486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մեկնի՞ ՀՀ նախագահը Թուրքիա, թե ոչ: Այ թե որն է խնդիրը...
16:16
31 Օգոստոսի 2009

Որքան մոտենում է հայ-թուրքական «դիվանագիտական» ֆուտբոլի երկար սպասված երկրորդ հանդիպումը, այդքան թեժանում են վեճերն այն մասին, թե կմեկնի՞ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիա և Թուրքիան իր հերթին կբացի՞ արդյոք սահմանը հոկտեմբերի 14-ի համար: Հայկական հասարակությունն այնքան է կենտրոնացել այդ հարցերի շուրջ, որ կանխատեսումները հաճախ սկսում են երիցուկի թերթիկներով գուշակումներ հիշեցնել՝ «կգնա-չի գնա», «կբացեն-չեն բացի»:

Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ չարժե չափազանցնել կայանալիք ֆուտբոլային հանդիպման նշանակությունը: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, որ այս հարցում ամենակարևորն այն է, որ ցանկացած պայմաններում ՀՀ նախագահը պահի իր խոստումը, այսինքն մեկնի Թուրքիա միայն այն դեպքում, եթե Թուրքիան բացի սահմանը կամ այդ քայլը արդեն մոտական ժամանակում լուծվելիք հարց դառնա:

Այսպիսով, փորձագետը կարծում է, որ հարաբերությունների կարգավորման այս փուլում «գնդակը Թուրքիայի դաշտում է»:

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է թուրքական շահերին ոչ պակաս, քան հայկական շահերին:

«Նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը կորցրեց Հարավային Կովկասում Թուրքիայի գործընկերոջ դերը: Նման պայմաններում Թուրքիային դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա նոր ուղի է անհրաժեշտ, այդ պատճառով Թուրքիայի համար չափազանց կարևոր է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ», - ասել է Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով, երկկողմ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանները կարգավորման գործընթացից որքան հնարավոր է շատ շահ ունենալու փորձեր են միայն:

Նման կարծիք ունեն նաև երկու հեղինակավոր քաղաքագետներ՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ու «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Թուրքիային շահավետ չէ հայ-թուրքական գործընթացի կտրուկ դադարը: Եթե գործընթացը դադարի կողմերից որևէ մեկի մեղքով, ապա դա վատ ազդեցություն կունենա այդ երկրի միջազգային հեղինակության վրա», - կարծում է Իսկանդարյանը:

Իսկ Բեքարյանի կարծիքով, Թուրքիային անհրաժեշտ է լուծել խնդիրները Հայաստանի հետ, քանի որ հակառակ դեպքում նա չի կարող հավակնել տարածաշրջանում ակտիվ խաղացողի դերին:

Նրա խոսքերով, բացի Հայաստանի հետ հարաբերություններից, Թուրքիան լուրջ խնդիրներ ունի քրդական և կիպրոսյան հարցերի շուրջ:

«Այդ խնդիրները շատ ավելի բարդ են, քան հայ-թուրքական հարաբերությունները: Բացի այդ, Թուրքիայում լուրջ ներքաղաքական խնդիրներ կան: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է Թուրքիային՝ իր ժողովրդին և համաշխարհային հանրությանը սեփական կառուցողական դիրքորոշումը ցուցադրելու համար», - նշել է փորձագետը:

Բեքարյանը չի կասկածում, որ ավելի լավ է՝ Հայաստանի նախագահը մեկնի ֆուտբոլային հանդիպմանը, որպեսզի ամրապնդի նախաձեռնողի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Իսկ Հյաստանի Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ ՀՀ նախագահը պետք է մեկնի ֆուտբոլային հանդիպմանը՝ միայն որպես երկրպագու: Այսինքն, կուսակցության առաջնորդի կարծիքով, այդ այցը չպետք է որևէ բանակցություններ նախատեսի:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա կարծիքով, Թուրքիան, փաստորեն, դադարեցրել է հայ-թուրքական բանակցությունները, իսկ Հայաստանը պարտավոր է արձանագրել այդ փաստն ու հայտարարել այդ մասին: «Քանի որ Հայաստանը չի հայտարարում այդ մասին, Թուրքիային հաջողվում է ստեղծել այնպիսի տպավորություն, թե բանակցությունները շարունակվում են, սակայն իրականում դա տեղի չի ունենում», - ասել է Մանոյանը:

Նախորդ շաբաթ չէին դադարում նաև խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորման պատճառն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմերն են ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը:

«Երկու հիմնական կողմերն են ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը, որը փորձում էր ուժի կիրառմամբ լուծել ինքնորոշված ժողովրդի խնդիրը: Հակամարտության մեջ ներգրավված երրորդ կողմը Հայաստանի Հանարպետությունն է», - ասել է Քոչարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես փորձում է ներկայացնել ղարաբաղյան խնդիրը որպես հակամարտություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև:

ՀՀ ԱԳ փոխնախարարը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ խնդրի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կայացած փաստը, իսկ հակամարտությունը ծագել է Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով:

Այս կապակցությամբ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը Ղարաբաղի հետ հարաբերությունները կառուցում է որպես կայացած պետության հետ:

«Իմ անձնական կարծիքն է, որ հենց ամենասկզբից պետք էր ճանաչել ԼՂՀ-ն: Չճանաչելը պայմանավորված էր նրանով, որ ամեն անգամ Հայաստանը ելնում էր այն հանգամանքից, որ քանի դեռ կան միջնորդներ, կա այդ գործընթացը, պետք է ընթանան բանակցությունները, և չարժե կոշտ կերպով սահմանել սեփական դիրքորոշումը», - ասել է Քոչարյանը: Միաժամանակ նա չի բացառել Երևանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է, որ Ադրբեջանն արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը, եթե որոշի ընտրել հակամարտության կարգավորման ուժային տարբերակը:

Հակամարտությունը ռազմական ուղով լուծելու հնարավորության մասին ադրբեջանական կողմից բազմաթիվ հայտարարությունների վերաբերյալ իր կարծքին է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հայտարարել է, որ Հայկական բանակը հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի ռազմատենչ հիստերիային և պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի:

Նախորդ շաբաթ ևս մեկ դեպք ակտիվություն մտցրեց Հայաստանի քաղաքական կյանքում: Մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հայ-վրացական սահմանում փոքր տարածքային վեճ է առաջացել: Վրացական սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել հայ-վրացական սահմանի որոշ հատվածներում:

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ ՀՀ արտգործնախախարությունը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների հետ կապված խնդիրներ ծագում են սահմանի անհամաձայնեցված հատվածներում:

Վեճը ծագել է գյուղատնտեսական նշանակության 1500 քառ.մ հողի շուրջ, որը խորհդային ժամանակներում գտնվում էր Վրաստանի վարչական սահմանում, բայց արդյունքում այդ հողերը մշակում էին հայ գյուղացիները:    

Մեկնաբանելով այդ դեպքերը՝ Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը նշել է, որ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել:

«Չեմ կարծում, որ դա հատուկ է արվել, քանի որ պետական սահմանի սահմանազատման անավարտության պայմաններում նման միջադեպեր ժամանակ առ ժամանակ պատահում են», - ասել է Մինասյանը:

Փորձագետի կարծիքով, անգամ եթե նրանք տեղափոխեն իրենց պահակակետերը կամ սյուները մի քանի տասնյակ մետրով այս կամ այն կողմ, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ հողերը Վրաստանին են պատկանում, կամ նրան չեն պատկանում, քանի որ սահմանզատման հանձնաժողովի շրջանակներում գործընթաց է ընթանում:

«Պետական սահմանի վերջնական տեսքը կսահմանվի այս գործընթացից հետո», - ասել է Մինասյանը:

Միաժամանակ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ նման միջադեպերը չեն հանգեցնի հայ-վրացական հարաբերությունների լուրջ սրացման: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։