480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Արցախյան հակամարտության կարգավորումը 2009 թ.-ին. նոր գինի և հին մորթիներ
18:09
14 Հունվարի 2010

Նախորդ տարի մենք ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում նոր միտումների, ինչպես նաև բանակցային գործընթացի վրա ազդող նոր գործոնների ի հայտ գալու ականատեսը դարձանք:

Հասարակության հետ երկխոսության հաստատում

Այցելելով տարածաշրջան՝ միջազգային միջնորդները, մասնավորապես, հանդիպումներ էին ունենում ոչ միայն պաշտոնական անձանց, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Առաջին նման հանդիպումը ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ տեղի ունեցավ մարտի 1-ին Ստեփանակերտում:

Եթե մի կողմ թողնենք հանդիպման նախաձեռնողների պատճառաբանությունը, ապա հարկ է նշել նման միջոցառումների անցկացման բուն փաստի նշանակալի լինելը: ԼՂՀ ՀԿ ներկայացուցիչների հետ միջնորդների շփումը խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդունել են, որ բացի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունից և տարբեր գործող անձանց շահերից Ղարաբաղում կա հասարակություն, և անհրաժեշտ է լսել նրա կարծիքը: Ի վերջո՝ որոշվում է այստեղ բնակվող մարդկանց ճակատագիրը:

Միջնորդների հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության առաջնորդները բավականին կոշտ ձևով ներկայացրեցին հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ  իրենց մոտեցումները: Մասնավորապես՝ հայտարարվեց լիարժեք բանակցային ձևաչափի (Ադրբեջան, ԼՂՀ և Հայաստան) վերականգնման, «մադրիդյան սկզբունքների» հրապարակման անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված տարածքները չեն կարող առքուվաճառքի առարկա լինել, ինչպես նաև հայտարարվեց ԼՂՀ-ի և նրա ժողովրդի անվտանգության ապահովման խնդրի մասին: Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների առաջնորդները այն դիրքորոշը հայտնեցին, որ անվտանգության լավագույն երաշխիք կարող է լինել ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետականությունը:

Կարծիք արտահայտվեց այլ հակամարտությունների գոտիներում անվտանգության ապահովման տեսանկյունից միջազգային խաղաղարար ուժերի ոչ  արդյունավետության մասին:

Երկրորդ անգամ միջնորդները Ղարաբաղի ՀԿ ներկայացուցիչների հետ ընդլայնված կազմով շփվեցին Վիեննայում, որտեղ մարտի 24-ին անցկացվեց Կլոր սեղան՝ ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջնորդները պատմեցին հակամարտության կարգավորման ընթացքի մասին. ակնհայտ էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից իրենց գործունեությանն աջակցություն ստանալու համանախագահների ցանկությունը: Ֆորումի մասնակիցները պնդում էին խաղաղարար գործընթացի բաց բնույթի  անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է քաղաքացիական հասարակության աջակցության հույս ունենալ:

Ինչպես ղարաբաղցի, այնպես էլ ադրբեջանցի մասնակցիները պահանջեցին քննարկվող «մադրիդյան սկզբունքները» դարձնել հասարակության սեփականությունը: Միջնորդներին ասվեց, որ չի կարելի աջակցել կամ չաջակցել որևէ գործընթացի՝ առանց հավաստի տեղեկատվության առկայության:

Հակամարտության կարգավորման գործընթացի մեջ քաղաքացիական հասարակության ներգրավման փորձերը նորարարություն են միջազգային միջնորդների գործունեության մեջ:

Ավելի շատ բաց աշխատանք 

Բանակցային գործընթացն առավել բաց դարձնելու մեկ այլ փորձ եղավ հակամարտության կարգավորման վեց «մադրիդյան» կամ «հիմնարար սկզբունքների» հրապարակումը: Սկզբունքները հրապարակվեցին հուլիսի 10-ին ԵԱՀԿ և ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքերում՝ ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի, ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի համատեղ հայտարարության հետ միասին, որն ընդունվել էր Իտալիայի Աքվիլա քաղաքում:

ԼՂՀ հասարակական և երիտասարդական կազմակերպությունները, քաղաքական կուսակցություններն ու ղարաբաղցի փորձագետները տարբեր ձևերով իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին հակամարտության կարգավորման հրապարակված սկզբունքների նկատմամբ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելի լինելն ամրագրված է Համահայկական կոնֆերանսի բանաձևի մեջ, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում հուլիսի 10-11-ը: Հայաստանից, Արցախից և Սփյուռքից Կոնֆերանսի մասնակիցները պահանջեցին Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ չընդունել առաջարկված սկզբունքները, որոնք, մասնավորապես, միակողմանի տարածքային զիջումներ են պարունակում:

Կոնֆերանսի մասնակիցները փաստեցին, որ հակառակորդին տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդն ունի ինչպես իրավաբանական և քաղաքական, այնպես էլ պատմական իրավունքներ, հզոր բարոյական հարված կդառնա հայ ժողովրդի համար, կարող է տարիներով զրկել դիմադրելու և սեփական պետականությունը կառուցելու ազգային կամքից:

Հուլիսին Ղարաբաղի ՀԿ ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել  տարածաշրջանային Հասարակական ֆորումներին, որոնք աջակցում էին պաշտոնական խաղաղարար գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: ԼՂՀ քաղաքացիական հասարակության փորձագետների և առաջնորդների գնահատականների համաձայն՝ միջնորդների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սխեման հակասում է ԼՂՀ և Հայաստանի արմատական շահերին:

ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդները որոշում ընդունեցին «չաջակցել գործընթացներին, որոնք չեն նպաստում արդար խաղաղության հասնելուն, այլ ուղղված են իրավիճակի ապակայունացմանը ինչպես ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երկրներում, այնպես էլ հենց այդ երկրների միջև»: Կարևոր է նշել, որ ԼՂՀ և Հայաստանի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցություններն ու փորձագետները, որոնք դեմ են այդ սկզբունքներին, իրականում խաղաղ կարգավորման հակառակորդներ չեն: Նրանք պարզապես կարծում են, որ հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրագործումն ավելի շուտ կհանգեցնի նոր պատերազմի, քան թե կապահովի կայուն խաղաղություն:

2009 թ.-ին բանակցային գործընթացի արհեստական արագացումը՝ որպես հայկական կողմերի վրա ճնշման ձև, չէր կարող չանդրադառնալ ԼՂՀ-ի հասարակական տրամադրությունների վրա: Ղարաբաղցի փորձագետները, հասարակական և քաղաքական գործիչները, այսպես թե այնպես, սկսեցին ավելի ակտիվ արտահայտել իրենց վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ:

Ինչպես նշել է ԼՂՀ քաղաքացիական առաջնորդներից մեկը՝ Գեղամ Բաղդասարյանը, եթե ավելի վաղ ղարաբաղյան խնդիրը քննարկվում էր ամենուրեք, բացի Ղարաբաղից, ապա այժմ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Ղարաբաղյան խնդրի շուրջ մենք սկսեցինք անցկացնել Կլոր սեղաններ, ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումներ, ՀԿ առաջնորդների աշխատանքային հանդիպում-բանավեճեր, խորհրդարանական լսումներ և այլ միջոցառումներ:

Հայ-թուրքական կատալիզատոր

Ղարաբաղի շուրջ բանակցությունների արագացման ինքնատիպ կատալիզատոր դարձավ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Այդ գործընթացը միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր տարածաշրջանի նկատմամբ:

2009 թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վեց հանդիպում անցկացրեցին: Բավականին հաճախ էին հանդիպում նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Նախորդ տարի նախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցավ Աթենքում, որտեղ դեկտեմբերի սկզբին կայացավ ԵԱՀԿ երկրների Արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստը: Հանդիպման արդյունքում ընդունվեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների, ինչպես նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը:

Նախարարները հայտարարեցին, որ կշարունակեն հիմնարար սկզբունքների համաձայնեցումն ու հակամարտության կարգավորմանն աջակցելը՝ Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում և ուժի սպառնալիք, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշում, ինչպես նաև տարածքային ամբողջականություն: Դեկտեմբերի 2-ին այդ մոտեցումները ստացան ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի աջակցությունը:

2009 թ.-ի ապրիլից, երբ հրապարակվեց Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, ինչպես նաև միջնորդ-երկրի՝ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության համատեղ հայտարարությունը, Թուրքիան չէր հրաժարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միմյանց շաղկապելու փորձերից:

Թեև ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղը չի հիշատակվում, Թուրքիայի իշխանությունները խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացման համար որպես պայման առաջ են քաշում ղարաբաղյան խնդրի կարգավորումը՝ ըստ ադրբեջանական սցենարի: Այդ կերպ Թուրքիան փորձում է հայ-թուրքական ջերմացման հարցում օգտագործել ինչպես միջազգային ճնշումը, այնպես էլ միջազգային հետաքրքրվածությունը՝ Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների հասնելու նպատակով: Սա է ԼՂՀ-ի և Հայաստանի ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքը:

Թուրքիայի վարչապետը չի դադարում խոսել հայ-թուրքական հարցի և ղարաբաղյան խնդրի փոխկապակցվածության մասին: Սակայն նա լռում է այն մասին, որ այդ երկու առանձին հարցերի կապող օղակը պանթուրքիզմի դոկտրինն է, որից, ամենայն հավանականությամբ, Անկարայում դեռ չեն հրաժարվել:

Եվրամիություն. նոր խաղացո՞ղ

Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև հետխորհրդային ևս չորս երկրներ, 2009 թ.-ին դարձան Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներ: ԵՄ-ն որոշում ընդունեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման մասին: Այս կապակցությամբ սեպտեմբերին Բրյուսելում խորհրդակցություններ անցկացվեցին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների և ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների միջև:

Նշվեց, որ Եվրամիությունը մտադիր չէ փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն ծրագրում է աջակցել հակամարտության կարգավորմանը՝ վստահության միջոցառումների և կողմերի քաղաքական հասարակությունների միջև երկխոսության իրականացման միջոցով: Արդեն 2010 թ.-ին ԵՄ-ն մտադիր է մի շարք նախագծեր ֆինանսավորել ոչ կառավարական հատվածում, որոնք կընդգրկեն Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը:

Հին խոչընդոտներ կամ չսովորած դասեր

Եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա վերջին տարվա ընթացքում բանակցային գործընթացը դարձավ ավելի դինամիկ, աճեց տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը, կա գործընթացի մասնակիցների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև խաղաղարար գործընթացի մեջ հակամարտող երեք կողմերի ներգրավման միտում:

Սակայն դեռ վաղ է խոսել խաղաղ պայմանագրի շուտափույթ ստորագրման մասին, քանի որ երկխոսությունը շարունակվում է խեղաթյուրված ձևաչափով (առանց ԼՂՀ մասնակցության), հակամարտության կարգավորման քննարկվող հիմնարար սկզբունքներն անիրատեսական են, իսկ միջազգային միջնորդների կողմից ընդունված կարգավորման մեթոդաբանությունը չի կարող ապահովել լուրջ առաջխաղացում:

Վերլուծելով հակամարտությունը կարգավորելու Մինսկի խմբի բազմամյա անհաջող փորձերը՝ կարելի է գալ եզրահանգման, որ հակամարտության կարգավորման միջազգային դիվանագիտության հիմքում ընկած է «համակարգային սխալ», որը վերջին 17 տարվա ընթացքում թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել այդ հարցում:

Բանն այն է, որ համաշխարհային կենտրոնների կողմից 1991 թ.-ին ընդունված զուտ քաղաքական որոշումը, ըստ որի՝ նախկին Խորհրդային Միության տարածքում որպես նորանկախ պետություններ պետք է ճանաչել միայն այն գոյացությունները, որոնք ԽՍՀՄ փլուզման ժամանակ ունեին խորհրդային հանրապետությունների կարգավիճակ, կործանարար հետևանքներ ունեցավ:

Այդ ժամանակ ուշադրություն չէին դարձրել այն բանի վրա, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում արդեն հակամարտություն էր նշմարվում, քանի որ այնտեղ ձևավորվել էր երկու պետություն՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ըստ էության՝ ռազմաքաղաքական վերահսկողության երկու ինքնուրույն հատվածներ:

Այս ամենի արդյունքում անտեսելով այդ հանգամանքն ու ճանաչելով միայն Ադրբեջանի անկախությունը՝ միջազգային հանրությունը, փաստորեն, պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: 1991 թ.-ին համաշխարհային կենտրոնների կողմից ընդունված քաղաքական որոշումը Բաքվում ընկալվեց որպես գործելու ազդանշան: Այն ժամանակ Ադրբեջանին թվաց, թե իրեն հակամարտության ուժային կարգավորման քարտ-բլանշ է տրվել:

Միջազգային հանրությունը պետք է շտապ ուղղի իր սխալն ու վերանայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը: Ոչ միայն այն պատճառով, որ նախորդ հազարամյակի 90-ական թվականների սկզբի որոշումները հնացել են և կորցրել են իրենց արդիականությունը, այլև այն պատճառով, որ այսօր էլ ավելի վաղ ընդունված մոտեցումը կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ, քանի որ խրախուսում է նախկին ինքնավարությունների դեմ նախկին «մետրոպոլիաների» նոր ագրեսիաները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջխաղացում կարող է ապահովվել միջազգային միջնորդների կողմից Բալկաններում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերջին նախադեպերի կիրառման դեպքում: Կարելի է փաստել, որ Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը փակել է այդ հակամարտությունների լուծման ռազմական ուղին, ապահովել է այնտեղ բնակվող ժողովուրդների ֆիզիկական անվտանգության երաշխիքներն և նոր ու հավասար պայմաններ է ստեղծել՝ հակամարտող սուբյեկտների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար:

Ղարաբաղի դեպքում նման հավասարություն դեռևս չկա: Այո, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր են և միջազգային իրավունքի սուբյեկտ են՝ անկախության հռչակման պահից սկսած: Անհավասարությունն այն է, որ մի դեպքում անկախությունը միջազգայնորեն ճանաչված է, մյուս դեպքում՝ ոչ:

Պայմանավորվող բոլոր կողմերի կարգավիճակի «հավասարեցումը» կարող է որպես բանալի ծառայել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի ձեռք բերման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

Մասիս Մայիլյան, Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի անդամ

Ք. Ստեփանակերտ, «ԱՆԱԼԻՏԻԿՈՆ» ամսագիր

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ    

 



 
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։