481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Արտաքին-քաղաքական զարգացումների նշանի ներքո. Հայաստանի նախորդ շաբաթվա քաղաքական իրադարձությունները
12:22
15 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախորդ շաբաթն աննախադեպ հարուստ էր հանրապետության արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղություններում տեղ գտած զարգացումներով: Այդ շաբաթն անցավ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման շուրջ բուռն քննարկումների լույսի ներքո:

Երևանում նաև անցկացվեց ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարը, որի շրջանակներում Հայաստան այցելեցին միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և իրենց տեսակետը հայտնեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների վերաբերյալ: Նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Ֆրանսիա:

ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարը Երևանում

Երևանում անցկացվել է ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» եռօրյա սեմինարը, որի մասնակիցներն իրենց տեսակետներն են հայտնել հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման և մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն սեմինարի ընթացքում տեսակետ է հայտնել այն մասին, որ բանակցային գործընթացում Ղարաբաղի շուտափույթ ներգրավումը կօգնի կարգավորել հակամարտությունը: Նրա խոսքերով՝ միջնորդների համար ակնհայտ է, որ վաղ թե ուշ Ղարաբաղը ներգրավվելու է կարգավորման գործընթացում:

Համանախագահի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է անցումային կարգավիճակ ստեղծվի Լեռնային Ղարաբաղի համար, «որը կապահովի անվտանգության երաշխիքներ, տարածքների պրոգրեսիվ վերադարձ, ինչպես նաև մինչ պատերազմի սկիզբը Ղարաբաղում բնակվող բնակչության վերադարձ»:

Ֆասիեն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին՝ հայտարարելով, որ «ցանկացած ռազմատենչ հայտարարություն ոչ միայն օգտակար չի լինի, այլև վտանգավոր կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար»:

Միաժամանակ ֆրանսիացի համանախագահը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի: «Պատերազմի վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի, քանի որ ես անձամբ եմ ծանոթ հայ և ղարաբաղցի մարտիկների խիզախությանը», - ասել է Ֆասիեն:

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գոռան Լենմարկերը այլ տեսակետ ունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ղարաբաղի մասնակցությունը:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է պահպանել գոյություն ունեցող ձևաչափն և բանակցությունների մեջ չներառել նոր մասնակիցների: Անհրաժեշտ է փորձել լուծում գտնել գոյություն ունեցող ձևաչափում», - ասել է Լենմարկերը:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ: Նրա կարծիքով, հակամարտությունը պետք է լուծվի 2010թ.-ին: Լենմարկերի կարծիքով, հակամարտության կարգավորման ճանապարհին կարևոր քայլ է Ադրբեջանի ռազմական բյուջեի կրճատումը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշն իր հերթին տեսակետ է հայտնել, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բարդությունը Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդավարության ցածր մակարդակն է:

«Խնդիրը ժողովրդավարության ցածր մակարդակն ու մարդու իրավունքները չհարգելն է: Ժողովրդավարական երկրների միջև պատերազմներ չեն լինում: Երկու ժողովրդավարական պետություն երբեք չեն պատերազմի միմյանց դեմ», - կարծում է Սոարեշը: Նա ավելացրել է, որ որևէ այլ ելք չի տեսնում բացի հակամարտության խաղաղ կարգավորումից:

Հայ-ֆրանսիական բարեկամության ոսկե էջերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ից եռօրյա պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում: Չորեքշաբթի տեղի էր ունեցել Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը:

ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով:

ՀՀ նախագահն իր հերթին նշել էր, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և նախագահ Սարկոզիին` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հետևողական և սկզբունքային մոտեցման համար:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ընդգրկված էր հայկական պատվիրակության կազմում, կարծում է, որ այսօր գրվում են հայ-ֆրանսիական հարաբերությունների «ոսկե էջերը»:

Նալբանդյանի խոսքերով, պատահական չէ, որ Ֆրանսիան այն երկիրն է, որը օրենսդրական մակարդակի վրա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որտեղ մի քանի տարի առաջ հաջողությամբ անցել է Հայաստանի Տարին, որի մասին խոսվում է մինչ այժմ:

Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչումը. դեղին քարտ Թուրքիայի՞ն, թե՞ հայկական լոբբիի հաղթանակը

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևի ընդունման վերաբերյալ մարտի 4-ից հետո սկսված քննարկումներն ու գնահատականները չէին դադարում նախորդ շաբաթ և դժվար թե դադարեն մինչև ապրիլի վերջ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը կարծում է, որ բանաձևի ընդունումը «դեղին քարտ» դարձավ Թուրքիայի համար, որն ամեն կերպ փորձում է ձգձգել խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:

Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում սկսված գործընթացը նպատակաուղղված է բացառապես Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն:

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական լոբբիստական կազմակերպությունների և Հայաստանի համատեղ ջանքերի շնորհիվ:

«Հայկական լոբբին և Հայաստանի իշխանությունները պետք է համախմբեն ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով», - ասել է Հովհաննիսյանը:

Բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեր Սաֆրաստյանը, ով չի բացառել ԱՄՆ ղեկավարության կողմից Հայաստանի համար դրական համարվող՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հնարավորությունը: Փորձագետը նաև հնարավոր է համարում, որ այս անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում օգտագործի «ցեղասպանություն» բառը:

Հարկ է նշել ոչ պակաս կարևոր փաստի մասին ևս. նախորդ շաբաթ Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչը, բնականաբար, զայրացրել ու վիրավորել է Թուրքիային: Թուրքիան անհապաղ ետ է կանչել իր դեսպանին այդ երկրից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումից հետո ԱՄՆ-ից ետ էր կանչել իր դեսպանին:

Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։