480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կադրային փոփոխությունները որպես բարեփոխումների նոր ազդակ. Հայաստանը շաբաթվա ընթացքում
12:37
21 Դեկտեմբերի 2010

Նախորդ շաբաթն ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային խոսքով Հայաստանի Հանրապետական կուսակցության քսանամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, որում պետության ղեկավարը մատնանշեց ոչ միայն իր գլխավորած կուսակցության, այլ նաև պետական մարմինների, պաշտոնատար անձանց հետագա գործունեության հիմնական սկզբունքները։ Նախագահն անդրադարձավ ամենաարդիական թեմաներին՝ սկսած երիտասարդության խնդիրներից և ավարտած տնտեսական ու քաղաքական արդիականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ընդդիմախոսների հետ հարաբերությունների, կադրային քաղաքականության հարցերով։

ՀՀ նախագահը կարծում է, որ երկրի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան:

Կադրային քաղաքականությունում, պետության ղեկավարի խոսքերով, հնարավորություններ կտրվեն ոչ միայն հանրապետականներին, այլ նաև նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, «բայց միշտ մեզ հետ են եղել, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը»։ «Մենք կշարունակենք այդ կուրսը»,- ասաց պետության ղեկավարը։

Նախագահը ընդդիմությունը երկրի և քաղաքական դաշտի հարստություն անվանեց, զարգացման կարևորագույն ազդակներից մեկը։ Նա նշեց, որ իշխանության ընդդիմախոսների մի մասն անկեղծորեն մտահոգված են երկրի և ժողովրդի ճակատագրով, նրանք հարցեր են բարձրացնում, երբեմն շատ սուր, խնդիրներ են վերհանում, վտանգի ազդանշան են տալիս այնտեղ, որտեղ իշխանություններն ուշացել են։ «Մենք շնորհակալ ենք այդ մարդկանց նրանց ազնվության, օպերատիվության համար, նրա համար, որ ստիպում են մեզ զգոն լինել, ժամանակին մատնանշում են մեր սխալները։ Մենք հարգում ենք նման ուժերը, և նրանց կողմից ասվածը լուրջ կշիռ ունի մեր ծրագրերի մշակման գործում»,- ասաց նախագահը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեվերջը բավականին թեժ էր քաղաքական տեսանկյունից։ Կադրային վերադասավորումների տեսքով անակնկալները հաջորդում են մեկը մյուսին, բոլորին հետաքրքիր է, թե մինչև ուր կհասնեն այդ փոփոխությունները։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեք նոր նախարարներ նշանակվեցին՝ այժմ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում՝ փոխարինելով պաշտոնից ազատված Գևորգ Դանիելյանին, իսկ ֆինանսների նախարար դարձավ Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կադրային փոփոխություններն ուղղված են հնարավորությունների, ձեռքբերումների և ինտելեկտուալ փորձի միավորմանը։ «Կադրային այս փոփոխություններն անհրաժեշտ են հետճգնաժամային ժամանակահատվածում բարեփոխումներին նոր ազդակ հաղորդելու և դրված խնդիրների արժանի լուծման համար»,- ասաց կառավարության ղեկավարը։ Նա համոզմունք հայտնեց, որ փոփոխությունները կծառայեն այդ նպատակին և կբարձրացնեն կառավարման արդյունավետությունը։

Միաժամանակ, ինչպես հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կադրային փոփոխությունները երկրում կապված չեն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ։

 «Մինչև խորհրդարանական ընտրությունները դեռևս կես տարի կա, և սա նախընտրական ակցիա չէ, այլ աշխատանքային գործընթաց։ Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ ժամանակ առ ժամանակ փոփոխություններ և կադրային վերադասավորումներ են կատարվում։ Բոլորը պետք է հասկանան, որ պաշտոնը ոչ թե իրավունք է, այլ պարտավորություն, և բոլոր պաշտոնատար անձինք պետք է գործեն կուսակցության ծրագրի և նախագահի նախընտրական ծրագրի շրջանակներում»,- ասաց Շարմազանովը։

Հայաստանի մայրաքաղաքը նոր կյանք է սկսում

Երևանի 53-րդ քաղաքապետ դարձավ Կարեն Կարապետյանը, ով նախքան նշանակումը ղեկավարում էր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը։ Երևանի ավագանու խորհրդի արտահերթ նիստում Կարապետյանը գրեթե միաձայն մայրաքաղաքի քաղաքապետ ընտրվեց։

Նոր քաղաքապետն առայժմ չի ներկայացրել Երևանի զարգացման հայեցակարգը, թեև խոստացել է անել դա առաջիկայում։ Սակայն Կարապետյանը նշեց, որ իր գլխավոր խնդիրն է համարում քաղաքի կառավարման նոր մշակույթի ներդրումը։ Թե ի՞նչ է պետք հասկանալ այս խոսքերի տակ, հայտնի կդառնա շատ շուտով ։

Նախագահը կարծում է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններն առողջ մրցակցության մթնոլորտում կանցնեն

Ելույթ ունենալով Հայաստանում շաբաթ օրը Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ մեկնաբանել դատարկ խոսակցությունները և անառողջ լուրերը 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

 «Ընտրությունների մոտենալուն զուգընթաց սկսվում են խոսակցություններ, երբեմն անառողջ լուրեր կոալիցիոն կուսակցությունների փոխադարձ խանդի և մրցակցության մասին, ոմանք նույնիսկ ողբում են կոալիցիայի փլուզումը։ Մեր խնդիրը չէ մեկնաբանել անլուրջ խոսակցությունները, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա առողջ մրցակցությունը բնական և օրինաչափ է»,- ասաց պետության ղեկավարը։

Նա ընդգծեց, որ խորհրդարան կմտնեն միայն այն ուժերը, որոնք արդար պայքարում կվաստակեն ժողովրդի վստահությունը։ «Ուժերի վերաբաշխումը կարող է և պետք է իրականացնի միայն ու միայն ընտրողը։ Այլ տարբերակներ պարզապես չեն քննարկվում»,- ասաց Սարգսյանը։

Ցեղասպանության խնդիրը համաշխարհային գիտության կենտրոնում է

Նախորդ շաբաթ ողջ աշխարհի հայտնի գիտնականներ հավաքվեցին Երևանում՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործություն. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» թեմայով գիտաժողովին։

Բավելով գիտաժողովը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման խնդիրը ժամանակակից աշխարհում արդիական է ինչպես երբևէ։ «Այսօր ավելի քան անհրաժեշտ են ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործուն մեխանիզմներ։ Ակնհայտ է, որ պետություններն ու ռեժիմները շարունակում են բախվել ցեղասպանության վտանգի հետ դրանց դիմակայության համարժեք մեխանիզմների բացակայության պատճառով»,- նշեց նախագահը։

Պետության ղեկավարը ևս մեկ կարևոր շեշտադրում կատարեց։ «Ժամանակակից աշխարհում տեղ են գտնում այնպիսի երևույթներ, ինչպես որոշ պետությունների կողմից ցեղասպանության պատմության ստեղծումը»:

Գիտաժողովին մասնակցող ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլյամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը միակարծիք էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հրամայական է դարձել։

Հայկական հեռուստատեսությունն առանց «ԱԼՄ»-ի և «Ա1+»-ի

«Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունը և «ԱԼՄ» հեռուստաալիքը Հայաստանում թվային հեռարձակման արտոնագիր չստացան Երևանում հինգշաբթի անցկացված թվային հեռարձակման հաճախականությունների բաշխման մրցույթում։ «ԱԼՄ» հեռուստաալիքը մեկ հաճախականության համար պայքարում երկու միավորով զիջեց «Երևան» հեռուստաընկերությանը, որը հավաքեց 40 միավոր։

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հերքեց այն կարծիքը, որ հանձնաժողովի որոշումը «Ա1+» հեռուստաընկերությանը թվային հեռարձակման արտոնագիր տալու հարցում մերժումը կապված է ընկերության ընդդիմադիր լինելու հետ։ Նա հայտարարեց, որ տվյալ դեպքում խոսքը փաստաթղթերի կեղծման մասին է։

Ինչ վերաբերում է «ԱԼՄ» հեռուստաալիքին, ապա ԱԼՄ մեդիահոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, այն անվանելով «ծիծաղելու աստիճան անարդար»։ Հեռուստաալիքին արտոնագիր չտրամադրելը, նրա կարծիքով, ոչ այլ ինչ է, քան «հրաման վերևից»՝ ընտրությունների նախաշեմին հեռուստաալիքի ազատ և անկողմնակալ աշխատանքային ոճի պատճառով։

Այնուամենայնիվ, Կարապետյանը մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով, իսկ եթե պետք լինի, կհասնի մինչև Եվրադատարան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: