482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ուղղահավատների էթնոջիհադ՝ ադրբեջանական ձևով
10:52
25 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում Ադրբեջանում ավելի ակնհայտ են դրսևորվում խտրականության քաղաքականության ամենաբացահայտ երևույթները, որոնք այս պետությունն իրականացնում է 1918թ.-ին աշխարհի քարտեզի վրա հայտնվելու օրվանից: Չնայած Ադրբեջանը բավականին երիտասարդ երկիր է, իսկ ժողովուրդը՝ շատ ավելի երիտասարդ (ինչպես հայտնի է «ադրբեջանցի» էթնոնիմը ի հայտ է եկել 1936թ.-ին), այս պետության խտրականության քաղաքականությունն, անկասկած, կարելի է դասել ապարթեյդի «դասականների» շարքին: Փաստացի, այս երկրի իշխանություններն արդեն յոթ տասնամյակ շարունակ չհայտարարված ջիհադ են իրականացնում ոչ թուրքական ազգությունների հանդեպ, որոնք անհիշելի ժամանակներից ապրում են իրենց պատկանող հողում:    

Ընդ որում, հիմնական թիրախն այստեղ իսլամ դավանող ոչ թուրք ժողովուրդներն են: Փաստորեն մենք գործ ունենք անգամ իսլամի համար բավականին տարօրինակ երևույթի հետ՝ չհայտարարված ջիհադ ուղղահավատների հանդեպ, միայն այն պատճառով, որ նրանք այլ ազգության ներկայացուցիչ են: Այս մոտեցումը թուլացնում է հենց իսլամի հիմքերը, որտեղ որպես հիմնական կառույց հանդես է գալիս ուղղահավատների «ումման» կամ համայնքը: Բայց Ադրբեջանին դա ընդհանրապես չի հուզում, չէ որ այդ երկրի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր վերնախավի համար, իսլամն աշխարհայացք չէ, այլ  ընդամենը հակահայկական հիստերիա բորբոքելու միջոց:    

Այս էթնոջիհադը տեղի է ունենում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական նպատակն այնպիսի անտանելի պայմաններ ստեղծելն է, որոնց դեպքում միայն ձուլվելը կարող է հանգիստ գոյատևման միջոց դառնալ: Ձուլման ընթացքում յուրացվում է ոչ թուրք ժողովուրդների պատմությունը, նյութական հուշարձաններն ու մշակույթը, անվանափոխվում են բնակավայրերի պատմական ազգային անվանումները և այլն: Օրինակ, ավարացի հասարակական գործիչների ու գիտնականների տվյալներով, ավարական լեզուն չի թույլատրվում օգտագործել անգամ մանր հաստատությունների մակարդակով: Մասնավորապես, ավարացիների կողմից ստեղծված մասնավոր հեռուստաընկերությունները, որտեղ հաղորդումները վարում էին ադրբեջաներեն, բայց երգերը հնչում էին ավարերեն, փակվեցին այն պատրվակով, թե իբր հաղորդավարները «կոտրված ադրբեջաներենով» էին խոսում:

Նմանատիպ իրավիճակ է նաև ազգային այլ փոքրամասնությունների տարածքներում: Այսպիսով, Կուսարսկի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի կարգադրությամբ այնտեղ արգելված է լեզգիերեն խոսել դպրոցներում և մշակութային հաստատություններում: Բաքվեցի բռնակալն իր մոտ է կանչել տեղի մշակույթի տան տնօրենին, ինչպես նաև դպրոցների տնօրեններին և վերջնագրի ձևաչափով պահանջել դադարեցնել լեզգիերենն օգտագործել այդ հաստատություններում: Եվ դա մի շրջանում, որտեղ բնակչության շուրջ 92 տոկոսը լեզգիներն են:    

Այս ազգային փոքրամասնությունների իրավունքները խախտվում են անգամ կրոնական ոլորտում: Ընդ որում այստեղ ակնհայտ է լավ մշակված պետական քաղաքականությունը: Օրինակ, Զակատալսկի շրջանում կրոնական կրթության հարցերը խստորեն վերահսկվում են թուրքերի կողմից: Դաղստանում կրոնական կրթություն ստացած ավարացիներին թույլ չեն տալիս գյուղապետի պաշտոն զբաղեցնել: Զակատալսկի շրջանում միակ կրոնական հաստատությունները Բաքվի իսլամական համալսարանի մասնաճյուղն է Զակատալսկում և մեդրեսեն Ալիաբադ գյուղում:   

Բաքվի իսլամական համալսարանի մասնաճյուղը ֆինանսավորվում է Երիտասարդության օգնության թուրքական հիմնադրամի կողմից: Հետաքրքիր է, բայց թուրքերն ու Ադրբեջանի մուֆթու նշանակյալ Փաշազադեն՝ Իբրահիմ Իբրահիմովը (շեկինյան ադրբեջանցի) խանաֆիթյան մազխաբի սուննիթներ են այն դեպքում, երբ շրջանի գրեթե բոլոր բնակիչները սուննիթ-շաֆիիթներ են:                        

Ազգային փոքրամասնություններն այնպիսի ծանր վիճակում են հայտնվել, որ սկսել են անգամ դիմել միջազգային կառույցների ու հարևան պետությունների օգնությանը: Օրինակ, մի քանի տարի առաջ թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահ Զահիրադին Իբրահիմին և Թալիշական մշակույթի վերածննդի միջազգային հիմնադրամի նախագահ Ազեր Մամեդովը դիմում են հղել ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ դիմումում նշվում էր հետևյալը. «Ադրբեջանում գոյություն ունեցող թալիշական խնդիրն իրականում այն է, որ իշխանությունները ցանկանում են այս ազգության բռնի ձուլում կատարել և կոտել նրա համախմբված դիմադրությունը այս խտրականության քաղաքականության հանդեպ, որն ուղղված է թալիշ ժողովրդի և թալիշական մշակույթի լիակատար ոչնչացմանը: Եվ թալիշ ժողովրդի մտավորականության հանդեպ  ճնշում գործադրելու միջոցառումները, որ իրականցվում են վերջին շրջանում, դրա վառ ապացույցն են: Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանն այդպես էլ չի կատարել միջազգային հանրության առաջ ստանձնած պարտականությունները, այն է՝ պահպանել ու զարգացնել հանրապետության ոչ թուրք ժողովուրդների մշակույթները: Այս առումով հատկապես ողբալի է թալիշ ժողովրդի վիճակը:     

Ադրբեջանում նպատակաուղղված քաղաքականություն է տարվում, որի նպատակն այն է, որ թալիշ ժողովուրդը ջնջվի հանրապետության քարտեզից: Թալիշ ժողովրդի գոյությունը ցուցադրաբար արհամարհվում է: Պաշտոնական իշխանությունը և ԶԼՄ-ները, պետական հեռուստաալիքները մեզ համառորեն «հարավցիներ» են կոչում, իսկ մեր տարածաշրջանը՝ Հարավային շրջան: Պատահական չէ, որ հենց «Թալիշ» բառն արգելված է: Մեզանից նպատակաուղղված կերպով խլում են մեր պատմությունն ու մշակույթը: Թալիշական պատմության շատ հուշարձաններ և անգամ գերեզմանաքարեր են ոչնչացվել կամ հեռացվել անհայտ ուղղությամբ: Ադրբեջանի պատմության ու գրականության նոր դասագրքերում թալիշներն ընդհանրապես չեն հիշատակվում, իսկ Թալիշի շրջանի, ինչպես նաև մնացած Ադրբեջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը վերագրվում է բացառապես թուրքերին»:   

Բայց անգամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իրենց լեզվի և անգամ ազգային ինքնագիտակցության կորստի դեպքում նրանց հանգիստ չեն թողնում: Արվում է հնարավոր ամեն բան նրանց աշխատանքային առաջխաղացումը սահմանափակելու համար: Ընդ որում հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք անցյալ դարի 30-ականներին ազգային-սոցիալիստական կուսակցության հանրագումարների ժամանակ հնչող ազգայնամոլ առաջնորդների կրակոտ ճառեր են հիշեցնում:   

Նման ճառերից վերջինը ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Հուդրատ Հասանգուլիևի հայտարարությունն էր միլի մեջլիսի նիստին: Անդրադառնալով Ադրբեջանում ձյան տեղումների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներին, Հասանգուլիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը թուրքական պետություն է, և ռազմավարական տեսակետից կարևոր ոլորտների ղեկավարների արյունը պետք է ազգային լինի, պաշտոնական պարտականությունների հետ միասին նրանց սիրտը պետք է ցավի ազգի համար»: Որոշ տվյալներով այս խոսքերն ուղղված են եղել «Ազերէներջի»-ի ղեկավար Էթիբար Պիրվերդիևին, ով ձուլված քուրդ է: Անցյալ տարի մեկ այլ պատգամավոր Վահիդ Ահմեդովը ևս անդրադարձավ տխրահռչակ քրդական գործոնին:   

Ավելին, 1992-1994թթ.-ին Արցախում ադրբեջանական միջամտության ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ուղարկում էին ճակատային առաջին գիծ՝ երկու հիմնական նպատակով: Առաջինը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ֆիզիկապես ոչնչացնելու համար, և երկրորդը՝ փորձել այդ քաղաքականությամբ ոչ թուրք ազգությունների շրջանում ատելություն սփռել հայերի հանդեպ և այդպիսով շեղել նրանց Ադրբեջանի կողմից չհայտարարված էթնոջիհադից: Բայց ազգային փոքրամասնությունները չենթարկվեցին այդ սադրանքին և մի շարք բնակավայրերում բողոքի ակցիաներ անցկացվեցին, որոնք վերածվեցին զինված բախումների: Թալիշները 1993թ.-ին երկրորդ անգամ հռչակեցին իրենց պետականության ստեղծումը (առաջին անգամ նրանք Թալիշական պետության ստեղծումը հռչակել էին 1919թ.-ին): Երկու դեպքում էլ թալիշ ժողովրդի խաղաղ նախաձեռնությունները Բաքվի իշխանությունների կողմից արյամբ են ողողվել:    

Բայց ազգային փոքրամասնություններին մինչ այժմ էլ առաջին գիծ են ուղարկում, այն դեպքում երբ թուրքերին պահում են թիկունքային դիրքերում: Հենց այդ պատճառով էլ փոխհրաձգության ժամանակ հիմնական զոհերն այս ժողովուրդների ներկայացուցիչներն են: Սրա վառ ապացույցը Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպն է, երբ ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, մարդկային կորուստներ կրեց, որոնց թվում բացառապես թալիշներ, ավարացիներ ու լեզգիներ էին:    

Այս ֆոնին ցինիկ են թվում ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը Ադրբեջանի կողմից կրոնական բնույթ տալու փորձերը և մահմեդական երկրներին, մասնավորապես այնպիսի կազմակերպությանը, ինչպիսին Իսլամական համաժողով կազմակերպությունն է, այս գործընթացին ներգրավելը: 

Սակայն էթնոջիհադը չի սահմանափակվում միայն մահմեդական փոքրամասնությունների ներկայացուցիչներով: Այն բավականին առանձնահատուկ ձևով կիրառվում է նաև հրեաների նկատմամբ, չնայած խոսքերով Ադրբեջանն ամեն կերպ բարի կամք է ցույց է տալիս հրեա ժողովրդի և Իսրայելի հանդեպ: Այս առնչությամբ կուզենայի անդրադառնալ նրան, թե ինչ է կատարվում Բաքվի պատմական հրեական թաղամասի կենտրոնում, որտեղ մինչ օրս հիմնականում հրեաներ են ապրում: Այս թաղամասի տեղում ծրագրվում է այգի կառուցել: Հեյդար Ալիևի անվան պալատի հետևում գտնվող տները գետնին են հավասարեցրել դեռ մի քանի ամիս առաջ, իսկ այժմ հասել է այլ շենքերի հերթը: Տների քանդումը ուղեկցվում է ավելի քան տասնյակ ընտանիքների սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով: Մարդիկ հրաժարվում են լքել իրենց տները, քանի որ նրանց ձեռնտու չէ իրենց առաջարկվող փոխհատուցման գումարը: Քաղաքի գրեթե կենտրոնում գտնվող բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց մարդկանց առաջարկում են ընդամենը 1500 դոլար գումար: Մարդիկ բողոքում են տարբեր ատյանների, բայց առայժմ ապարդյուն: Այս փողոցում ապրող հրեաները անգամ բողոքել են Հրեական նորությունների գործակալությանը, որը գրել է. «5770 թ.-ի Պուրիմը Բաքվի մեծ թվով հրեաներ կդիմավորեն բուլդոզերների, արգելափակող վահանների և մայրաքաղաքային գործադիր իշխանության պաշտոնյաների պաշարման մեջ:    

Սրա պատճառը ապամոնտաժման աշխատանքներն են, որոնք տարվում են Բաքվի կենտրոնում՝ պատմական հրեական թաղամասում: Քաղաքապետարանի որոշմամբ, Ադրբեջանի մայրաքաղաքի ապագա ձմեռային այգու տարածքը բնակելի շինություններից «պաշտպանվում է» բուլդոզերների, փորող մեքենաների, ոստիկանների ու պաշտոնյաների օգնությամբ: «Օրինապահ հրեա ընտանիքները, որոնց տները գտնվում են քանդման ենթակա գոտում, պատրաստ են տալ դրանք Բաքվի գործադիր իշխանությունների ձեռքը, բայց սկզբունքային մի պայմանի կատարման դեպքում. դրանց գնին համարժեք շուկայական փոխհատուցում ստանալու դեպքում»,- AEN-ին հայտնել են Ադրբեջանի լեռնային հրեաների կրոնական համայնքի վարչությունից: Սակայն հենց այս առանցքային, այսինքն փոխհատուցման չափսերի հարցում է, որ քաղաքապետարանի ու բուլդոզերներով «մաքրվող» Ֆիզուլի փողոցի տներում ապրող հրեաների դիրքորոշումներ չեն համընկնում:   

«Եթե վերականգնողական աշխատանքների սկզբում քանդվող բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի փոխհատուցումը 3500 մանաթ էր (ավելի քան 4000 դոլար), ապա այժմ պաշտոնյաները հրեաներին «անհատական կարգով» առաջարկում են 1250 մանաթ բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց»,- նշում են համայնքի վարչությունից: Ընդ որում հարևան փողոցներում տեղակայված բարձրահարկ նորակառույցներում բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրը 5-7 հազար դոլար արժե: Ֆիզուլի փողոցի բնակարանների այն սեփականատերերին, ովքեր չեն համաձայնում համեստ փոխհատուցումներին, գործադիր իշխանությունը խոստանում է անջատել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, մի խոսքով «զոռով վերցնել»:  

Իսկ նրանց, ովքեր նույնիսկ նման պայմաններում կդիմանան, բայց չեն ընդունի համեստ փոխհատուցումները, ստիպողաբար տեղահան կանեն ոստիկանական ուժի միջոցով»: Ինչպես Vesti.Az-ի թղթակցին է հայտնել Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Սեմյոն Իխիիլովը, պաշտոնայները սխալ են վարվում, մարդկանց փոխհատուցման անհամաչափ գումար հատկացնելով իրենց բնակարանների դիմաց: «Մարդիկ այդ տներում ապրում են սերնդեսերունդ, իսկ այժմ նրանց խնդրում են լքել իրենց տները՝ փոխարենն առաջարկելով գումար, որով այսօր ոչինչ չես գնի: Ինչո՞ւ են բնակիչներին դոլարով փոխհատուցում առաջարկում, եթե Ադրբեջանն իր ազգային արժույթն ունի: Դա հակացուցված է, չէ՞: Այս առնչությամբ ես արդեն դիմել եմ տարբեր ատյաններ, բայց որևէ օգնություն այդպես էլ չեմ ստացել»: Ի դեպ, քանդման է ենթակա նաև լեռնային հրեաների սինագոգը:

Որքան նման է այս ամենը Բաքվի իշխանությունների՝ քաղաքի պատմական հայկական թաղամասի քանդման քաղաքականությանը, երբ 1970-ականներին տասնյակ հազարավոր հայեր վերաբնակեցվեցին քաղաքի ծայրամասում՝ նոր բնակարան ստանալու պատրվակով: Բոլորս գիտենք, որ տասնամյակ չանցած այդ վերաբնակեցումը վտարման վերափոխվեց:

Բոլոր այս օրինակներն ավելորդ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում բացասական և ողջ միջազգային հանրության համար վտանգավոր միտումներ են ընթանում: Միջազգային հանրությունը, այդ թվում և իսլամական աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանում փոխի պետական կառուցման ու զարգացման փիլիսոփայությունը, քանի դեռ գործընթացներն այնտեղ անշրջելի բնույթ չեն կրել: Այլապես, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքն ու այն փաստը, որ Ադրբեջանում բնակվող փոքրաքանակ ժողովուրդներն իրենց եղբայրներն ունեն տվյալ պետության սահմաններից դուրս, պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով ու նոր հակամարտություններով, որոնք ըստ իրենց հետևանքների ու տարաբնույթ ակտորների ներգրավվածության աստիճանի, առավել մասշտաբային կլինեն, քան ղարաբաղյան հակամարտությունը: 

Այդ վտանգավոր գործընթացի ճանապարհին արդյունավետ արգելանքներ ստեղծելու համար միջազգային հանրությունը պետք է քաղաքական ու իրավական բնույթի որոշակի քայլեր նախաձեռնի: Ինչ վերաբերում է քաղաքական բնույթի քայլերին, ապա այս դեպքում ազդեցիկ երկրները պետք է Ադրբեջանին հասկացնեն, որ նման քաղաքականություն վարելն անընդունելի է և Բաքուն պետք է էական քայլեր նախաձեռնի քաղաքական ու հասարակական ինստիտուտների ժողովրդավարացման համար: Այստեղ առանձին և առանցքային կետ է հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելն ու անհրաժեշտ պայմաններ ստեղծելը՝ դրանց բազմակողմ զարգացումն ապահովելու համար: Այս համատեքստում առաջնահերթ միջոցներից պետք է լինի տվյալ ոլորտում հիմնարար փաստաթղթեր ընդունելու համար (որոնք Ադրբեջանը դեռ չի ընդունել) Բաքվի վրա ազդեցություն գործելը:

Օրինակ, Ադրբեջանը չի կատարում Եվրախորհրդի առաջ ստանձնած Եվրոպական խարտիայի վավերացման պարտավորությունները՝ տարածքային լեզուների և փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ, որն ընդունվել է Ստրասբուրգում 1992թ. նոյեմբերի 5-ին: Ադրբեջանը Եվրախորհրդի առաջ պարտավորվել էր նաև ընդունել 2003թ. «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը, ինչը նույնպես մինչ օրս չի կատարել: Իսկ 2007թ. սեպտեմբերին Ադրբեջանը չի ստորագրել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած դեկլարացիան՝ բնիկ ժողովուրդների իրավունքների մասին: Բնիկ ժողովուրդների իրավունքների դեկլարացիայով նախատեսվում է, մասնավորապես, բնիկ և տիտղոսակիր ժողովուրդների միջև հավասարություն, զարգանալու իրավունք և ազգային անհատականության պահպանում, իրենց բնօրրանի բնական պաշարների հանդեպ բնիկ ժողովուրդների հսկողություն և քաղաքական ինքնորոշում:

Ազգային փոքրամասնություններն այնտեղ պետք է իրավունք ու բազմակողմանի զարգացման հնարավորություն ունենան: Ադրբեջանում այդ հարցի լուծումը Կովկասի պես կարևոր տարածաշրջանում վերջնական կայունություն հաստատելու առանցքային բաղկացուցիչներից մեկն է:

Դավիթ Բաբայան, քաղաքագետ. հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշմանը

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: