487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշել են Հրանտ Դինքի մահվան երկրորդ տարելիցը
14:10
20 Հունվարի 2009

Հայաստանում նշել են հայ-թուրքական «Ակոս» (Agos) թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի (Hrant Dink). զոհվելու երկրորդ տարիլիցը: «Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած 17-ամյա Օգյուն Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով, որոնց թվում էր սպանողի գաղափարական ոգեշնչող Յասին Հայալը. մարդ, ով հայտնի է իր արմատական իսլամիստական գաղափարներով և ժամանակին գտնվել է բանտում՝ ահաբեկչության համար։

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանեց իր հանցանքը՝ հայտարարելով, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։

Հրանտ Դինքը Թուրքիայում մեծ հեղինակություն էր ձեռք բերել իր սուր նյութերի շնորհիվ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար բազմիցս հետապնդվել է իշխանությունների կողմից: Դինքը պնդում էր, որ ցեղասպանությունն ունի քաղաքական աստառ, և թուրքական իշխանությունն ու հասարակությունը պետք է ճանաչեն կատարված հանցագործությունում իրենց մեղքը։

Հայաստանը Թուրքիային մեղադրում է 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանության համար, երբ ջարդերի ու տեղահանության արդյունքում զոհվեց շուրջ 1,5 մլն հայ:  Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Արգենտինայի, Բելգիայի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Հոլանդիայի, Հունաստանի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լիբանանի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Ուրուգվայի (1965թ. այդ երկիրն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցողասպանությունը), Ֆրանսիայի և Շվեդիայի խորհրդարանները,  ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները: Թուրքիայում 1915թ. դեպքերի համար «ցեղասպանություն» բառը գործածելը համարվում է հանցագործություն, այն  դասվում է Քրեական օերնսգրքի 301-րդ հոդվածի տակ, որը քրեական հետապնդում է նախատեսում «թուրք ինքնությունը վիրավորելու» համար:

Այդ պատճառով Դինքը մշտապես հավասարակշռություն էր պահպանում թույլատրելիի սահմանին։ Լրագրողը բավականին երկար ժամանակ գտնվում էր քննության տակ, և միայն եվրոպացի դիվանագետների ու լրագրողների միջամտությունը, որոնք պնդում էին այդ հոդվածի չեղյալ հայտարարելու  անհրաժեշտության վրա, փրկում էր նրան ազատազրկումից։

Շատ ազդեցիկ էր Դինքի հայտարարությունն այն մասին, որ թուրքական հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոկչեն էթնիկ հայ էր, որը ծնողներին կորցրել էր Անատոլիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ։ Սաբիհա Գյոկչեն Թուրքիայի պատմության մեջ առաջին կին ռազմական օդաչուն է, երկրի ազգային հերոս։ Թուրքիայի ազգայնական շրջանակներում այս հայտարարությունն ընդունվել էր բավականին բացասական։ Դինքին հասցեին, ով մինչ այդ ևս ստանում էր զգուշացումներ, սկսեցին ստացվել բազմաթիվ սպառնալիքներ։

Սակայն լրագրողի ջանքերը չէին սահմանափակվում միայն ցեղասպանության ճանաչմամբ։ Նա իրեն անվանում էր Թուրքիայի հայրենասեր և իր գլխավոր նպատակն էր համարում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցումը։

Դինքը մշտապես սպառնալիքներ էր ստանում թուրք ազգայնականների կողմից, սակայն պահակախումբ նրան այդպես էլ չտրամադրվեց։ Իր վերջին հոդվածում նա գրել է. «Պարոնայք նախարարներ, իսկ գիտե՞ք դուք, արդյոք, թե ինչ զգացողություն է, երբ դու և քո ընտանիքը ենթարկվում եք մշտական վիրավորանքների և սպառնալիքների... Ես շատ անգամ եմ մտածել երկիրը լքելու մասին։ Սակայն այդ ելքն ինձ համար չէ։ Ես գիտեմ, որ 2007 թվականն ինձ համար ավելի դժվար է լինելու, քան անցած տարին։ Ես հոգնած եմ և վախեցած, ինչպես փողոցի հալածված աղավնին։ Սակայն ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ իմ երկրում աղավնիներին չեն սպանում»։

Հրանտ Դինքի սպանությունը մեծ արձագանք առաջացրեց աշխարհում և Թուրքիայում։ Ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (The International Association of Genocide Scholars, IAGS) նախագահ Իսրայել Չարնիի հայտարարության մեջ Դինքի սպանությունը համարվում է խորհրդանշական. «Այն կարծես Հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ Թուրքիայում հայի հերթական սպանությունը եղավ՝ ազգային պատկանելության պատճառով, այն պատճառով, որ, ինչպես ասաց կասկածյալը, նա «անհավատ էր»։ Սպանությունը մատնանշում է նաև Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման աճող մթնոլորտը և 301-րդ հոդվածի ուժի մեջ լինելը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար։

Independent-ը, ընդհանրապես, Հրանք Դինքին անվանեց Հայոց ցեղասպանության 1500001-րդ զոհը։ Der Standard-ը «Կործանված հույսեր» հոդվածում տեղի ունեցածն աղետ անվանեց. «Հրանտ Դինքի մահվան հետ մարեց թուրքական ժողովրդավարական շարժման և մարդու իրավունքների համար շարժման փարոսը, որին փոխարինող մոտ ապագայում չի գտնվի»։

Շատերի համար անսպասելի էր նաև Դինքի սպանության նկատմամբ թուրքական հասարակության արձագանքը։ Դինքի սպանությունը դարձավ ինքնատիպ մի կատալիզատոր, որը թուրքական հասարակության ներսում լուրջ սահմանազատման հանգեցրեց։ Դինքի հուղարկավորության արարողությունը արևմտամետ քաղաքացիների բողոքը դարձավ ընդդեմ ազգայնամոլության և անհանդուրժողականության մթնոլորտի, որ արմատավորում են  ծայրահեղ ազգայնականները՝ ինչպես իշխանության մեջ, այնպես էլ դրան ձգտողների շրջանում։

Լրագրողի հուղարկավորության արարողությունը վերածվեց բազմահազարանոց ցույցի՝ մարդասպաններին գտնելու և պատժելու պահանջով։ Համաշխարհային հեռուստաալիքները հեղեղեցին կադրեր, որտեղ թուրքերը տանում էին սպանվածի՝ սև ժապավենով կապված դիմանկարները և վանկարկում էին՝ «Մենք բոլորս Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք»։ The New Anatolian թուրքական հրատարակությունը Դինքի սպանությունն անվանեց Թուրքիայի ողջ պատմության մեջ խոշորագույններից մեկը։

Թուրքական արմատական հրատարակությունները, ինչպես նաև ադրբեջանական մամուլn անմիջապես Դինքի սպանության մեջ հայտնաբերեց «հայկական հետք», իսկ մարդասպանին շտապեցին անվանել էթնիկ հայ։ Նրանց պնդմամբ, Դինքի սպանությունը կազմակերպված էր հայերի կողմից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպաստելու համար։ Բանը հասավ նրան, որ հանցագործի հարազատները հրապարակավ հերքեցին իրենց հայ լինելու մասին տեղեկատվությունը։ Այս կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բավականին կատեգորիկ արտահայտվեց. «Ցավոք, դա անառողջ մտածողության վկայություն է,  ինչի համաձայն ողջ չարիքը բխում է հայերից»։

Լրագրողի սպանության հետ կապված գործը լուրջ արձագանք առաջացրեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրամիությունում։ Գործընթացին հետևելու համար Ստամբուլ էին ժամանել ԵՄ և Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) ներկայացուցիչները։ Դատավարությանը մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները։

Դատական նիստի ժամանակ Թուրքիայի քաղաքացիական դատավարության համակարգում առաջին անգամ կիրառվել է գործընթացի տեսա և ձայնագրում։

Մեղադրյալի աթոռին ընդամենը 19 կասկածյալներ էին։ Պետական մեղադրողը պահանջում էր Դինքի սպանության կազմակերպիչներին և կատարողին դատապարտել ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, որոնք առնչվել են գործին՝ 18-24 տարվա ազատազրկման։ Իր պահանջները մեղադրող կողմը հիմնավորում է թուրքական ՔՕ «ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության», «սպանության», «հրազենի ապօրինի պահպանման», «պայթուցիկ նյութերի արտադրության, պահպանման և  կիրառության», «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք» հոդվածներով։

Սպանված լրագրողի ընտանիքի փաստաբանները գոհ չեն դատական գործընթացով, ինչպես նաև այն հանագմանքից, որ Ստամբուլի և Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որոնք պատրաստվող հանցագործության մասին ահազանգեր ստանալով որևէ քայլ չէին ձեռնարկել, հետաքննություն չի հարուցվել։

Այս կապակցությամբ նրանք մտադիր են հայցադիմում ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան:

Հարկ է նշել, որ զոհվելու ժամանակ Հրանտ Դինքը Թուրքիայում արդեն միակ հրապարակային անձը չէր, ով համարձակվել էր խախտել տաբուն։ Այս հանցագործությունից առաջ ազգային պատկանելության պատճառով զանգվածային սպանությունների մասին հայտարարել էր նաև թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը, ով ավելի ուշ դարձավ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Փամուկը ևս Արևմուտքի միջնորդության շնորհիվ միայն խուսափեց բանտից՝ «թուրք ինքնությունը վիրավորելու համար»։ Հայ լրագրողի սպանությունից անմիջապես հետո Փամուկը այցելեց նրա ընտանիքին, հայտնեց իր ցավակցությունը, իսկ մի քանի օր անց մեկնեց ԱՄՆ, որտեղ և մինչ այժմ բնակվում է։

Թուրքիան, ստեղծված իրողությունների համատեքստում քաղաքական և տնտեսական իմաստով բավականին ուժեղ է կախված Արևմուտքից։ Անկարան ձգտում է ԵՄ անդամակցության։ Սակայն եվրոպացիները Եվրամիությանը միանալու մասին բանակցությունների շարունակությունը պայմանավորում են լայնամասշտաբ բարեփոխումների անցկացման անհրաժեշտությամբ, որոնք, առաջին հերթին, վերաբերում են երկրի ժողովրդավարացմանը։

Հայոց ցեղասպանության հարցը, Կիպրոսի և քուրդ փոքրամասնության խնդիրների հետ միասին, արգելակում են ԵՄ-ում անդամակցության մասին բանակցային գործընթացը։ Չնայած որ այսօր Անկարան դեմ է եվրաինտեգրմանը թուրքերի համար բավականին զգայուն հարցերի գնով, հասարակությունում, այդուհանդերձ, ավելի շատ աջակցություն են ստանում գաղափարներն այն մասին, որ անցյալի մասին երկխոսությունը, որքան էլ այն բարդ լինի, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։ Եվ դրանում, անխոս, կա Դինքի վաստակը։

Այս համատեքստում շատ կարևոր է մեջլիսի պատգամավորներից մեկի՝ Մեհմեդ Ուֆուկ Ուրասի հայտարարությունը. «Մենք սարսափելի հանցագործություն ենք կատարել հայերի դեմ, և Թուրքիան պետք է ճանաչի այն։ Կարևոր չէ, թե ինչպես կանվանենք այդ ողբերգությունը՝ ցեղասպանություն, էթնիկ զտում և այլն։ Շատ ավելի կարևոր է, որ այդ սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել, և դա անհնար է ժխտել։ Մենք պետք է ընդունենք պատմությունն այնպես, ինչպես այն կա, բուժենք վերքերը, զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է պաշտպանենք մեր հայ հայրենակիցներին և փոխհատուցենք նրանց նախնիների  կորցրած ունեցվածքը։ Ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարասկզբին, ես լսել եմ իմ ծնողներից։ Մենք համոզված ենք, որ ժխտման քաղաքականությամբ ոչնչի հասնել հնարավոր չէ»։

«Ակոս» շաբաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հետմահու ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են Հայաստանի նախագահի մրցանակը, Գեներալ Մադաթովի շքանշանը, Թուրքիայի Լրագրողների միության մրցանակը։-0-

Հայկ Խալաթյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։