480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նոր նախագահի հետ
17:29
08 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 9-ին Երևանում տեղի կունենա ՀՀ գործող վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, փետրվարի 19-ին ՀՀ  նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

Հանրապետության թվով երրորդ նախագահը Աստվածաշնչի և Հայաստանի Սահմանադրության վրա  կերդվի անվերապահորեն կկատարել Հիմնական օրենքի պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունը, ապահովել անկախությունը, հանրապետության տարածքային ամբողջությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության։

Նոր նախագահի պաշտոնին անցնելու արարողությանը մասնակցելու նպատակով հանրապետություն կժամանեն հյուրեր՝ մի շարք երկրներից։ ռուսական պատվիրակությունը ղեկավարելու է Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, ԱՄՆ-ն ներկայացնելու է Պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որն, ըստ էության, Պետդեպարտամենտում ներկայացնում է Հարավկովկասյան տարածաշրջանը։ Ակնկալվում է, որ Վրաստանի պատվիրակությունը ղեկավարելու են վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն և ԱԳ նախարար Դավիթ Բակրաձեն։

Երդմնակալության շրջանակներում նախատեսվում է նաև անցկացնել ոչ մեծ հանդիսավոր արարողոթւյուն, որին մասնակցելու են բանակի հիմնական զորամիավորումները ներկայացնող զինծառայողներ։ Զինվորականների մասնակցությունը ասեկոսներ է առաջացրել հանրության այն հատվածի մոտ, որին ընդունված է անվանել ընդդիմություն, սակայն, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարամազնովը հայտարարել է, որ այդ ամենը կատարվում է ժողովրդավարական պետության շրջանակներում և զարմանալի չէ։ «Հայաստանն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին, և ես ժողովրդավարությունը չեմ պատկերացնում առանց ամուր ազգային անվտանգության համակարգի»,- ասել է Շարմազանովը։

Տոներից հետո գալու են սովորական աշխատանքային օրերը, և նոր նախագահը պետք է անմիջապես անցնի հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, առաջին հերթին՝ կապված ներքաղաքական ճգնաժամի սուր հետևանքների վերացման հետ։ Եվ հարցը բոլորովին էլ այն չէ, թե արդյոք նախագահական ընտրություններից դժգոհ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երդմնակալության օրը հանրահավաք կանցկացնեն, թե ոչ։

Հիմնական խնդիրները մատնանշել է հենց Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով բազմանշանակ անվանումով «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համաժողովի մասնակիցների առջև։ Նոր նախագահի խոսքով, հիմնախնդիրը կայանում է իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը վերականգնելու մեջ։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ այդ դիլեմայի լուծման համար հարկավոր է ցանկացած ձևաչափով կառուցվածքային և իրական երկխոսություն վարել։ «Կա մարդկանց մի մեծ խումբ, որոնց հույսերը և սպասումները չեն բավարարվել, որոնք կարիք ունեն լսված և հասկացված լինելու։ Իրենց խնդիրների լուծումը չտեսնելով՝ այդ մարդիկ ընկնում են ամբոխապետության և պոպուլիստական խոստումների շրջապտույտի մեջ։ Մենք պետք է գրավենք նրանց վստահությունը, վերադարձնենք նրանց հավատը և լավատեսությունը»,- ասել է Սարգսյանը։

ՀՀ նոր նախագահը  խոստանում է նաև երկրորդ սերնդի բարեփոխումներ, որոնք, նրա խոսքով, ցավալի են շատերի համար, հետևաբար հասարակության լայն խավերի աջակցության կարիք ունեն։ Սարգսյանը հայտարարում է, որ երկրում ամենատարբեր ոլորտներում իրականացվելու են լուրջ վերափոխումներ՝ ուղղված կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ, օրենքի գերակայությունը հաստատելուն, պետականության և պաշտապանության ամրապնդմանը, ինչպես նաև երկրի հետագա տնտեսական զարգացմանը։
 
Դեռևս բաց է մնում այն հարցը, թե ով է նախագահի հետ իրականացնելու այդ բարեփոխումները, ավելի ստույգ՝ թե ով է ղեկավարելու քաղաքական կոալիցիայի կառավարությունը, որի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունները։ Պարզ է միայն մեկ բան՝ նախագահը, համաձայն Սահմանադրության, պետք է պաշտոնը ստանձնելուց հետո 10 օրվա ընթացքում վարչապետ  կնշանակի, իսկ կառավարության նոր կազմը ձևավորվելու է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում։

Այն գործիչների թվում, որոնք, ըստ ասեկոսների, կարող են վարչապետ դառնալ, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Զախարյանը, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։

Այնուամենայնիվ, դեռևս անգամ կես-պաշտոնական հաստատում չկա այս հնարավոր թեկնածուներից որևէ մեկի օգտին։ Իշխանամետ քաղաքական գործիչները սահմանափակվում են միայն հայտարարություններով այն մասին, թե պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածություն, պարզապես ցանկալի է, որպեսզի ապագա վարչապետը լինի գրագետ և արհեստավարժ թոփ-մենեջեր։

Ի տարբերություն ներքին քաղաքականության, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հազիվ թե լուրջ փոփոխություններ կրի։ Նոր նախագահը հստակ հասկացրել է, որ մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնության ուղին։ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա։

Մոսկվայում դա խորհրդանշական իրադարձություն էին անվանել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի իշխանությունների անունից իրենց աջակցությունը հայտնել է Հայաստանի իշխանություններին և ժողովրդին՝ գործող դժվարությունները հաղթահարելու և կայունություն հաստատելու հարցում։ Իսկ վարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարել է, որ Հայաստանը միշտ կարող է հույսը դնել Ռուսաստանի աջակցության վրա։ Նա վստահեցրել է, որ ռուսական կողմի բոլոր խոստումները և պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հայ-ռուսական միջկառավարական նախորդ հանդիպումների և նիստերի ընթացքում, ամբողջովին կատարվելու են։

ՀՀ նոր նախագահը հայտարարում է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ամրապնդել բարեկամությունը ռուս ժողովրդի հետ։ Սարգսյանը հույս ունի, որ ՌԴ նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի երդմնակալությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով և կհիմնվեն նախագահներ Պուտինի և Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում դրված հիմքի վրա։

Սարգսյանի կարծիքով, երկկողմ հարաբերությունների առաջընթացի գրավականը երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակն է, հայ և ռուս ժողովուրդների ամուր կապերը և դարավոր բարեկամությունը։

Դրա հետ մեկտեղ, Հայաստանի նոր ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել նաև եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելուց։ Մասնավորապես, գտնվելով Բուխարեստում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, Սերժ Սարգսյանը հաստատել է, որ Հայաստանը կողմ է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելուն։ Միաժամանակ, Արևմուտքը չի թաքցնում, որ շահագրգռված է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները պահպանելու հարցում։  

Սարգսյանն իր դիրքորոշումը հայտնել է նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Նրա խոսքով, Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հիման վրա։ Միաժամանակ, նա հայտարարել է, որ պատրաստակամ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ հանդիպման շուտափույթ անհրաժեշտության մասին հայտարարում են նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջազգային միջնորդները։

Սարգսյանի ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու հետ ավարտվում է Ռոբերտ Քոչարյանի տասնամյա նախագահության շրջանը։

Խոսելով նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո իր հետագա գործունեության մասին՝ Քոչարյանը նշել է, որ չի պատրաստվում թոշակառու դառնալ, թեև երբեք էլ չի հայտարարել, որ դառնալու է պետական պաշտոնյա։ Հանրապետության երկրորդ նախագահն ասում է, որ նրան ժամանակ է պետք, որպեսզի հստակ կողմնորոշվի։ Այնուամենայնիվ, Քոչարյանը կարծում է, որ իր իրավահաջորդին փոխանցում է կայուն տնտեսություն ունեցող երկիր։ --0—

Գագիկ Բաղդասարյան, «ԱՄԻ «Նովոստի-Արմենիա», «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: