480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՓՈՓՈՒՄ. ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը զայրացրել է Թուրքիային և հպարտություն առաջացրել հայերի շրջանում
19:41
05 Մարտի 2010

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացրած հայոց ցեղասպանության բանաձևը, որն ընդունվեց 23 «կողմ» և 22 «դեմ» ձայնով, հայերի հավանությանն արժանացավ և զայրույթ առաջացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի մոտ՝ հիշեցնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության խնդիրների մասին։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի հայկական համայնքը մի քանի տասնյակ տարի շարունակ փորձում էր հասնել պատմաբանների կողմից 20-րդ դարի առաջինը համարվող հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Հինգշաբթի հայոց ցեղասպանության հարցով անցկացված քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում առաջինը չէ։ Հանձնաժողովը նմանատիպ բանաձև արդեն ընդունել է 2007 թվականին, սակայն այն քվեարկության չի դրվել Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի կողմից պալատի վրա գործադրած ճնշումից հետո։ Բանաձևի քննարկման  ներկա փուլում Օբամայի վարչակազմը այդքան էլ ուժեղ «չէր ճնշում» կոնգրեսականներին։

ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանաձևի ընդունման կապակցությամբ հայտարարել է. «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևի ընդունումը»։

«Սա համամարդկային արժեքներին ամերիկացի ժողովրդի նվիրվածության ևս մեկ վկայությունն է և կարևոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ավելացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ամենահեղինակավոր հասարակական կազմակերպությունները՝ Ամերիկայի հայկական համագումարը (ААА) և Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA), ողջունել են ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

«Չնայած Թուրքիայի կառավարության լուրջ լոբբիին, որին աջակցում էին ռազմական կորպորացիաները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը», - ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ:

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն «հպարտ է, որ հանձնաժողովը դեմ է հանդես եկել Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը:

Մենք կշարունակենք մեր աշխատանքը կոնգրեսականների և ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի ամբողջական ընդունման համար», - ավելացրել է ANCA-ի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը (Elizabeth Chouldjian):

ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼ ԻՐ ՏԵՂԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թուրքիան այս իրավիճակում իրեն հետևողական է պահում։ Բանաձևի հաստատումից արդեն մի քանի րոպե անց Անկարան հայտարարեց խորհրդակցությունների համար իր դեսպանին հետ կանչելու մասին, իսկ թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ այն մասին, որ ամերիկացի օրենսդիրների նման գործողությունները կվատթարացնեն երկու երկրների հարաբերությունները։

Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր «լուրջ մտահոգությունն» է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից պարտադիր ուժ չունեցող 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է վնասել ամերիկաթուրքական հարաբերություններին և գրեթե մեկ դար տևած թշնամանքին վերջ դնելու Թուրքիայի և Հայաստանի փորձերին։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ ներկայում ԱՄՆ-ն փորձում է հասնել Թուրքիայի մասնակցության ընդլայնմանը Իրաքի և Աֆղանստանի օպերացիաներին։ Վաշինգտոնն էլ հույս ունի, որ Թուրքիան՝ որպես ՄԱԿ ԱԽ անդամ, ոչ մշտական անդամ կողմ հանդես կգա Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։

Քաղաքական գործիչներն ու փորձագետները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հերթական սկիզբն իրականում կազմակերպվել է, որպեսզի Թուրքիային մղի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արագացմանը և թուրք-հայկական սահմանի բացմանը, ինչը տարածաշրջանն ավելի հուսալի կդարձնի դեպի Աֆղանստան տարանցիկ ճանապարհով բեռներ տեղափոխելու տեսակետից։

Բայց Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին չխոչընդոտել թուրք-հայկական հարաբերությունների բարելավմանը։

«Մենք քվեարկության արդյունքները դիտարկում ենք որպես շատ ցավալի որոշում»,- ասել է նա արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում։

Դավութօղլուի կարծիքով՝ «երրորդ կողմի միջամտությունը թուրք-հայկական հարաբերությունների բարելավման գործընթացին կխոչընդոտի դրա ընթացքին»։

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանին դիմակայող Ադրբեջանը կտրուկ արձագանքեց ամերիկացիների կողմից ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օքթայ Ասադովն ուրբաթ երկրի օրենսդիր մարմնի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց, որ բանաձևի ընդունումը վկայում է, որ Ադրբեջանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ից լուծում ակնկալել։  

Բուռն քննարկումների ընթացքում ադրբեջանական խորհրդարանում պատգամավորները հայտարարում էին, որ այդ որոշումն ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց թուրք են համարում, և աշխարհի թուրքալեզու պետությունների դեմ։

«Ցավոք, այդ որոշումով ԱՄՆ-ն ցույց տվեց իր վերաբերմունքը թուրքալեզու երկրների նկատմամբ։ Անհարժեշտ եմ համարում, որ բոլոր նրանք, ովքեր իրենց թուրքազգի են համարում, և բոլոր թուրքալեզու պետությունները պետք է համապատասխան պատասխան տան և հանդես գան դատապարտությամբ և բողոքի ակցիաներով ԱՄՆ Կոնգրեսի նման որոշման դեմ։ Բայց մինչև ապրիլ դեռ ժամանակ կա։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր ջանքերը, որպեսզի Կոնգրեսը չընդունի այդ բանաձևը»,- հայտարարեց պատգամավոր Գանիրա Փաշաևան։

Խորհրդարանական Մուսա Ղուլիևը վստահ է, որ ընդունված բանաձևը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու բնույթ է կրում։ «Բայց դա չի ծառայի թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, քանի որ այդ բանաձևի նպատակը Թուրքիային մինչև ապրիլ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել ստիպելն է»,- ասաց Ղուլիևը։

ԴՅՈՒՐԻՆ ՉԷՐ

Բանաձևի հաստատումը թեթև չէր ընթանում. դրա հակառակորդներն ամեն կերպ ապացուցում էին հանձնաժողովի անդամներին, որ այդ փաստաթղթի ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մասով ԱՄՆ գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունների սրման և կզրկի Աֆղանստանում կայանալիք օպերացիայում Թուրքիայի աջակցությունից։ Արդյունքում հանձնաժողովի անդամների ձայները կիսվեցին երկու գրեթե հավասար մասի՝ փաստաթուղթն ընդունվեց 23 «կողմ» և  22 «դեմ» ձայներով։  Բանաձևը հանձնաժողովի նիստում քննարկվում էր գրեթե վեց ժամ շարունակ։

Թուրքիան՝ ԱՄՆ-ի դաշնակիցը ՆԱՏՕ-ում, հայտարարեց, որ նման բանաձևի ընդունման դեպքում նա հետ կկանչի դեսպանին Վաշինգտոնից, իսկ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ օգտագործել իր ազդեցությունը քննարկումների գործընթացն ու բանաձևի ընդունումը արգելափակելու համար՝ զգուշացնելով, որ բանաձևի հաստատումը կվնասի ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերություններին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Թուրքիայի հետ հակամարտությունից խուսափելու նպատակով խնդրել է կոնգրեսականներին չընդունել այդ բանաձևը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հասկացրել է, որ այդ բանաձևի ընդունումը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քվեարկությունը չի նշանակում բանաձևի վերջնական ընդունում՝ այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով կուղղվի Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմի քննարկմանը։ ԶԼՄ-ների տվյալներով և առանձին կոնգրեսականների արտահայտություններով, պալատի կողմից բանաձևի քննարկումը չի խոստանում արագ և դյուրին լինել։ Բանաձևի ընդհանուր քվեարկության ժամկետն առայժմ չի նշանակվել։

Հայությունը դրան, կարծես, պատրաստ է։ Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը (ԵՀԱՖ) առավելագույն օժանդակություն է խոստանում ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններին հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման գործում ամերիկյան իշխանությունների կողմից, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։

«Մինչև ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) Եվրոպայի հայկական կազմակերպությունները կանեն հնարավորը Կոնգրեսի և Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման գործում ԱՄՆ հայ լոբբիստներին աջակցելու նպատակով»,- ասաց ԵՀԱՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: