484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար 2009թ.-ի տասը ամենագլխավոր մարզական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
14:15
24 Դեկտեմբերի 2009

Անցնող 2009թ.-ը կհիշվի հայ մարզիկների զգալի հաջողություններով, ովքեր աստիճանաբար սկսում են վերադարձնել նախորդ տարիների ընթացքում կորցրած դիրքերը, հատկապես այն մարզաձևերում, որտեղ Հայաստանն ավանդաբար միշտ ուժեղ է եղել, դրանք են՝ ծանրամարտը, ըմբշամարտը, բռնցքամարտը: Ընթացիկ տարվա հայ մարզիկների հաջողությունների մասին են վկայում 135 մեդալները, որոնք նվաճվել են տարբեր տարիքային կատեգորիաներում, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ:

1. Աշխարհի առաջնությունների երկար սպասված ոսկին

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որին Հայաստանը սպասում էր արդեն մի քանի տարի. հայ ծանրորդ Նազիկ Ավդալյանը (69 կգ քաշային կարգ) նվաճեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի ոսկին: Ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Հարավային Կորեայի Գոյանե քաղաքում: Վերջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը ծանրամարտում աշխարհի չեմպիոնի տիտղոսի էր արժանացել 18 տարի առաջ:

Հայաստանի հավաքականը փայլուն հանդես եկավ աշխարհի առաջնության ժամանակ՝ 12 մեդալով (3 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ) թիմային հաշվարկում զբաղեցնելով 4-րդ տեղը և զիջելով միայն Չինաստանի, Ղազախստանի և Հարավային Կորեայի հավաքականներին: Թիմային հաշվարկում կանանց շրջանում Հայաստանի հավաքականը 3 ոսկե և 3 արծաթե մեդալներով զբաղեցրեց 3 տեղը, թիմային հաշվարկում տղամարդկանց շրջանում հայկական հավաքականը ութերորդն էր (4 արծաթե և 2 բրոնզե մեդալ):

Հայաստանի յոթ ներկայացուցիչներից վեցն արժանացան տարբեր կատեգորիայի մեդալների՝ Նազիկ Ավդալյանը (69 կգ քաշային կարգ) դարձավ աշխարհի չեմպիոն (1 մեծ և 2 փոքր ոսկե մեդալ), արծաթե մեդալների արժանացան Առաքել Միրզոյանը (նաև փոքր բրոնզե մեդալ՝ պոկում վարժությունում, 69 կգ քաշային կարգ) և Տիգրան Գ. Մարտիրոսյանը (նաև փոքր արծաթ՝ պոկում վարժությունում, մինչև 77 կգ քաշային կարգ), Տիգրան Վ. Մարտիրոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ) նվաճեց փոքր արծաթ պոկում վարժությունում, Գևորգ Պողոսյանը (85 կգ քաշային կարգ) արժանացավ փոքր բրոնզե մեդալի հրում վարժությունում, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (մինչև 75 կգ քաշային կարգ) արժանացավ երեք բրոնզե մեդալի:

Աշխարհի առաջնության ժամանակ իր ձեռքբերումների շնորհիվ Նազիկ Ավդալյանը իրավամբ արժանացավ Հայաստանի 2009թ.-ի լավագույն մարզիկի կոչմանը:

Հարկ է նշել, որ 2009 թվականը բավականին հաջող էր հայ ծանրորդների համար: Աշխարհի առաջնությանը նախորդեց ապրիլի 4-12-ը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության, ինչպես նաև Լեհաստանում Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ մեր ծանրորդների հաջող ելույթը:

Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանը ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը: Ոսկե մեդալակիր դարձավ Առաքել Միրզոյանը մինչև 69 կգ քաշային կարգում (ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին), Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը համապատասխանաբար մինչև 69 կգ և մինչև 75 կգ քաշային կարգերում արժանացան արծաթե մեդալների:

Մրցումների արդյունքում Առաքել Միրզոյանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն մարզիկ:

2. Հայ մարզիկի շախմատային հաղթարշավը

Ինչպես միշտ մրցաշրջանը հաջող ավարտեց շախմատի տղամարդկանց հավաքականի առաջնորդ Լևոն Արոնյանը, ով ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: 2009թ.-ին Արոնյանի գլխավոր ձեռքբերումը դարձավ ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթանակը, որը նրան իրավունք տվեց հաջորդ տարի պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Հատկանշական է, որ Արոնյանն իր հաղթանակը ամրագրեց Գրան-պրիի՝ Ջերմուկում անցկացված փուլից հետ:

Արոնյանի հաղթանակների ցուցակում նախորդ տարվա հաղթանակներ են Բիլբաոյում անցկացված «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլում, Chess Classic Mainz 2009 արագ շախմատի աշխարհի առանջության մրցաշարում, Նիցայում անցկացված «կույր»և «արագ» շախմատի «Ամբեր» մրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներ:

3. Վիկ Դարչինյանի՝ հայկական դրոշի ներքո հանդես գալու որոշումը

Բոլորի համար անսպասելի՝ մայիսի վերջին պարզ դարձավ, որ գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն,  Ավստրալիան ներկայացնող աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ով ստացել է «Կատաղի ցուլ» մականունը, այսուհետ հանդես է գալում Հայաստանի դրոշի ներքո: Մինչ այդ Վիկը մենամարտում էր Ավստրալիայի դրոշի ներքո, չնայած հայկական եռագույնը միշտ ծածանում էր հաղթանակից հետո:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն, միայն հայկական դրոշի ներքո ռինգ դուրս գալու որոշումը Դարչինյանը ընդունել է ռուսաստանցի հայ ձեռներեց Սամվել Կարապետյանի, ինչպես նաև վերջինի եղբայր՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ խորհրդակցելուց հետո:

Հարկ է նշել, որ ուժեղագույն հայ բռնցքամարտիկներն այսօր հանդես են գալիս այլ երկրների դրոշերի ներքո (օրինակ՝ Արթուր Աբրահամն ու Սյուզի Կենտիկյանը ներկայացնում են Գերմանիան), և Դարչինյանի որոշումը չնայած անսպասելի էր, սակայն գովելի, որը ուրախություն և ոգևորություն առաջացրեց բռնցքամարտի հայ սիրահարների շրջանում: Բացի այդ Վիկը խոստացել է 2010 թ.-ին իր մենամարտերից մեկն անցկացնել Հայաստանում:

Ցավոք, հայկական դրոշի ներքո Դարչինյանի առաջին մենամարտը ավարտվեց նրա պարտությամբ, նա հուլիսի 11-ին տեղի ունեցած համառ պայքարում միավորների թվով զիջեց Ջոզեֆ Ագբեկոյին, սակայն արդեն հաջորդ մենամարտում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, «Կատաղի ցուլը» համոզիչ հաղթանակ տարավ մեքսիկացի բնռցքամարտիկ Թոմաս Ռոխասի նկատմամբ՝ նոկաուտի ենթարկելով նրան երկրորդ ռաունդի վերջում:

Այս մենամարտերից հետո Դարչինյանն իր կարիերայի ընթացքում տարել է 33 հաղթանակ, որոնցից 27-ը՝ նոկաուտով, մեկ ոչ-ոքի և ընդամենը երկու պարտություն:

4. Երևանում անցկացվող Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը ճանաչվել է տարվա լավագույն մարզական միջոցառումը

Երևանում սեպտեմբերի 9-14-ն անցկացվել է Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել է 40 երկիր ներկայացնող շուրջ 500 մարզիկ: Սակայն հայ մարզասերի մոտ այն կհիշվի ոչ միայն Արտյոմ Բաղդասարյանի (73 կգ քաշային կարգ) հաղթանակով, այլև մրցաշարին ադրբեջանական պատվիրակության մասնակցությամբ: Առաջին անգամ ադրբեջանցի մարզիկները որոշեցին մասնակցել Հայաստանում անցկացվող մրցումներին:

Երևանյան մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան մրցաշարը ճանաչեց տարվա լավագույն մարզական միջոցառում:

5. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշների հաջողությունները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայկական հավաքականը փետրվարին հաջող հանդես եկավ Ֆրանսիայում անցկացված Աշխարհի գավաթի և Լիտվայում ապրիլին անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ՝ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը: Միաժամանակ դասական ոճի ըմբիշներ Յուրի Պատրիկևը (120 կգ քաշային կարգ) և Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ քաշային կարգ) նվաճեցին ոսկե մեդալներ Եվրոպայի առաջնության ժամանակ, իսկ Ռոման Ամոյանը (55 կգ քաշային կարգ) սեպտեմբերին Դանիայում արժանացավ աշխարհի առաջնության արծաթե մեդալի:

Նման արդյունքները թույլ տվեցին երկրի մարզական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հունահռոմեական ըմբշամարտի հավաքականին ճանաչել 2009թ.-ի Հայաստանի լավագույն թիմ:

6. Երևանում անցկացված Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարության մյուս հաջողությունները

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) որոշմամբ, մայիսի 23-ից 30-ը Երևանում տեղի ունեցավ Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մանակցեցին 42 երկրի պատվիրակություններ: Առաջին անգամ բռնցքամարտի նման խոշոր մրցաշարի անցկացումը վստահվեց Հայաստանին, ինչը կարելի է համարել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարության վաստակը:

Հարկ է նաև նշել, որ ամենաթեթև քաշային կարգում (մինչև 46 կգ) պատանեկան առաջնության հաղթողը դարձավ հայ բռնցքամարտիկ Կարեն Սողոմոնյանը:

2009թ.-ին հայկական սիրողական բռնցքամարտի մեկ այլ խոշոր հաջողությունը դարձավ Անդրանիկ Հակոբյանի (75 կգ) արծաթե մեդալը սեպտեմբերին Միլանում անցկացված Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ:

7. Շախմատի Եվրոպայի առաջնության ժամանակ Լիլիթ Մկրտչյանի արծաթե մեդալը

Հայ տղամարդ շախմատիստների հաղթանակներին մենք վաղուց ենք սովորել, այդ պատճառով ավելի հաճելի էր Հայաստանի կանանց հավաքականի առաջնորդներից մեկի՝ Լիլիթ Մկրտչյանի հաջողությունը, ով մարտին անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ նվաճեց արծաթե մեդալ՝ լրացուցիչ հանդիպման ժամանակ Շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը զիջելով ռուս շախմատիստուհի Տատյանա Կոսինցևային:

8. Բասկետբոլ. «Հատիսի» վերածնունդը

Բասկետբոլի «Հատիս» կանանց հավաքականը (Աբովյան) մեծ հաջողություններ ուներ խորհրդային առաջնությունների ժամանակ, իսկ 1988 թ.-ին դարձավ ԽՍՀՄ գավաթակիր: Երբ այս տարի որոշում ընդունվեց վերածնել «Հատիսը», ոչ ոք չէր հավատում, որ այն այդքան արագ կկարողանա հաջողության հասնել միջազգային ասպարեզում: Դրա ապացույցն այն է, որ Եվրոպայի գավաթի ժամանակ «Հատիսի» առաջին խաղերի համար բուքմեյքերները նրան տալիս էին 30-40 միավոր:

Սակայն հակառակ բոլոր հոռետեսների՝ «Հատիսը», որն այժմ ներկայացնում է Երևանը, կարողացավ զբաղեցնել երկրորդ տեղը Եվրոպայի գավաթի F խմբում և դուրս գալ 1/16 եզրափակիչ, որտեղ հաջորդ տարի ուժերը կչափի Ռուսաստանի «Նադեժդա» թիմի (Օրենբուրգ)  հետ:

Հայ երկրպագուները հատկապես ոգևորված էին թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ «Հատիսի» տարած հաղթանակներով: Սկզբում նոյեմբերի 26-ին «Հատիսը» Ստամբուլում 87-64 հաշվով ջախջախեց «Բեշիքթաշին», որին հետևեց թուրք մարզչի հրաժարականը, իսկ հետո՝ դեկտեմբերի 17-ին, «Հատիսը» հաստատեց իր հաջողության օրինաչափությունը՝ Երևանում 78-74 հաշվով կրկին պարտության մատնելով «Բեշիքթաշին»:

9. Հայաստանի առաջին մեդալը Ձյուդոյի աշխարհի առաջնություններում

Հայ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ) օգոստոսին Ռոտերդամում աշխարհի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ նվաճեց: Նրա հաջողությունը Հայաստանի համար պատմական է, քանի որ նա նվաճեց հայկական ձյուդոյի պատմության մեջ առաջին մեդալը:

Բացի աշխարհի առաջնության բրոնզե մեդալից, Դավթյանին նախորդ սեզոնում հաջողվեց հաղթել նաև մայիսին Մոսկվայում անցկացված «Մեծ սաղավարտ» (Moscow Grand Slam) միջազգային մրցաշարում:

10. Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի փայլուն հաղթանակը

2009թ.-ին իր խաղով 20-ամյա Հենրիկ Մխիթարյանը զարդարեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տաղտկալի խաղերից ստացված տպավորությունը: Երկրպագուները նշում են, որ Արթուր Պետրոսյանից հետո հավաքականում նման վառ գրոհող չի եղել:

Սեզոնի առաջին մասը Մխիթարյանն անցկացրեց «Փյունիկում» և մասնակցելով միայն 10 հանդիպումներում՝ 11 գոլերի հեղինակ դարձավ: Այդ գոլերը բավական էին Հայաստանի չեմպիոնի՝ «Փյունիկի» լավագույն ռմբարկուն, ինչպես նաև Հայաստանի 2009թ.-ի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը ճանաչվելու համար: Սեզոնի առաջին կեսից հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ շարունակեց բարձր արդյունավետություն ցուցադրել՝ Ուկրաինայի առաջնությունում ևս յոթ գոլի հեղինակ դառնալով:

Հաջող էին նաև նրա ելույթները Հայաստանի ազգային և հատկապես երիտասարդական հավաքականների խաղերում: Մասնավորապես, երիտասարդական հավաքականի կազմում Մխիթարյանը 5 գոլի հեղինակ դարձավ՝ տարբերվելով Իռալնդիայի հավաքականի հետ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, որտեղ նա հատուկ հնարքի հեղինակ դարձավ:

Այս ամենի շնորհիվ Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի 2009թ.-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով: