482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ առասպելական նախապայմանների և ընդդիմության խաբված հույսերի շաբաթը
12:27
25 Հունվարի 2010

Նախորդ շաբաթ ի զարմանք և «տարակուսանք» Հայաստանի արտգործնախարարության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է «նախապայմաններ և սահմանափակող դրույթներ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների տառին և հոգուն»:

«Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Անկարան «հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և արձանագրությունների հիմնական դրույթներին»:

Տվյալ հայտարարության առթիվ իր դիրքորոշումն արտահայտեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նախ տարակուսանք և Անկարայի մտահոգության առիթը պարզաբանելու պատրաստակամություն հայտնելով, իսկ հետո անհեթեթ համարելով թուրքական կողմի հայտարարությունները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը վկայում է այդ արձանագրությունների վավերացման գործընթացն արհեստականորեն ձգձգելու Անկարայի ցանկության մասին:

«Թուրքիան այդ հայտարարությամբ հերթական անգման հաստատել է, որ ցանկանում է արհեստականորեն ձգձգել վավերացման գործընթացն ու արհեստական առիթներ է փնտրում իր ոչ կառուցողական դիրքորոշումն արդարացնելու համար: Սակայն նման գործողություններով Թուրքիան իրեն ծիծաղելի դրության մեջ է դնում», - ասել է Շարմազանովը:

Մեր կողմից ավելացնենք, որ Թուրքիայի արտգործնախարարության մեղադրանքները հիշեցնում են «Սայլը ճռռալու փոխարեն....» ասացվածքը, քանի որ համաշխարհային հանրությունը գրեթե ամեն օր դառնում է Թուրքիայի այն հայտարարությունների վկան, ըստ որոնց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության հարցում դրական (թուրք-ադրբեջանական տեսանկյունից) տեղաշարժերի:

Այնպես որ, եթե կողմերից որևէ մեկը կարող է խոսել իրեն ներկայացվող նախապայմանների մասին, ապա հաստատ ոչ թուրքական կողմը:

Ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի արտգործնախարարությունը: Հնարավոր է՝ թուրքական կողմը պարզապես առիթ է փնտրում հայկական կողմին ոչ կառուցողականության մեջ մեղադրելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցնելու համար՝ միաժամանակ չհամարվելով գործընթացի ձախողման մեղավոր, այլ պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա:

ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հրաժարվելու դեպքում Թուրքիան կկորցնի համաշխարհային հանրության վստահությունը, և դժվար է չհամաձայնել նրա հետ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիային չի հաջողվում ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանի կողմից զիջումների հասնել, ապա միանգամայն  տրամաբանական է, որ Թուրքիան խուճապահար գործընթացի ձախողման մեղքը Հայաստանի վրա «բարդելու» ուղիներ է փնտրում:

Նման ձախողման հնարավորությունը չբացառեց նաև Նալբանդյանը, ով հայտարարեց, որ նման բան կարող է տեղի ունենալ Թուրքիայի՝ հարաբերությունների հաստատմանը պատրաստ չլինելու պատճառով:

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև ընթացող «պայքարում» ներքաշվեց ԱՄՆ պետական դեպարտամենտը, որը գործնականում վերջակետ դրեց այս հարցում՝ հայտարարելով, որ դրական է գնահատում հայ-թուրքական արձանագրությունները երկրի Սահմանադրությանը համապատասխանելու մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: «Մենք կարծում ենք, որ դատարանի որոշումը դրական քայլ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առաջխաղացման համար», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Նախորդ շաբաթ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ թերահավատորեն արտահայտվելով այդ գործընթացում առաջընթացի մասին:

«Եթե ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական դիրքորոշում դրսևորի, ապա բանակցային գործընթացում կարող են արձանագրվել որոշակի տեղաշարժեր: Սակայն չեմ կարծում, որ 2010 թ.-ին բեկում տեղի կունենա բանակցություններում», - նշել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները՝ բացառելով այլընտրանքը բանակցություններին, ինչի մասին ամեն քայլափոխի հայտարարում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը:

Նախարարի վատատեսությունը չեն կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր պարբերաբար այցելում են տարածաշրջան և արդեն որերորդ տարին խոստանում են հակամարտության շուտափույթ լուծում:

«Ես ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այս Նոր տարում ԱՄՆ-ն կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապագայում ունենա խաղաղություն, բարգավաճում և բարօր կյանք», - նշել է Մինսկի խմբի ամենարիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն հստակ միտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերմանը:

Միաժամանակ համանախագահը հետաքրքրի կարծիք արտահայտեց՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է «տեղեկացված լինեն» ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին: Ըստ երևույթին՝ նա դա համարում է գործընթացի մեջ ԼՂՀ-ի և նրա ժողովրդի ներգրավվածության բավարար աստիճան և մոռանում է այն մասին, որ Մինսկի խմբի ստեղծման ժամանակ ամրագրվել է, որ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ, հակառակ դեպքում դրանք զուրկ են իրավաբանական ուժից:

Նույն բանի մասին է հայտարարում ՀՀ ԱԳ նախարարը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ղարաբաղի ժողովրդի ձեռքում է:

Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունների և լծակների թվում նախարարը նշեց, որ ԼՂՀ-ն անուղղակիորեն միշտ ներկա է բանակցությունների սեղանի շուրջ, ինչի մասին վկայում են համանախագահների և հանրապետության ղեկավարների մշտական հանդիպումները, որոնց ընթացքում նրանք փորձում են այցելել Ստեփանակերտ և ծանոթանալ նրանց դիրքորոշման հետ:

«Եթե որևէ մեկը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի ձգձգումներ, ապա դրա կարևորագույն պատճառը բանակցությունների սեղանի առջև Ղարաբաղի բացակայությունն է: Եվ ինչպես մենք տեսնում ենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին հենց Ղարաբաղի ժողովրդի ձեռքում է», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի ներքաղաքական կյանքը նախորդ շաբաթ կենտրոնացված էր «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի երկար սպասված դատավարության շուրջ: Փաշինյանը մեղադրվում է 2008 թ.-ի մարտյան անկարգություններին մասնակցելու մեջ:

Երեքշաբթի դատարանը դատավճիռ է կայացերլ Փաշինյանի գործով՝ դատապարտելով նրան յոթ տարի ազատազրկման: Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդարացրել է Փաշինյանին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու  մեղադրանքից (իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելը):

«Իմ նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախմբի և անձամբ նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի կողմից և զուրկ է որևէ իրավական հիմնավորումից», - ասվում է լրագրողի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի երեկոյան:

Փաշինյանը հայտարարել է, որ մեղադրող կողմի ներկայացրած առանց բացառության բոլոր «ապացույցները» եղել են շինծու, մտացածին՝ ավարտելով իր հայտարարությունը հայտնի ընդդիմադիր նշանաբանով՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»:

Փաշինյանի նկատմամբ դատավճռի կապակցությամբ արտահայտվել է նաև ընդդիմադի Հայ ազգային կոնգրեսը:

«Երկարատև դատավարությունից հետո դատարանին այդպես էլ չհաջողվեց գտնել որևէ վկայություն կամ ապացույց, որը կհաստատեր  քաղբանտարկյալին ներկայացված մեղադրանքներից գոնե որևէ մեկը: Հակառակը, դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր և վկայություններ, որոնք լիովին հերքում են ներկայացված մեղադրանքները», - ասվում է հայտարարության մեջ:

Այսպես թե այնպես, Փաշինյանը մտադիր է բողոքարկել դատավճիռը վերին ատյաններում՝ ընդհուպ մինչ եվրոպական ատյանները: Այնպես որ, կարծես թե պատմությունը սրանով չի ավարտվում:

Շողիկ Վարդանյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: