486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մադրիդյան սկզբունքներ. կողմ և դեմ
16:37
27 Հուլիսի 2009

Նախորդ շաբաթ Մոսկվայում Սերժ Սարգսյանի և Ւլհամ Ալիևի հանդիպումն ու այդ հանդիպման ընթացքում քննարկվող հարցերը շարունակում են խռովել հայկական և ադրբեջանական հասարակության միտքը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու մեծ արձագանք ստացած Մադրիդյան սկզբունքները դարձան թեժ քաղաքական բանավեճերի, ամպագոռգոռ հայտարարությունների և մեկնաբանությունների առարկա:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մոսկովյան հանդիպման ժամանակ քննարկված՝ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերումը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է:

«Կարծում եմ՝ արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ և ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձևակերպում տալ, որը որևէ երկմտանք չի առաջացնի, այնուհետև, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն», - ասել է Սարգսյանը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորած ԵՄ «Եռյակի» պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նախագահը նաև նշել է, որ այժմ քննարկվում են մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետև պետք է քննարկվեն մյուս  սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա կսկսվի հիմնական պայմանագրի մշակումը:

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Բիլդտն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հակամարտության շուտափույթ կարգավորմանը:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրի իրագործմանը, որը, հուսով ենք՝ կստորագրվի մոտ ժամանակներս, ինչի համար մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին», - ասել է Բիլդտը:

Արտահայտելով Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարել է, որ այդ փաստաթուղթը Հայաստանի կողմից դիտարկվում է բացառապես որպես բանակցությունների հիմք:

Սակայն բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու մեկնաբանությունները չխոչընդոտեցին հայկական իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական գծի և որպես հակամարտության կարգավորման միջոց Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ հայկական ընդդիմության հնչեցրած վրդովմունքի և բողոքի ալիքին:

«Հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները միակողմանի զիջումներ են, որոնք անտեսում են Ղարաբաղի ժողովրդի կամքն ու վտանգում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի անվտանգությունը», - կարծում է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահների կողմից կողմերին ներկայացված հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների անընդունելիության համատեքստում ՀՅԴ-ի կարծիքը կիսում է նաև Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը:

«Հայաստանի համար անընդունելի են կողմերի մշակած Մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցից ոչ մեկի չի պարունակում հակամարտության կարգավորման հստակ գործողություններ», - հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Միաժամանակ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը պահպանում է հակամարտության կարգավորման նկատմամբ իր հստակ դիրքորոշումը՝ հետևելով երեք հեռանկարային սկզբունքների, որոնք են՝ ԼՂՀ-ի կարգավիճակը, հակամարտության կարգավորման դեպքում անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումն ու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ուղիղ կապի առկայությունը:

Սակայն ինչպիսին էլ լինեն Հայաստանի ընդդիմադիր և կոալիցիոն քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները՝ բոլորը միակարծիք են, որ անհրաժեշտ է ներգրավել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ բանակցային գործընթացին ԼՂՀ-ի միանալը բանակցային գործընթացի արագ և արդյունավետ զարգացման երաշխիքն է:

Նրա խոսքերով՝ անմիջականորեն ԼՂՀ-ին վերաբերող հարցերը չեն կարող լուծվել առանց Ղարաբաղի մասնակցության:

Նույն տեսակետն ունի նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի անմիջական մասնակցության դեպքում», - ասել է նա:

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը կդառնա լավագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գոյություն ունեցող տարբերակներից:

Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակի պատրաստումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նստաշրջանի ընթացքում, որը կկայանա հուլիսի վերջին Կրակովում: Փաստաթուղթը կպատրաստվի Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների կողմից արված համատեղ հայտարարության համապատասխան:

Ընդհանուր առմամբ բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կասկածի տակ չի դրվում բանակցող կողմերից որևէ մեկի կողմից:

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հինգշաբթի արած իր հայտարարության մեջ հերքել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկատվությունը:

«Բանակում ամեն օր իրականացվող ակտիվ միջոցառումները, վերջին շրջանում զորքը ռազմական պատրաստվածության բերելը խուճապ են առաջացրել բնակչության շրջանում, սակայն դրանք սովորական գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ԼՂՀ Պաշտպանության բանակում», - ասել է նախարարը:

ԼՂՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ այժմ իրավիճակը բարդ է «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» կարգավիճակի պայմաններում:

Սակայն նախարարի խոսքերով՝ ԼՂՀ ԶՈՒ-ն գտնվում է հիանալի մարտական պատրաստվածության մեջ, ինչը հաստատել են վերջերս անցկացված ռազմական զորավարժությունները, և ի վիճակի է իրականացնել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովմանն ուղղված իր գլխավոր առաքելությունը:-0-

Մարիա Հակոբյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: