484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մտադիր են Ղարաբաղի վերաբերյալ առաջարկությունների թարմացված տարբերակ առաջարկել. շաբաթվա արդյունքները
12:49
13 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը նախորդ շաբաթ Հայաստանի քաղաքական կյանքի կենտրոնական հարցերից էր: Ընդ որում՝ այս կապակցությամբ հնչում էին պաշտոնական հայտարարություններ և փորձագիտական կարծիքներ, լավատեսական և վատատեսական տեսակետներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը  պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

«Կարծում եմ, որ բոլորիս համար պետք է հասկանալի լինի, որ հակամարտության ցանկացած լուծում, որը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չի լինի կենսունակ և իրականանալի», - ընդգծել է նախագահը: Նա նաև նշել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ տարվող բանակցային գործընթացում որևէ նոր զարգացում չկա, և Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է: Երկու նախագահներն էլ բացառել են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս մերձեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերին:

«Համանախագահները պարբերաբար փորձում են առաջարկություններ ներկայացնել, որոնք կարող էին մերձեցնել կողմերին, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ»՝ դրսևորելով իր ապակառուցողական դիրքորոշումը», - ասել է Քոչարյանը՝ նշելով, որ «բանակցային գործընթացում նման ապակառուցողական դիրքորոշման արդյունքը լիովին կանխատեսելի է՝ դա ոչինչ է»:

Ինչպես ընդգծել է փոխնախարարը՝ տվյալ համատեքստում համանախագահների ջանքերի հաջողված լինելու երաշխիքը կարող է դառնալ Ադրբեջանի հրաժարվելը ապակառուցողական դիրքորոշումից:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումից ակնկալվող սպասումների մասին՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է, որ այդ հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Բաքվի կառուցողական դիրքորոշումից:

«Բաքուն իսկապես կառուցողական կդառնա այն պահից, երբ կդադարի ղարաբաղյան հակամարտության հետևանքների համար իր սեփական պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, այն պահից, երբ կդադարի նայել աշխարհին նավթամուղի անցքի միջով, այն պահից, երբ կհամարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիիրավ անդամ», - ասել է Քոչարյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կառուցողականություն կհաղորդի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին:

Չորեքշաբթի Հայաստան էին այցելել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Մեթյու Բրայզան (ԱՄՆ):

Նրանք իրենց տեսակետներն են հայտնել հակամարտության կարգավորման ժամկետների, բանակցային գործընացին ԼՂՀ մասնակցության և Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպումից իրենց ակնկալիքների վերաբերյալ:

Ֆասյեի կարծիքով՝ այդ հանդիպումը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում նոր փուլ բացել:

«Մենք գտնվում ենք Երևանում՝ Մոսկվայում հուլիսի 17-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար: Կցանկանայի ընդգծել, որ այս հանդիպումը վերջին 13 ամիսների ընթացքում արդեն վեցերորդը կլինի: Դա բանակցությունների պատմության համար աննախադեպ իրողություն է և ցույց է տալիս, որ նախագահները բանավեճերի առիթ ունեն», - ասել է Ֆասյեն:

Նա նաև նշել է, որ Երևան կատարած այցի շրջանակներում համանախագահները կառուցողական հանդիպումներ են անցկացրել և հույս է հայտնել, որ Բաքվում ծրագրված հանդիպումները ևս կառուցողական կլինեն:

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահն իր հերթին ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

«Մենք չենք թաքցնում համանախագահների դիրքորոշումը, մենք կարծում ենք, որ նման մասնակցություն պետք է լինի և մեծ հույս ունենք, որ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո կսկսվի խաղաղ համաձայնագրի տեքստի մշակումը, և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կողմերի համաձայնեցրած ձևով կմասնացկեն այդ գործընթացին», - չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է համանախագահը:

Միաժամանակ Մերզլյակովը հիշեցրել է, որ այդ փաստաթղթի դրույթների կեսը կվերաբերի հենց Ղարաբաղի բնակչության կյանքին:

Իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության հարցում ուժի չկիրառման մասին պայմանագրի կնքումը:

«Իհարկե, դա հնարավոր է, և ուժի չկիրառման սկզբունքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքների կենտրոնական հարցերից մեկն է: Բանակցային գործընթացում մենք փորձում ենք գտնել այդ սկզբունքը կյանքի կոչելու ուղիները», - ասել է Բրայզան:

Ընդհանուր առմամբ համանախագահները լավատեսական են տրամադրված: Ֆասյեի խոսքերով՝ իրենք 2010 թ.-ի սկզբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի հասնելու հույս ունեն:

«Եթե հնարավոր լիներ շարունակել բանակցությունները նույն ակտիվությամբ օգոստոսյան ընդմիջումցի հետո, ապա մենք հույս ունենք, որ կհասնենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընթացիկ տարեվերջին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների հավանությանը։ Դա հնարավորություն կտա հաջորդ տարվա սկզբին հաստատված հիմնարար սկզբունքները վերածել համաձայնագրի», - ասել է ֆրանսիացի համանախագահը:

Շաբաթվա վերջին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն ղարաբաղյան խնդրի համատեքստում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ երեք պետությունները Բաքվին և Երևանին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների թարմացված տարբերակը:

«Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները», -ասվում է երեք երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարությունում Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հաստատել են «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը»։

Աքվիլայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Մեդվեդևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավ հնարավորություններ կան:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ապա ես արդեն ասել եմ, որ մենք համաձայնացրել ենք փաստաթուղթ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք մասնակիցների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) շրջանակներում: Ես այս կապակցությամբ լավ ակնկալիքներ ունեմ: Սա միգուցե այն հակամարտություններից մեկն է, որ կարգավորումը գտնվում է առավել առաջնային փուլում», - հայտարարել է Մեդվեդևը:

Մեկնաբանելով երեք նախագահների հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այդ համատեղ հայտարարությունը հավասարակշռված է և ձեռնտու է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղարաբաղի ժողովրդի համար։

Նրա խոսքերով՝ այն փաստը, որ ադրբեջանական կողմը՝ Վաֆա Գուլուզադեի  գլխավորությամբ աղմուկ բարձրացրեց՝ պնդելով, որ խնդիրը չի կարելի լուծել հայտարարությունների միջոցով, խոսում է այն մասին, որ երեք նախագահների հայտարարությունը շահավետ է հայկական կողմի համար:

Լեռնային Ղարաբաղի կարգավորման իր հայացքները ներկայացրեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նա հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցն առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության լուծելն անհնար է։

Այս առնչությամբ Սահակյանն ընդգծեց բանակցային գործընթացին Ղարաբաղի՝ որպես հակամարտության գլխավոր կողմի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:

Նախագահն ընդգծել է նաև, որ ԼՂՀ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի առնչութմաբ չի փոխվել։ «Լեռնային Ղարաբաղի անկախությունը կատարված փաստ է և փոփոխման ենթակա չէ»,- ասաց Սահակյանը։
Միաժամանակ նախագահը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող տեղաշարժերը չպետք է վնասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Հաջորդ շաբաթը ցույց կտա՝ կազդի՞ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը բանակցային գործընթացի զարգացման վրա և ի՞նչ է նախատեսում փաստաթուղթը, որը պատրաստվում են ներկայացնել երեք երկրների նախագահները: Սակայն այժմ պարզ է մեկ բան՝ Հայաստանն ու ԼՂՀ-ին իրենց դիրքորոշումներում անսասան են: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին: Իսկ թե ինչի վրա է հիմնված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-պետությունների լավատեսությունը, հանելուկ է մնում:

Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։