486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորում. հասունացել է «վերալիցքավորման» անհրաժեշտությունը
16:34
16 Հուլիսի 2009

Մեծ ութնյակի գագաթնաժողովից հետո ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ իրարանցումը կտրուկ աճեց: Վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անգամ հայտարարեց, որ իրենք արդեն մոտեցել են բանակցային գործընթացի եզրագծին և արդեն մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Իհարկե, նմանատիպ հայտարարությունները հասարակության ակտիվությանը որոշակի ազդակ հաղորդեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Մի կողմից հակամարտության գործընթացի՝ վերջնագծին մոտենալու մասին տեղեկատվությունը բավականին դրական իրողություն է, մյուս կողմից բոլորին հետաքրքիր է՝ ի՞նչ պայմաններով տարածաշրջանում վերջնական խաղաղություն կտիրի:

Տեղի ունեցող իրադարձություններին ավելի հանգիստ վերաբերվեցին Արցախում: Այնտեղ արդեն որոշակի իմունիտետ է մշակվել ղարաբաղյան հակամարտության համատեքստում տեղեկատվական «շերտերի» պարբերական «տատանումների» նկատմամբ: Այնուամենայնիվ, քննարկենք վերջին առաջարկությունների հիմնական կանխադրույթներն ու համեմատենք դրանք գոյություն ունեցող իրողությունների հետ: Այս առաջարկությունների հիմքում ընկած են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները. ի դեպ, դրանք պաշտոնապես հրապարակվեցին Սպիտակ տան հայտարարության մեջ Մեծ ութնյակի գագաթնաժողովից գրեթե անմիջապես հետո: Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթները պահանջում են, մասնավորապես, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մերձակա տարածքները վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ, միջանկյալ կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, ապահովել անվտանգության և ինքնավարության երաշխիքներ, միջանցք ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ապագայում սահմանել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության, բոլոր ներքին տարհանված անձանց և փախստականների՝ նախկին կացության վայրեր վերադառնալու իրավունքի, անվտանության միջազգային երաշխիքների հիման վրա, որոնք կներառեն խաղաղության ապահովմանն ուղղված գործողություններ:

Այդ սկզբունքները միանշանակ չեն գնահատվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Այսպես, Ադրբեջանի Ազատական կուսակցության առաջնորդ Ավեզ Թեմիրխանը հայտարարել է, որ Մադրիդյան սկզբունքները լիովին  համապատասխանում են հայ անջատողականների շահերին և ծրագրերին, և ոչ մի կերպ չեն կարող ընդունվել Ադրբեջանի կողմից: Թեմիրխանի խոսքերով՝ նման բնութագրման էությունն այն է, որ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու փոխարեն կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանում ևս բազմաթիվ առարկություններ հայտնվեցին կարգավորման մադրիդյան սցենարի կապակցությամբ: Արտահայտվեցին նաև մի քանի տեսակետներ, որոնք դրական գնահատեցին վերջին իրադարձությունները: Այդ տեսակետների համաձայն՝ հայկական կողմի առաջադրած երեք հիմնական սկզբունքներն արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ հրապարակված դրույթներում: Այդ սկզբունքներն են՝ ԼՂՀ-ի կարգավիճակը և այն, որ սեփական բախտը կարող է որոշել միայն բնակչությունը՝ հանրաքվեի միջոցով, որի արդյունքները պարտադիր կլինեն բոլորի համար: Մինչ հանրաքվեն միջանկյալ կարգավիճակ է նախատեսված, որտեղ ԼՂՀ-ն ևս որոշակի միջազգային սուբյեկտայնություն ունի: Նաև նշվում է ԼՂՀ-ի և Հայաստանի միջև հուսալի ցամաքային կապի ապահովումը: Եվ, վերջապես, կարևորվել է միջազգային, բազմաշերտ համակարգի առկայությունը, որը կապահովի ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը:

Եթե այս սկզբունքները միջազգային հանրությունն առաջարկեր 1988-1991 թթ.-ին, ապա, միգուցե, դրանք ընդունելի կլինեին: Սակայն այժմ դրանք, տեխնիկապես արտահայտված, բարոյապես հնացել են: Այն ամենն, ինչ ԼՂՀ-ն պետք է ձեռք բերի այդ առաջարկությունների իրագործումից հետո, նա արդեն ունի: Չկա միայն դե-յուրե ձևակերպված միջազգային ճանաչումը: Սակայն ճանաչումը չի կարող փոխարինել  պետության և նրա քաղաքացիների անվտանգ գոյությունը:

Ընդ որում Արցախում վերջին 15 տարվա ընթացքում տեղի է ունեցել ինչպես անվտանգության սեփական համակարգի, այնպես էլ հակամարտության կարգավորման տեսլականի հիմնարար վերագնահատում: Շարժման սկզբից ընդհուպ մինչև հրադադարի ռեժիմի հաստատումը ապագայի անվտանգության գերիշխող բաղադրիչը կարգավիճակն էր: Արցախցիները համոզված էին, որ փոխելով սեփական կարգավիճակը, սկզբից դառնալով Հայաստանի մի մասը, այնուհետև ընտրելով անկախ պետության կառուցումը՝ կարելի կլինի ապահովել երկրի անվտանգությունն ու նրա աստիճանական զարգացումը: Սակայն ժամանակի հետ կարգավիճակի հետ միասին առաջնահերթ դարձան նաև անվտանգության տարածքային ասպեկտները: Դրան նպաստեց ինչպես Ադրբեջանի կողմից սկված պատերազմը, այնպես էլ արցախյան պետականության զարգացումը, ինչն աստիճանաբար ազգային-ազատագրական մտածելակերպը վերափոխեց պետական մտածելակերպի: Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի է խոսել, ասենք, Քարվաճառի կամ Քելբաջարի  շրջանների հանձնման մասին, եթե այստեղից են սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, որին, իր հերթին, բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների 80 տոկոսը: Հասկանալի է, որ երկրի անվտանգության համակարգում նման անդառնալի ճեղքը պարզապես անընդունելի է և հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ստացվում է, որ ԼՂՀ-ն պետք է հրաժարվի իր անվտանգության տարածքային բաղադրիչներից և փոխարենը նույնիսկ չստանա կարգավիճակ: Նման բան դիվանագիտության ողջ պատմության ընթացքում մինչ այժմ չի եղել:

Բացի այդ, Ադրբեջանը երբեք ինքնակամ չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ինչպես վերջերս հայտարարեց նախագահ Իլհամ Ալիևը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ցանկացած լուծում պետք է ներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, և Լեռնային Ղարաբաղի անկախության մասին որևէ խոսակցություն չի կարող լինել: Դրա փոխարեն Ալիևը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության անհրաժեշտ մակարդակ՝ միասնական ադրբեջանական պետության շրջանակներում: Սակայն ինքնավարության  տրամադրումն ու ԼՂՀ անկախության ճանաչումն Ադրբեջանի համար հավասարապես անընդունելի են: Եթե, օրինակ, Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը կամ նույնիսկ տրամադրի Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ, ապա Ադրբեջանի Հանրապետության մի շարք ժողովուրդներ, օրինակ, լեզգիները, ավարցիները և թալիշները կարող են նույնը պահանջել:

Առավել ևս, որ նման նախադեպեր եղել են: Այսպես, օրինակ, ХХ դարում թալիշները երկու անգամ հռչակել են իրենց պետության ստեղծումը (1919 և 1993 թթ.), իսկ 1991 թ.-ի փետրվարի 28-ին ընդունվել է լեզգին ժողովրդի պետականության վերականգման և Սամուր գետի երկու ափերին Լեզգիստանի Հանրապետության ստեղծման մասին հռչակագիրը: Սա է պատճառը, որ և անկախության ճանաչումը, և, այսպես կոչված, ինքնավարությունն Ադրբեջանի համար միանման իմաստ ունեն, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Կոսովոյում: Իսկ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններն Ադրբեջանի Հանրապետության բնակչության գրեթե կեսն են կազմում: Ադրբեջանի համար ընդունելի է միայն Լեռնային Ղարաբաղի գոյությունն առանց հայերի: Սա օբյեկտիվ իրականությունն է, ինքնատիպ քաղաքական էպիկրիզ, որը պարզապես վտանգավոր է անտեսել:

Հասկանալի է, որ հակամարտության կողմերը հակամարտության կարգավորման տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունեն: Չկա համաձայնություն նաև  գերտերությունների մոտ՝ չնայած այս հակամարտության կարգավորման մոտեցումների վերաբերյալ հռչակվող փոխըմռնմանը: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը կովկասյան աշխարհաքաղաքականության բաղկացուցիչներից մեկն է, որն իր հերթին գլոբալ աշխարհաքաղաքականության մի մասն է, և սխալ է դիտարկել այն տարածաշրջանային և գլոբալ մակարդակից առանձին: Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, երբ արդեն ստորագրվել է «Նաբուկո» համաձայնագիրը, ընդ որում՝ Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ: Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը, երբ Վրաստանը ԱՄՆ-ի հետ միասին սկսում է զորավարժություններ անցկացնել Սև ծովում, իսկ Ռուսաստանը Հյուսիսային բևեռի շրջանում երկու հրթիռ է բաց թողնում ռազմավարական ատոմային սուզանավերից, ինչը միանգամայն անսպասելի էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման զգուշացման միջոցների համար:

Վերը նշված բոլոր ասպեկտները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «վերալիցքավորման» անհրաժեշտություն է հասունացել: Պարզ է, որ մադրիդյան գործըթնացն արդեն սպառել է իրեն: Սակայն, բնականաբար, դիվանագիտության բոլոր գրված և չգրված օրենքներով՝ այն չի կարող պարզապես դադարեցվել: Այն պետք է օրգանական կերպով վերափոխվի մեկ այլ գործընթացի: Եվ այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, արդեն թևակոխում է եզրափակիչ փուլ: Խաղաղ գործընթացը կարող է փրկել միայն «վերալիցքավորումը», առավել ևս, որ այդ տերմինն ավելի մեծ տարածում է գտնում նաև գլոբալ քաղաքականության համատեքստում: Հակառակ դեպքում հնարավոր չի լինի խուսափել «գերլարումից», որն այս փուլում ոչ մեկին շահավետ չէ:

Դավիթ Բաբայան, քաղաքագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։