486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
«Հումանիտար աղետի» սպառնալիքի դեպքում հայկական ընդդիմության առաջնորդը չի բացառում երկրում ազգային համաձայնության կառավարության ձևավորումը
12:12
02 Մարտի 2009

Շաբաթն ավարտվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայկական արմատական ընդդիմության հանրահավաքով։ Ի տարբերություն նախորդների՝ կիրակնօրյա հանրահավաքն անցկացվեց «արագընթաց» ռեժիմով։ Չկային ընդդիմության առաջնորդների երկարաշունչ ելույթները։ Ելույթ ունեցավ միայն Տեր-Պետրոսյանը, ով կոչ արեց ընդդիմությանը հանել քաղաքական բառապաշարից «հեղափոխություն» և «ապստամբություն» բառերը։ Նա ասաց, որ ընդդիմությունը պայքարելու է միայն օրինական միջոցներով։

Միաժամանակ Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով «հումանիտար աղետ է» սկսվելու։ Նրա կանխատեսումներով, մոտ ժամանակներում Հայաստանում անկում կապրի ազգային տարադրամի փոխարժեքը, կփակվեն շատ ձեռնարկություններ, կառաջանա գործազրկություն, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով գները կբարձրանան, իսկ պարտատերերն ի վիճակի չեն լինելու վերադարձնել իրենց վարկերը։

Տեր-Պետրոսյանը չի բացառել նաև, որ ելնելով ստեղծված իրավիճակից ՝ իշխանությունները կարող են ընդդիմությանն առաջարկել ձևավորել ազգային համաձայնության կամ փրկության կառավարություն։

Այսպիսով, հայկական հասարակությանը լարվածության մեջ պահած ընդդիմության՝ մարտիմեկյան հանրահավաքն անցավ հանգիստ և առանց միջադեպերի։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը դեռ ուրբաթ էր հայտարարել, որ 2008 թ.-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքը կրելու է խաղաղ բնույթ։ «Մենք համագործակցելու ենք իրավապահ մարմինների հետ, քանի որ մեր շահերից չի բխում հանրահավաքի ժամանակ հասարակական կարգի որևէ խախտումը», - ասել է նա։

Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր հերթին հայտարարել էր, որ մարտի 1-ին իրավապահ մարմինները հասարակական կարգի ոչ մի խախտում թույլ չեն տա։ Նա ընդգծել էր, որ ոստիկանությունը թույլ չի տա որևէ անօրինական երթ, փողոցների փակում և հասարակական կարգի այլ խախտումներ։

Տեղաշարժեր նշմարվեցին նաև այսպես կոչված «յոթի գործում»։ Մասնավորապես, Երևանում մարտի 1-2-ի զանգածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող «յոթի գործի» դատական նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հերթական անգամ մերժել է դատավորի ինքնաբացարկի մասին պաշտպանող կողմի միջնորդությունը։ Ամբաստանյալները շարունակում էին կանգնել դատական նիստի ամենասկզբից՝ նման կերպով հերթական անգամ ցուցադրելով իրենց անհարգալից վերաբերմունքը դատարանի նկատմամբ, սակայն այս անգամ այդ պատճառով նիստը չէր հետաձգվել։

Միաժամանակ ամբաստանյալների իրավապաշտպանները լուրջ կասկածներ են արտահայտում դատավորի անաչառության վերաբերյալ։ Նրանց նաև մտահոգում է այն փաստը, որ «յոթի գործով» դատական նիստը մարտի 1-ից կշարունակվի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, այն դեպքում, երբ մինչ այդ գործը լսվում էր Շենգավիթ համայնքի դատարանում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին հրամանագիր էր ստորագրել մի շարք դատավորների նշանակման մասին, որի համաձայն Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Մնացականյանի խոսքերով, Շենգավիթ համայնքի դատարանից նոր դատարան՝ գործի տեղափոխումը պայմանավորված է նախագահի հրամանով, ինչի համաձայն «յոթի գործով» դատավարությունն իրականացնող դատարանի կազմը մնում է անփոփոխ։

Նախորդ շաբաթվա արտաքին-քաղաքական կարևորագույն իրադարձություններից էր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի այցը Հայաստան, որի ընթացքում նա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկեց երկու երկրների միջև հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները։

Երեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում Բաքրաձեն հայտարարել էր, որ հայ-վրացական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի։ «Վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև զգալիորեն աճել է համագործակցության մակարդակը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում, ինչին մեծ չափով աջակցել են Աջարիայում կատարված հայկական ներդրումները», - ասել է Բաքրաձեն։

Այցի ընթացքում վրացի խոսնակն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել են Թբիլիսիում գտնվող հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու ճակատագիրը։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ այս հարցում իր երկրի համար կարևոր է Հայկական և Վրացական Եկեղեցիների միջև երկխոսությունը՝ ավելացնելով, որ վրացական պետությունը պատրաստ է աջակցել  այդ երկխոսության արդյունքում ձևավորված ընդհանուր դիրքորոշմանը։

Բաքրաձեի մեկնումից անմիջապես հետո Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին դիմում ներկայացրեցին, որտեղ պահանջում էին ազատ արձակել Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Գրիգոր Մինասյանին և «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին։ Նրանք նաև պահանջում էին լուծել Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցն ու կողմնորոշվել Վրաստանում Հայկական թեմի իրավաբանական կարգավիճակի հետ։

Նախորդ շաբաթ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես, Լիբանան, Սիրիա, Հորդանան և Եգիպտոս։ Այդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը քննարկեց համագործակցության զարգացման, փոխայցերի և քննարկումների ակտիվացման հեռանկարները։

Շաբաթ օրը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նշեցին Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 21-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասաց, որ հայկական ԶԼՄ-ները պետք է ինտենսիվորեն լուսաբանեն սումգայիթյան ողբերգությունը։ «Ամեն տարի Ադրբեջանի ողջ մամուլն անդրադառնում է Խոջալուի հարցին, մեծ թափով լուսաբանում է այդ թեման՝ մեղադրելով հայերին ցեղասպանության մեջ և արդյունքում հասնում է իրենց նպատակին, քանի որ Սումգայիթի մասին ոչինչ չիմացող օտարերկրացին, կարդալով նման նյութ, հավանաբար, կհավատա այնտեղ գրվածին», - ասել է նա։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ ԼՂՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ներկայացուցիչներ, հաստատությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ այցելեցին Ստեփանակերտում գտնվող հուշահամալիր և ծաղիկներ դրեցին ողբերգության զոհերի հուշարձանին։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Սումգայիթյան իրադարձությունները պատասխանն էին 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշման՝ «Արդբեջանի ԽՍՀ-ի կազմից Հայաստանի ԽՍՀ-ի կազմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փոխադրման մասին Ադրբեջանի ԽՍՀ-ի և Հայաստանի ԽՍՀ-ի Բարձրագույն խորհուրդներին ներկայացված միջնորդության մասին»:

Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: