485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանի հարյուր օրը. ուղղվածություն դեպի սեփական ժողովուրդը
16:00
17 Հուլիսի 2008

Այս շաբաթ լրանում են Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնավարության առաջին հարյուր օրերը։ Ակնկալել, որ նման կարճ ժամանակամիջոցում կլուծվեն երկար տարիների ընթացքում երկրում կուտակված բոլոր խնդիրները, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, միամտություն կլիներ։ Ավելի կարևոր է մեկ այլ բան՝ Սարգսյանի նախագահության հարյուր օրվա ընթացքում երկրի տնտեսական և քաղաքական ապագա մոդելի հստակ ուրվագծերն են արվել և ամուր հիմքերը դրվել։ Հայաստանի համար բոլորովին նոր մոդելների՝ հասարակության և հասարակական խնդիրների շուրջ համերաշխության, սոցիալական արդարության, ազատ մրցակցության, օրենքի առջև բոլորի հավասարության, սփյուռքի ներուժի առավելագույն օգտագործման։

«Ամփոփելով Սերժ Սարգսյանի առաջին հարյուր օրվա նախնական արդյունքները՝ կարելի է ասել, որ բոլոր այն բարեփոխումները, որոնք նշված էին նրա նախընտրական ծրագրում, արդեն սկսվել են և գրավել երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր կողմները։ Ամեն դեպքում, կարելի է վստահորեն ասել, նախագահի ղեկավարությամբ երկրում միտումները հստակ որոշված են՝ տնտեսության հետագա ազատականացում, դրա սոցիալական ուղղվածություն, պետության սոցիալական պատասխանատվության բարձրացում, հավասար հնարավորություններով հասարակության ստեղծում, օրինապահություն բոլորի համար՝ առանց բացառության, քաղաքական համակարգի բարեփոխում, հասակական կարծիքի արտահայտման համար հարթակի ստեղծում, հասարակության հետ անընդհատ երկխոսություն՝ բոլոր մակարդակներում, ամենօրյա աշխատանք ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս՝ ոչ միայն 2008 թվականի փետրվար-մարտի ներքաղաքական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու, այլև միջազգային թատերաբեմում Հայաստանի դիրքոորշումն ամրապնդելու համար»,- կարծում է ՀՀԿ-ից Ազգային Ժողովի  պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքերով, նոր նախագահի և նրա թիմի առջև մեծ խնդիրներ են դրված, առաջին հերթին՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների և Եվրասիա մայրցամաքում ազդեցության ոլորտների համար՝ գերտերությունների պայքարի հետ կապված։ «Հաշվի առնելով, որ մարտյան դեպքերի կապակցությամբ Հայաստանն ավելի խոցելի է դարձել որոշ միջազգային կառույցների համար, նախագահն ավելի  հետևողական և մեծ ուշադրություն պետք է դարձնի այդ խնդիրներին։ Վստահ եմ, որ այն միտումները, որոնք նկատվել են Սերժ Սարգսյանի հարյուր օրվա ընթացքում, անպայման կհանգեցնեն ամուր և կայուն արդյունքների»,- ասաց Աշոտյանը։ Պատգամավորն ավելացրեց, որ հարյուրօրյա ժամկետին ինքը վերաբերվում է զուտ ձևական տեսանկյունից, քանի որ վստահ է, որ Սերժ Սարգսյանի և նրա թիմի կատարած աշխատանքը նախատեսված է նրա նախագահության ամենաքիչը հինգ տարիների համար։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն իր հերթին կարծում է, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում չափազանց կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Խորհրդարանը ստանձնեց Հայաստանի քաղաքական կյանքի ժողովրդավարացման լուրջ գործը, և դա ինչպես երկրի ներսում կուտակված տրամադրությունների արդյունք էր, այնպես էլ՝ Եվրոխորհրդի և եվրոպական կառույցների ազդեցություն։

«Չնայած նրան, որ այդ ամենը տեղի է ունենում հատկապես Եվրախորհրդի և ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ ազդեցության արդյունքում, դա, իհարկե, նաև մեր հասարակության, մեր քաղաքական համակարգի ցանկությունն է՝ նորացվել և համապատասխանել այսօրվա եվրոպական չափանիշներին»,- ասաց Սաֆարյանը։ Նրա խոսքերով, հարկային բարեփոխումների, մաքսայի համակարգի բարելավման, երկրի Զինված ուժերին ավելի մեծ ուշադրություն հատկացնելու ուղղությամբ Սերժ Սարգսյանի ձեռնարկած քայլերը պետք է պատասխան ստանան մոտակա քաղաքական հեռանկարում՝ հասարակության մեջ ընդհանուր մթնոլորտի բարելավման առումով։

«Ցավում եմ, քաղաքական երկխոսություն չի կայանում իշխանության և ընդդիմության միջև, և կարծում եմ, որ նման երկխոսության բացակայությունը չի խթանում մեր երկրի ամրապնդմանն ու ուժեղացմանը։ Ամեն դեպքում, ես լավատեսորեն եմ նայում ապագային, որովհետև նոր օրենքների ընդունմամբ, մասնավորապես, խորհրդարանում քաղաքական փոքրամասնության գործունեության կարգավորմանը վերաբերող, և անցկացվող բարեփոխումների շնորհիվ երկրում պետք է ի հայտ գա բավականին հզոր իշխանություն և բավականին ուժեղ ընդդիմություն։ Հայաստանի համար դա նոր, բայց անհրաժեշտ իրականություն է, որը խթան կդառնա մեր երկրի ուժեղացման համար»,- ասաց Սաֆարյանը։

Հայաստանի նախագահի բարձրաձայնած երկրորդ սերնդի բարեփոխումների կարևոր բաղադրիչներից են հարկային և մաքսային վարչարարություններին ու ֆինանսական ոլորտին առնչվող արմատական տնտեսական վերափոխումները։ Սարգսյանն ընդգծում է նաև նոր ժամանակակից  տնտեսության ստեղծման անհրաժեշտությունը և խոստանում է պետական աջակցություն ապահովել ձեռներեցներին։ Նա վստահ է, որ պետության և մասնավոր հատվածի շահերը համընկնում են։ Երկրի ղեկավարը կարծում է նաև, որ Հայաստանի ֆինանսական  համակարգն իրական պոտենցիալ ունի տարածաշրջանային ֆինանսական համակարգի վերածվելու։

«Ես անկեղծորեն հավատում եմ այդ հեռանկարին և վստահ եմ, որ հատկապես այդ գաղափարը առաջիկա մի քանի տարիների ընթացքում պետք է առաջնորդող դառնա մեր աշխատանքում»,- ընդգծում է նախագահը։ Նրա կարծիքով, Հայաստանի ֆինանսկան համակարգը լուրջ գործոն պետք  է դառնա, որ կխթանի գերակա խնդիրներից մեկի՝ հանրապետության մարզերի հավասար զարգացման իրականացմանը։ «Երկիրը լուրջ արդյունքների չի կարող հասնել, եթե տնտեսական աճը չառնչվի նրա բոլոր քաղաքացիներին և ուշադրության կենտրոնում լինի միայն Երևանը»,- նշում է երկրի ղեկավարը։

Սարգսյանն իր կարևորագույն խնդիրն է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, և նա այդ պայքարում ներգրավել է Ազգային անվտանգության ծառայությանը։ «Կոռուպցիան մեր երկրի առաջընթացի ամենամեծ սպառնալիքն է, մեր ճանապարհի ամենամեծ խոչընդոտը»,- կարծում է նախագահը։

Երկրի ղեկավարը հատուկ ուշադրություն է հատկացնում հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումներին։ Պետական հարկային ծառայությունից Սարգսյանը հավասար և արդար մոտեցում է պահանջել բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև՝ վճռական և անողոք պայքար կաշառակերության և հովանավորչության դեմ։ Նախագահը հաստատում է, որ հարկային և մաքսային մարմինների գործունեությունը և նրանց առջև դրված խնդիրների լուծումն իր ուշադրության կենտրոնում կլինի, քանի որ այս կառույցները լուրջ պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական աճի, մրցունակության բարձրացման և բյուջետային պարտավորությունների կատարման համար։

Հարկային պետական կոմիտեն երկրում իրականացվող մեծ փոփոխությունների առաջին թիրախը դարձավ։ Նախագահը բացահայտ դժգոհություն այտահայտեց կոմիտեի աշխատանքից՝ մատնանշելով բազմաթիվ թերությունները։ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնին անցնելուց գրեթե անմիջապես հետո աշխատանքից հեռացվեց ՀՊԿ նախագահը։ Սպասվում է, որ մաքսային կառույցում աշխատակիցների արտահերթ ատեստավորում կանցկացվի, ինչի արդյունքում համապատասխան չափանիշներին չհամապատասխանող աշխատակիցները կհեռացվեն համակարգից։

Միաժամանակ նախագահը բարեխիղճ աշխատանք է պահանջում նաև ձեռներեցներից։ «Չեմ կարծում, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է երկարաժամկետ արդյունքների հասնել, եթե երկրում չլուծվեն սոցիալական խնդիրները, եթե կրթական համակարգն ի վիճակի չլինի ժամանակի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստել, եթե մենք չկարողանանք արժանի կերպով լուծել մեր երկրի անվտանգության և պաշտպանության հարցերը, և բոլոր թվարկված խնդիրները հնարավոր չէ լուծել առանց հարկերի»,- ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրել է ձեռներեցներին, հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին և պոտենցիալ բիզնեսմեններին, որ պետությունը նրանց հետ «միևնույն կողմում» է գտնվում։ «Եկեք վերջնականապես հայտարարենք ու հաստատենք, որ պետության և մասնավոր հատվածի շահերը համընկնում են՝ ունենալ արագ զարգացող բիզնես։ Այսօր մենք նոր դաշտ ենք մտնում, նոր իրականություն։ Ես առաջարկում եմ ամրապնդել խաղի կանոնները, որոնք պարտադիր կլինեն բոլորի համար։ Մենք շատ ենք խոսել հարկերը բարեխղճորեն վճարելու կարևորության մասին։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր բիզնես, հարկերից խուսափելով, երկարաժամկետ զարգացման չի հասնի»,- ասել է նախագահը։

Նրա խոսքերով, ոչ ոք չպետք է կասկածի, որ բոլորն աշխատելու են հարկային դաշտում, և այս հարցում խտրականություն չի լինելու։ «Սակայն, միաժամանակ, ես ցանկանում եմ, որպեսզի ձեռներեցներն իրենք գիտակցեն, որ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային պարտականությունները՝ իրենք իսկապես խթանում են իրենց բիզնեսի շահերը»,- ընդգծում է պետության ղեկավարը։

Անցած վերջին հարյուր օրերի ընթացքում երկրի հասարակական-քաղաքական կյանքի կարևոր նորույթը դարձավ Հանրային խորհրդի ստեղծման նախաձեռնությունը, որը, նախագահի կարծիքով, Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի միջև բաց և կառուցողական երկխոսություն ստեղծելու ամենալավ մեխանիզմն է։ «Մենք պետք է կարողանանք այնպիսի մեխանիզմ գտնել, որ այդ խորհուրդը առաջարկությունների ու գաղափարների արտադրման վայր դառնա, և ոչ թե իշխանությունների գործողությունները հավանության արժանանցնող մարմին»,- ընդգծել է Սարգսյանը։

Նախագահն ակնկալում է, որ ձևավորվող Հանրային խորհուրդը նաև հասարակության հիմնախնդիրները իշխանության վերին էշելոններին հասցնելու արդյունավետ մեխանիզմ կդառնա։ «Մենք երկխոսության կողմնակից ենք և հիմնախնդիրները ցանկանում ենք լուծել երկխոսության ճանապարհով»,- ասել է նախագահը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում մեր հասարակության բոլոր ուժերի կենտրոնացումը երկրի առջև կանգնած խնդիրներն արդյունավետ լուծելու շուրջ։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել՝ լրացնելով միմյանց գործունեության արդյունքները, և իմ նախընտրական ծրագիրը կառուցված էր այդ գաղափարախոսության շուրջ»,- ընդգծել է Սարգսյանը։

Նախագահի համար արդիական խնդիր է պետական կառավարման մարմինների հանդեպ հասարակության վստահության վերականգնումը, հատկապես իրավապահ մարմինների հանդեպ։ Այս կապակցությամբ արդեն գործնական քայլեր ձեռնարկվել են, հատկապես նկատելի է Ճանապարհային ոստիկանության աշխատանքների արդյունետության բարձրացումը։ Նախագահը ոստիկաններից վճռականորեն պահանջել է արմատախիլ անել լկտիությունն ու անդաստիարակությունը ճանապարհներին։ «Եթե որևէ մեկը չկանգնի կարմիր լույսի տակ՝ մտածելով, թե օրենքից վեր է կանգնած՝ իր մեքենայի մակնիշի, պետհամարանիշների առկայության, զբաղեցրած պաշտոնի կամ դրամապանակի պարունակության շնորհիվ, ապա նա անպատիժ չպետք է մնա և չի մնա»,- պահանջում է երկրի ղեկավարը։

 

Նա նախազգուշացրել է, որ Ոստիականության աշխատակցի օրինական գործողություններին չենթարկվելու փորձը, նրա հասցեին ուղղված սպառնալիքները կամ ուժի կիրառումը նույնպես հեռուն գնացող հետևանքներ կունենան։ «Ասվածն ընդունեք որպես կոնկրետ հանձնարարական։ Ձեզանից պահանջվում են կոնկրետ և հետևողական քայլեր, և ձեր գործողություններին իմ գնահատականը կլինի ոչ թե ոստիկանական ամփոփագրերը, այլ մեր հասարակության կարծիքը»,- ոստիկաններին ասաց նախագահը։

Սարգսյանը խոստանում է ամեն բան անել՝ դատարանների իրական անկախությունն ապահովելու և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ։ «Ես ամեն բան կանեմ, որպեսզի դատավորները ձեռք բերեն իրական անկախություն՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ անկախություն՝ ազդեցիկ մարդկանցից։ Միաժամանակ կհետևեմ, որ այդ անկախությունը ի չարս չօգտագործվի և դատավորներին չթվա, թե իրենք անկախ են նաև օրենքից»,- նշեց նախագահը։ Նրա խոսքերով, այսօր հասարակության մեջ ամենամեծ դժգոհությունն առաջացնում է անարդարարությունը, իսկ հասարակական ամենամեծ պահանջն արդարությունն է։ «Այդ պահանջն, առաջին հերթին, պետք է բավարարվի դատարաններում։ Մեր երկրում վստահության մթնոլորտի ձևավորման գործում վճռական դեր են խաղում դատարաններն ընդհանրապես և Վճռաբեկ դատարանը՝ մասնավորապես»,- նշեց նախագահը։

Երկրի ղեկավարի ծրագրերում է նաև գիտության ֆինանսավորման ամենամյա աճը։ «Մենք պետք է համոզված լինենք, որ այդ միջոցներն արդյուանվետ են օգտագործվում։ Մենք մտադիր են մշտական ուշադրության կենտրոնում պահել ինչպես գիտությունը, այնպես էլ Գիտությունների Ազգային ակադեմիայի գործունեությունը։ Միաժամանակ գիտնականների խնդիրը պետք է լինի գիտության վարկանիշի բարձրացումը»,- կարծում է երկրի ղեկավարը։

Սարգսյանը հստակ նշել է երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունը՝ Հայաստանը կշարունակի Ռուսաստանի հետ բազմակողմ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցությունը՝ նորմալ հարաբերություններ պահպանելով նաև համաշխարահային առաջատար խաղացողների, մասնավորապես, ԱՄՆ-ի և Եվրոմիության հետ։

«Մենք պետք է հայ-ռուսական բարեկամությունը ժողովուրդների եղբայրության ակնառու օրինակ դարձնենք»,- հայտարարում է Սարգսյանը։ Միաժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ հարաբերությունների բազմակողմանի դինամիկ զարգացմանը և եվրոպական կառույցների հետ ակտիվ համագործակցությանը, մասնավորապես ԵՄ-ի հետ՝ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում։ Բնութագրելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ նախագահը նոր տերմին օգտագործեց՝ «ներգրավվածության քաղաքականություն»՝ մատնացույց անելով այն, որ երկիրը ձգտում է սերտ համագործակցության բոլոր այն միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են տարածաշրջանում՝ ջանալով նման կազմակերպությունների անդամակցությունից առավելագույն օգուտ քաղել տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։

«Մենք ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն ենք վարելու։ Ամեն բան կանենք՝ արցախյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման համար։ Մենք կկառուցենք ուժեղ, հպարտ և ժողովրդավար պետություն՝ Հայաստան, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առջև»,- խոստանում է Հայաստանի նախագահը։

Մեծ ռեզոնանս առաջացրեցին հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ՝ ՀՀ նախագահի ձեռնարկած քայլերը։ Օրերս նա հաստատել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և առանց որևէ նախապայմանների սահմանը բացելու՝ Հայաստանի պատրաստակամությունը՝ դա համարելով բնական վիճակ երկու հարևանների հարաբերություններում։ Բացի այդ ավելի վաղ երկրի ղեկավարը հայտարարել էր, որ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Սարգսյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը երկրի արտաքին քաղաքականության օրինաչափ և անխուսափելի բաղադրիչն է, իսկ Ցեղասպանությունը հերքելու քաղաքականությունն ապագա չունի։

Հայկական պետության ղեկավարն իր դիրքորոշումն է արտահայտել նաև ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ։ Նա վստահ է, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա, իսկ ղարաբաղյան հակամարտության դեպքում լուծումը պետք է բխի նրանից, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել։ Ընդ որում, կուսակցական և ոչ թե պետական մարմնի որոշմամբ Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանական ԽՍՀ-ին, ըստ էության, անօրինական քայլ էր տարօրինակ հիմնավորմամբ՝ «իսլամական Արևելքում սոցիալիզմի գաղափարներն առաջ մղելու նպատակով»։

 

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունք է օգտագործել ԽՍՀՄ փլուզման ժամանակ՝ ներպետական և միջազգային իրավունքին լիովին համապատասխան։ ԼՂՀ-ում ստեղծվել են պետականության բոլոր բաղադրիչները՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորվում են պետական կառավարման մարմինները, ստեղծվել են քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, գործում է կանոնավոր բանակ։ Ղարաբաղի երիտասարդությունը չի հիշում և չգիտի այն ժամանակները, երբ իրենց Հայրենիքը բռնությամբ ընդգրկվել էր  Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ։ Ինչպիսին էլ լինի այդ հակամարտության լուծումը, այն չի կարող հիմնվել ԼՂՀ անկախ պետականության դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակի որևէ  իջեցման վրա»,- կարծում է երկրի նախագահը։

ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է հայկական բանակի մարտունակության ամրապնդումը, Զինված ուժերի զարգացումն ու կատարելագործումը, պաշտպանական ոլորտում անցկացվող բարեփոխումների շարունակումը։ «ՀՀ Զինված ուժերը ֆինանսական միջոցների կարիք չեն ունենալու»,- վստահեցնում է Սարգսյանը։ Երկրի ղեկավարի խոսքերով, հայ ժողովուրդը երբեք չպետք է մոռանա, որ գտնվում է հակամարտություններով լի տարածաշրջանում։

«Անվտանգության ապահովումն այսօր, առաջին հերթին, գիտություն է և վերլուծության լուրջ համակարգ։ Ես վստահ եմ, որ մենք բավականաչափ ներուժ ունենք, որպեսզի շատ հարցերում օգտակար լինենք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խդիրները լուծելու գործում։ Մենք պետությունների համաշխարհային ընտանիքի մասն ենք և պետք է ստանձնենք մեր բաժին պատասխանատվությունը ժամանակակից՝ սահմաններ չճանաչող սպառնալիքները կանխելու գործում։ Ահաբեկչություն, թրաֆիքինգ, համակարգչային սպառնալիքներ, թմրադեղերի տարածում և զանգվածային ոչնչացման զենք. ահա ոչ լրիվ ցուցակն այն ուղղությունների, որտեղ մենք պետք է արդյունավետ աշխատենք մեր գործընկերների հոտ»,- կարծում է Սարգսյանը։

Երկրի ղեկավարը հատուկ կարևորություն է տալիս երկրի տեղեկատվական անվտանգությանը և Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին։ «Տեղեկատվական անվտանգության խնդիրներն այսօր հատուկ կարևորություն ունեն։ Մեր հարևաններն անդադար և մեծ ծավալով ապատեղակատվություն են տարածում ամբողջ աշխարհով։ Խոսքը ոչ միայն միջազգային մամուլի մասին է, տարբեր հրապարակունմերի, այլև՝ Ինտերնետի, որտեղ Ցեղասպանությունը հերքող կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող ապատեղակատվության տարածումը պրոֆեսիոնալ հիմքերի վրա է»,- ասել է Սարգսյանը

Նրա խոսքերով, երիտասարդության շատ ներկայացուցիչներ, գիտնականներ, առանձին կազմակերպություններ, պարզապես սրտացավ քաղաքացիներ իրենց հնարավորության սահմաններում արժանի հակահարված են հասցնում այս դրսևորումներին, այդ գործում կարևոր դեր են խաղում հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ «Ամեն դեպքում, այդ գործընթացը համակարգման և ամենօրյա ղեկավարման կարիք ունի։ Եվ ես խորապես վստահ եմ, որ հատկապես Ազգային անվտանգության ծառայությունը կարող է և պարտավոր է զբաղվել այս խնդիրներով»,- կարծում է նախագահը։

Նա մեծ նշանակություն է տալիս նաև սփյուռքի հետ հարաբերություններին։ «Մինչև վերջերս մեծ էր սփյուռքի դերը մեր պետության և տնտեսության կայացման գործում։ Եկել է ժամանակը, երբ Հայաստանի աճող հնարավորությունները թույլ են տալիս վստահաբար ասել, որ ոչ միայն սփյուռքը կարևոր նշանակություն ունի Հայաստանի զարգացման գործում, այլև Հայաստանն է մեծ դեր խաղում սփյուռքի խնդիրների լուծման գործում։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այսուհետ դա կլինի սփյուռքի հետ Հայաստանի փոխգործակցության սկզբունքը»,- ընդգծեց Սարգսյանը։

Հայաստանի նախագահը անշրջելի է համարում երկրում ժողովրդավարական գործընթացները և գրեթե բոլոր իր ելույթներում երկրի ղեկավարը խոսում է ազգային միասնության և համախմբման մասին։ Սարգսյանի խոսքերով, այսօր հայ ժողովուրդը չունի միասնական չլինելու իրավունքը, նա պետք է գիտակցի իր պետության անկախության անփոխարինելիությունը և հավատա սեփական ուժերով իր առջև կանգնած խնդիրները հաղթահարելու կարողությանը։

«Մեր երկիրն ունենալու է փայլուն ապագա, սակայն միայն իշխանությունը չի կարող լինել վաղվա օրվա կերտման միակ պատասխանատուն: Այդ գործում մեր ժողովրդի ամեն մի զավակ անելիք ունի: Չկա որևէ մի կառույց, որ մեզ համար կարողանա փոխարինել պետությանը, որևէ գաղափարախոսություն, որ վեր լինի պետական շահից: Եթե թուլանում է մեր երկիրը, մեզանից ոչ ոք չի ուժեղանում, մեզանից և ոչ մեկը չի շահում: Կորցնում ենք բոլորս»,- համոզված է նախագահը: --0—

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: