480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլային իրարանցումը և ընդդիմադիր հացադուլավոր գործիչը. նախորդ շաբաթը Հայաստանում
14:31
28 Մարտի 2011

Անշուշտ, նախորդ շաբաթվա ամենավառ իրադարձությունը Եվրո-2012-ի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումն էր: Կրքերն անչափ թեժ էին, ողջ երկիրը մեծ ոգևորությամբ սպասում էր այդ մարզական տոնին, առավել ևս, որ հայկական թիմի հնարավորություններն աննախադեպ մեծ էին:

Չնայած ոչ-ոքի արդյունքին՝ շատ մասնագետներ նշեցին, որ հայ ֆուտբոլիստների մոտ մեծ առաջընթաց է գրանցվել: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ գոհ է Ռուսաստանի հավաքականի հետ գրանցված ոչ-ոքի արդյունքից՝ հաշվի առնելով խաղի ընթացքը:

«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը և առաջին 15 րոպեն շատ լավ խաղացինք, իսկ հետո չգիտեմ, թե ինչ եղավ մեր թիմի հետ: Սակայն ընդմիջման ժամանակ մենք փոփոխություններ կատարեցինք մեր մարտավորության մեջ, և ինձ թվում է, որ երկրորդ խաղակեսի ընթացքում մեր թիմի խաղը ստացվեց: Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին երկրորդ խաղակեսի համար, նրանք բնավորություն ցույց տվեցին», - շաբաթ օրը ֆուտբոլային հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մինասյանը:

Միաժամանակ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ գրանցված ոչ-ոքին համարեց նորմալ արդյունք՝ ընդգծելով, որ խաղը լարված էր: Նա նշեց, որ թիմերը ցանկանում էին հաղթել և լավ էին աշխատում:

Միաժամանակ Ադվոկատը նշեց, որ այնքան էլ գոհ չէ խաղից՝ հաշվի առնելով չիրացված բազմաթիվ գոլային պահերը և ոչ այնքան հաջող փոխանցումները:

«Սակայն մեր թիմը շատ լավ աշխատեց, միգուցե ոչ բոլորն էին ֆիզիկապես պատրաստ: Ֆիզիկական պատրաստվածության տեսակետից երկու թիմերն էլ խաղի վերջում խնդիրներ ունեցան, քանի որ խաղը շատ լարված էր», - նշեց Ռուսաստանի հավաքականի մարզիչը:

Եվրո-2012-ի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Ռուսաստանի հավաքականը տասը միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր: Ռուսաստան-Հայաստան պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին: Իսկ մինչ այդ...

Մինչ ողջ երկիրը հետևում էր Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման շրջանակներում իրադարձությունների զարգացմանը, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում էր անժամկետ հացադուլը «Ծոմ ազատության» նշանաբանի ներքո, որը նա սկսել է մարտի 15-ին Ազատության հրապարակում:

Ընդդիմադիր գործիչն առաջադրում է «սպասումների ցուցակ», որը բաղկացած է 15 կետերից, մասնավորապես, իշխանությունը ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային:

Վերջին ժամանակներս Հովհաննիսյանին է այցելել ավելի քան 15 հազար քաղաքացի, ինչպես նաև Դաշնակցություն կուսակցությունից նրա գործընկերները՝ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը՝ ի դեմս ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի, ինչպես նաև ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Գործընկերները հորդորում են Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և վերադառնալ ԱԺ աշխատանքներին: «Ժառանգություն» խմբակցությունը փետրվարի 28-ից լքել է ԱԺ նիստերի դահլիճը Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև ստորագրված կոալիցիան համաձայնագրի հետ չհամաձայնվելու պատճառով:

«Վատ է, որ «Ժառանգություն» խմբակցության անդամներից ոչ ոք չի մասնակցում խորհրդարանի նիստերին: Դուք միշտ ակտիվորեն մասնակցել եք խորհրդարանի աշխատանքներին: Մենք խնդրում ենք և նույնիսկ հորդորում ձեզ վերադառնալ նիստերի դահլիճ»,- ուրբաթ Ազատության հրապարակում Հովհաննիսյանին այցելելիս ասել է Բալասանյանը: 
Նա Հովհաննիսյանին փոխանցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջերմ ողջույնները և հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ ներդրում է կատարել Հայաստանի զարգացման մեջ:

