաստեցին այդ նպատակի ճանապարհին գրանցված առաջընթացը: Երևանը գագաթնաժողովի ձախողման մեջ մեղադրեց ադրբեջանական կողմին: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չդադարեցրեց խնդրի լուծմանն ուղղված ջանքերը:
Արդեն հուլիսին տարածաշրջան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով Հայաստանի և Ադրբեջանի նախագահեր Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցեց հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկները:

Բանակցային գործընթացը դեռևս ստատիկ վիճակում է: Սակայն դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ներկայացուցիչների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ ընդունվեց հայտարարություն, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են առաջիկայում կրկին հանդիպել՝ կարգավորմանն ուղղված բանակցությունների անցկացման համար: Պատվիրակությունների ղեկավարները կրկին հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:

Մասնագետների կարծիքով՝ անիմաստ է առաջիկա երկու տարում որևէ տեղաշարժ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով ինչպես հակամարտող գոտու երկրներում, այնպես էլ միջնորդական առաքելություն իրականացնող պետություններում առկա նախընտրական գործընթացները:

7. ԶՈՐԱՀԱՆԴԵՍ

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին, տարվա ամենատպավորիչ իրադարձություններից մեկը դարձավ և մեծ հնչեղություն ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Դա ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավորների մասնակցությամբ Հայաստանի ռազմական հզորության աննախադեպ ցուցադրումն էր: Մասնավորապես՝ զորահանդեսին ցուցադրվեցին սպառազինության  այնպիսի հզոր տեսակներ, ինչպիսիք են «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները, «Սմերչ» համակարգերը, Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SS-1c Scud B), ծանր հրետանային սարքավորումները, ժամանակակից ինքնագնաց հաուբիցները, հակատանկային հրթիռային համալիրները, ծանր զրահատեխնիկան, ՀՕՊ համակարգը: Ցուցադրվեց նաև ավիացիան, այդ թվում` «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերը, շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը:
Զորահանդեսն ինքնատիպ պատասխան  դարձավ ադրբեջանական կողմից արված անդադար սպառնալիքներին և ռազմատենչ հայտարարություններին: Հատկանշական է, որ այդ միջոցառումից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՕՊ ուժերը Ղարաբաղի օդային տարածքում կործանեցին ադրբեջանական անօդաչու թռչող սարքը: 

8. ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Երկրի հասարակական և քաղաքական կյանքի վրա լուրջ ազդեցություն թողած ոչ պակաս կարևոր իրադարձություն դարձավ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին՝ պետության ղեկավարի առաջարկով Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը: Համաներման արդյունքում քրեակատարողական հաստատություններից 590 բանտարկյալներ ազատ արձակվեցին, իսկ 424 դատապարտյալների հանդեպ արված դատավճիռը մեղմացվեց:

Համաներմամբ ազատ արձակվածների թվում էին նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ովքեր դատապարտվել էին 2008թ.-ի մարտի դեպքերի գործով: Փաստացիորեն համաներումը փակեց այսպես կոչված «քաղբանտարկյալների» թեման:

9. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ (Ադրբեջան) Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի վերջին հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ այցելեց Երևան՝ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստին մասնակցելու: Պատմական այցի շրջանակներում տեղի ունեցավ Փաշազադեի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարքի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքում հռչակագիր ընդունվեց, որտեղ ասվում էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Երեք երկրների հոգևոր առաջնորդները նաև ընդգծեցին «ուժ չկիրառելու ռեժիմին աջակցելու» անհրաժեշտությունը և կոչ արեցին երկու երկրների ղեկավարներին առաջնային գծերից դուրս հանել դիպուկահարներին՝ «որպեսզի ստորաբաժանումների գծում մարդկանց արյուն չթափվի, և որպեսզի այլևս մահվան դեպքեր չլինեն»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Փաշազադեն հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները պատրաստ են աջակցել երկու երկրների առաջնորդներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նա նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ իր զրույցներում բազմիցս նշել է, որ պատերազմը չի կարող հարցի լուծում դառնալ:

10. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Շատ փորձագետներ կարծում են, որ 2011թ.-ը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում շրջադարձային տարի է եղել, որը կարող է ազդեցություն գործել որոշումներ կայացնող մարդկանց վրա: Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակցիաները, որոնք քաղաքականության հետ առնչություն չունեին, ավելի արդյունավետ էին, քան բողոքի քաղաքացիական ակցիաները:

Քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելու հզոր կատալիզատորի դերում են սոցիալական ցանցերը, որտեղ հնչեցվում են խնդիրները և սկսվում է դրանց լուծումների փնտրտուքը:
Այն բազմաթիվ հարցերի թվում, որոնց լուծմամբ ոչ թե իշխանություններն են զբաղվել, այլ հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կարելի է հիշատակել ամենամեծ հնչեղություն ունեցողները՝ Ղարաբաղի Գանձասար միջնադարյան վանքի վերականգնողական աշխատանքների և Թռչկան ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դադարեցումը:

Գանձասարի վանքը շրջապատող պատի վերականգնումը նախաձեռնել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը և իրականացվել է հենց նրա անձնական միջոցներով: Տրավերտինի սալերով ցանկապատի երեսապատումն իրականացվել է այն նույն  քարհանքից հայթայթած նյութերի օգտագործմամբ, որտեղից XIII դարում վանքի շինարարության համար քարեր են տարել:

Վերականգնման նախաձեռնողները հայտնում էին, որ աշխատանքներն իրականացվում են քանդվող պատի ամրապնդման նպատակով: Սակայն ճարտարապետների մի խումբ և մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ալիք բարձրացրեցին՝ դեմ հանդես գալով վանքի ճարտարապետական տեսքի խախտմանը: Արդյունքում վերականգնողական աշխատանքները դադարեցվեցին:

Նույն ճակատագրին արժանացավ նաև հիդրոէլեկտրակայանը, որը նախատեսված էր կառուցել Թռչկան ջրվեժի վրա, որը գտնվում է Շիրակի և Լոռու մարզի սահմանում: Հիդրոլոգիական բնական հուշարձանի պահպանմանը կողմ էին հանդես գալիս բնապահպանական կազմակերպությունները: Նրանց հաջողվեց պահպանել ջրվեժը, որը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ ստացավ:

Փորձագետների կարծիքով, հենց քաղաքացիական հասարակությունը (այլ ոչ թե նեղ կուսակցական շահեր հետապնդող քաղաքական ուժերը) կարող է իր վրա վերցնել իշխանությունների գործունեությունը վերահսկելու գործառույթը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։