Հովհաննիսյանն իր կողմից երախտագիտություն է հայտնել Բալասանյանին ջերմ խոսքերի համար և բարձր է գնահատել այն փաստը, որ ԲՀԿ ներկայացուցիչներն այցելել են իրեն: Նա նաև նշել է, որ «Ժառանգությունը» պարզապես ստիպված է նման անսովոր քայլի դիմել 

Նույն օրը Հովհաննիսյանին է այցելել ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով կոչ է արել պատգամավորին դադարեցնել հացադուլը և վերադառնալ օրենսդրական աշխատանքին: Խոսնակը նշել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը հնարավորություն ունի խորհրդարանականի ամբիոնից ավելի արդյունավետ ներկայացնել սեփական տեսակետը:

«Որոշ հարցերում ես համաձայն եմ Ձեզ հետ, մենք խնդիրներ ունենք և պետք է դրանք քննարկենք: Իհարկե, Ձեր որոշումն ու ընտրությունն է, թե ինչ ձևաչափով գործել, սակայն ինձ թվում է, որ խորհրդարանական ամբիոնից ձեր ձայնն ավելի լսելի կլինի և իշխանությունների, և հասարակության համար», - ասել է Աբրահամյանը:

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խոսնակին, սակայն հայտարարել է, որ «Ժառանգությունը» մտադիր է շարունակել իր պայքարը և խորհրդարանում և Ազատության հրապարակում՝ օգտագործելով բոլոր հարթակներն ու մեթոդները:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները Մարի Յովանովիչի մեկնաբանությամբ

Անցած շաբաթ տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի մամուլի ասուլիսը։

Դեսպանը ներկայացրեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ հայտարարելով, որ Դաշինքը ողջունում է Հայաստանի նախաձեռնությունը՝ Լիբիայի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ 

«Այսօր ՆԱՏՕ-ն աշխատում է Լիբիայում ոչ թռիչքային գոտու ապահովման ուղղությամբ, որպեսզի հնարավորություն տա լայնածավալ հումանիտար գործողություններ իրականացնել, և մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ լիբիացի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայտարարությունը»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նաև նշել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տարերային աղետների հետևանքները վերացնելու թեմայով Հայաստանում ՆԱՏՕ-ի անցկացրած «Հայաստան 2010» զորավարժությունների դերը։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ճապոնիայում։ Նման սպառնալիքներ կարող են առաջանալ ցանկացած պահի, և մենք պետք է պատրաստ լինենք դրանց համատեղ արձագանքելու»,- ընդգծել է նա։

Ըստ Յովանովիչի՝ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն, ողջունում են քաղաքական և գործնական բնագավառերում Հայաստանի հետ համագործակցության ինտենսիվացումը։

Մեկնաբանելով տարբեր ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է հայկական ընդդիմությանը, դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը, և դա այն ուղին է, որն ընտրել է հայ ժողովուրդը։

«Հայաստանն ինքնուրույն պետք է աշխատի ներքաղաքական գործընթացների վրա, և ԱՄՆ-ն դրանում ինչ-որ դեր չպետք է խաղա՝ չնայած մենք հետևում ենք այդ զարգացումներին»,- ասել է Յովանովիչը։

Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու Բաքվի սպառնալիքների մասին հարցին՝ դեսպանը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել։

«Մենք սերտորեն աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, և միանշանակ հակամարտության կողմերին հստակ ներկայացնում ենք, որ դրա լուծման միակ ճանապարհը քաղաքական բանակցային գործընթացն է, և չի կարող հակամարտության ռազմական լուծում լինել»,- ասել է Յովանովիչը։

Հայաստանում Իրանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի անպատասխանատու արտահայտություններին» ի պատասխան:

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ն և «հնգյակը» հույս ունեն, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կկատարի իր միջազգային պարտավորությունները: Նա նշել է, որ «մենք օգնության ձեռք ենք մեկնել Իրանին տարբեր հարցերի կապակցությամբ, իսկ Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմաթիվ փաստաթղթեր են ընդունել»՝ կարևորելով Իրանի կողմից այդ բանաձևերի շուտափույթ կատարելը:

Իրանի դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը մշտապես հայտարարել է իր պատրաստակամությունը` երկխոսություն ծավալելու փոխադարձ հարգանքի և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անվիճելի իրավունքը ճանաչելու հիման վրա և ըստ այդմ մի շարք բանակցություններ է վարել 5+1 խմբի ներկայացուցիչների հետ:

«Վերջին բանակցությունները տեղի ունեցան Ստամբուլում, սակայն ինչպես անգամներ նշել են մեր երկրի իշխանությունները, այս երկխոսությունը այն ժամանակ կհասնի իր նպատակին, երբ բանակցողները բարի կամք դրևորելով, իրապես խնդիրների և առկա հակասությունների լուծման նպատակ հետապնդեն և խուսափեն ցանկացած հոգեբանական պատերազմից և ճնշումներից, որովհետև Իրանի ժողովուրդն ու կառավարությունը անցած երեսուներկու տարիների ընթացքում ապացուցել են, որ պատրաստ չեն զոռբայության ազդեցության տակ հրաժարվել իրենց անվիճելի իրավունքներից և պատրաստ են փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում ծավալել երկխոսություն` համաշխարհային նշանակության տարբեր խնդիրների շուրջ և ներկայացնել լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - նշվում է փաստաթղթում:

Դեսպանատնից նաև նշում են, որ նկատի ունենալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղարի բազմաթիվ զեկույցները, ինչպես նաև Չմիացած երկրների շարժման խմբի հաճախակի պնդումները, մինչ այժմ Իրանի միջուկային ծրագրում որևէ շեղում չի նկատվել, ավելին, հասարակական կարծիքի լուսավորման նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետությունը դեսպաններին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին հրավիրել և հնարավորություն է ստեղծել այցելել իր միջուկային շինություններ:

«Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության համոզմունքն է, որ ՄԱԿ ԱԽ որոշումները ընդունվել են արևմտյան տերությունների քաղաքական ճնշումների ազդեցության ներքո և չունեն որևէ իրավական ուժ», - նշվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զեկուցել են ԼՂՀ-ում իրականացրած դաշտային առաքելության մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, մարտի 23-24-ը գտնվելով Վիեննայում, ներկայացրել են 2010 թ.-ի հոկտեմբերի 7-13-ը ԼՂՀ հարակից յոթ շրջաններում իրականացրած դաշտային առաքելության մասին զեկույցը:

«Համանախագահների կարծիքով՝ այս տարածքներում դաժան իրականությունը խորացրեց համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է և որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ հեռանկար ապահովել նրանց համար, ովքեր ձգտում են ապրել այստեղ ու նրանց համար, ովքեր այժմ ապրում են», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ հոկտեմբերյան առաքելությունն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի և տեղական դե-ֆակտո իշխանությունների հետ աշխատող աշխատակիցների աջակցությամբ: Համանախագահների հրավերով առաքելությանը մասնակցել են նաև տեխնիկական փորձագետներ, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի (UNHCR) կողմից ուղարկված երկու փորձագետ:

Միջազգային միջնորդները նշել են, որ առաքելությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագհաներին լավ հնարավորություն է ընձեռել տեղում բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու և բոլոր ասպեկտներում, այդ թվում նաև մարդասիրական ասպեկտում գոյություն ունեցող ընդհանուր իրավիճակի հետ ծանոթանալու համար:

Համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) մտադիր են կրկին այցելել տարածաշրջան և առաջիկայում շարունակել կարգարվոման հիմնարար սկզբունքների քննարկումը՝ հենվելով մարտի 5-ին Սոչիայում կայացած գագաթնաժողովի դրական ազդակի վրա: Նրանք իրենց զրուցակիցների հետ կքննարկեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի քննության վերաբերյալ Սոչիում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ միջոցները:

Սոչիում մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն, որում մասնավորապես, պայմանավորվեցին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ պետք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

«Նշելով ինչպես շփման գծում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում կողմերի զսպվածության կարևությունը՝ համանախագահներն անընդունելի են համարում ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում՝ այդ թվում նաև քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Այս կապակցությամբ նրանք վճռականորեն դատապարտում են ճակատային գծում սպանությունների անիմաստ շարքն ու պատասխան հարվածները», - նշվում է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին հաստատել են իրենց դիրքորոշումն այն մասին, որ բոլոր կողմերը պետք է իրենց բնակչությանը պատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: