483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղ. Միջնորդները լույս են տեսել թունելի վերջում
19:45
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Անցած շաբաթն աչքի ընկավ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ակտիվացմամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) իրենց մաքոքային դիվանագիտության շրջանակներում մեկշաբաթյա ուղևորություն կատարեցին Բաքու-Երևան-Ստեփանակերտ-Երևան-Բաքու երթուղով՝ հակամարտության բոլոր կարևորագույն գործող անձանց հետ քննարկելով 2007թ. նոյեմբերին Մադրիդում ներկայացված խաղաղության առաջարկների վերաբերյալ թեկուզ բանավոր համաձայնության հասնելու հնարավորությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների հրապարակային հավանությանը  Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի կողմից։ Մենք սպասում ենք, հնարավոր է, երկու երկրների ղեկավարների կողմից հիմնարար սկզբունքների հարապարակային հավանությանը, որոնց մեջ կլինեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված ցուցումներ՝ մեր մասնակցությամբ սկսել ապագա համաձայնագրի տեքստի աշխատանքը»,-Երևանում լրագրողներին ասաց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։

Միաժամանակ համանախագահները վստահ են, որ 2008թ.-ը վճռորոշ է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Մասնավորապես, այս մասին է հայտարարել ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա խոսքերով, ներկայումս հակամարտության կողմերի միջև բարի կամք կա, և կա հավանականություն, որ այս տարվա ընթացքում կհաջողվի էլ ավելի մոտենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Նրա հետ համաձայն է ամերկացի գործընկեր Մեթյու Բրայզան։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ ԱԼիևի հետ հանդիպումների արդյունքում ես զգացի, որ բանակցությունների գործընթացում դրական տեղաշարժ կա»,- Երևանում նա իր զգացումներն է կիսել լրագրողների հետ։ Միաժամանակ Բրայզան դժվարացել է պատասխանել, թե, արդյո՞ք, 2008թ.-ին բանավոր համաձայնություն ձեռք կբերվի կամ փաստաթուղթ կստորագրվի հակամարտության կարգավորման մասին։

«Դա պետք է որոշեն երկու երկրների նախագահները, բայց տեսանելի է կառուցողական ոգին. նախագահները փաստաթուղթն ուսումնասիրում են առանձնահատուկ ուշադրությամբ»,-պարզաբանել է  նա։

Նույն միտքը, բայց ավելի մեծ վստահությամբ, Բրայզան կրկնել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ «2008թ.-ը պետք է վճռորոշ լինի բոլորի համար, այսինքն, կողմերի բարի կամքի դեպքում հնարավոր է գալ վերջնական համաձայնության և լուծել խնդիրը»,-ասել է  Բրայզան։

Սկզբունքային հարցերից մեկը, որը քննարկվել է համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ մասնակցելու հարցն էր։ Ընդ որում իրենք՝ համանախագահները, դրան, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերվում։  Այսպես, Բեռնար Ֆասյեն Երևանում հայտարարել է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները հանդես են գալիս Ղարաբաղը՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ ներգրավելու օգտին։

«Որքան շուտ Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացին՝ որպես բանակցային կողմերից մեկը, այնքան ավելի լավ, առավել ևս, որ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այն լիարժեքորեն տեղեկացված է բանակցությունների գործընթացի վերաբերյալ»,-ասել է Ֆասյեն։

Խոսելով այն մասին, թե, արդյո՞ք, ադրբեջանական կողմը կբողոքի բանակցություններին Ղարաբաղի մասնակցության դեմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ «միջնորդները դեռևս այդքան հեռուն չեն նայել և մտադիր են խնդիրները լուծել՝ դրանց առաջացմանը զուգահեռ»։

«Ներկա պահին բոլոր կողմերը համաձայն են այն հիմնարար սկզբունքների հետ, որոնց վրա մենք աշխատում ենք, և մենք այս փուլում բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Սակայն վերջնական համաձայնագրի մշակման ժամանակ ԼՂՀ-ն պետք է մասնակցի  բանակցություններին, քանի որ համաձայնագրի բոլոր հիմնական կետերը վերաբերելու են անմիջականորեն Ղարաբաղին և նրա ժողովրդին»,-ասել է Մերզլյակովը։

Հայաստանի և ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը ևս հանդես են եկել բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության օգտին։ «2008թ.-ը վճռորոշ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միայն այն դեպքում, եթե Ղարաբաղը մասնակցի բանակցություններին՝ որպես լիիրավ կողմ»,-ասել է ԼՂՀ նախագահը՝ համանախագահների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ղարաբաղը այսօր ևս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից է։ Հայաստանը երբեք որոշում չի կայացրել՝ ԼՂՀ-ն բանակցային գործընթացից մեկուսացնելու վերաբերյալ»,- ասել է նախագահը և հիշեցրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտության տարածաշրջան այցելելիս լինում են նաև Ստեփանակերտում, որտեղ բանակցություններ են վարում հանրապետության ղեկավարության հետ։ «ԼՂՀ-ն նույնպես մասնակցում է գործընթացին, ինչպես Հայաստանի նախագահը, պարզապես բանակցությունների ընդհանուր ձևաչափում կա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ձևաչափ, որտեղ ցանկալի կլիներ նաև ԼՂՀ նախագահի մասնակցությունը»,-նկատել է Քոչարյանը։

Քոչարյանը միաժամանակ հավաստիացրել է, որ վերջնական փաստաթղթի տակ անպայման լինելու է ԼՂՀ ստորագրությունը։

Երևանում համանախագահները քննադատեցին պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները։ «Մենք համաձայն չենք նախագահ Ալիևի հայտարարարության շատ դրույթների հետ և, նախևառաջ, քաղաքականից բացի ղարաբաղյան հակամարտության որևէ այլ կարգավորման հնարավորության մասին»,-լրագրողներին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։

Նա հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ  համանախագահները նշել են, որ նրա հետ կարող են  համաձայնել միայն մեկ բանում՝ 2008թ.-ը պետք է վճռորոշ լինի գործընթացի համար։ «Բոլոր մյուս հարցերում մենք նրան բացատրեցինք, թե ինչպես ենք դրան վերաբերում»,-ընգծել է Մերզլյակովը։

Միաժամանակ համանախագահները հաստատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Իլհամ Ալիևը նման դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ։

«Երկու նախագահներն էլ ունեն սեփական, բավականին կոշտ հայացքներ և, միաժամանակ, նրանք, թվում է, պատրաստ են ընդհանուր լեզու գտնել»,-ասել է Բրայզան՝ հավելելով, որ համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք նպաստում ենք նախագահների միջև կարծիքների փոխանակմանը, սակայն  արդյունքը կանխորոշելը հնարավոր չէ. դա կախված է նոր դետալներից»,-պարզաբանել է նա։

Մադրիդյան պայմանավորվածությունների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը մատնանշել է նաև Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Մադրիդյան փաստաթղթի տրամաբանությամբ իրականում հնարավոր է գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Սակայն այսօր այդ փաստաթուղթը կողմերի համար վերջնական չի լինելու, և հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակի արդեն Հայաստանի հաջորդ նախագահը»,-ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2007թ. նոյեմբերին Մադրիդում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանն են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։ Կողմերին փոխանցված փաստաթուղթը, որպես ապագա կարգավորման համար առավել կենսունակ հիմք, դիտարկվում է նաև Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում։  Հակամարտության կողմերին խորհուրդ է տրվել ավարտել բանակցությունների ներկայիս փուլը՝ հիմնարար սկզբունքների հավանությամբ և անմիջապես անցնել նոր փուլին՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի նախագծի մշակմանը։

Պետք է ասել, որ համանախագահները մեծ ջանքեր են գործադրում՝ արդեն 2008թ.-ին հակամարտության խաղաղ կարգավորման մեջ առաջընթաց արձանագրելու համար։ Նրանք հայտարարում են, որ Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման համար «պատրաստ են այնքան երթևեկել մայրաքաղաքների միջև, որքան կպահանջվի»։

Սակայն արդեն 2008թ.-ին հակամարտության կարգավորման հավանականությանը  բոլորը չէ, որ հավատում են։  Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ տեղաշարժեր պետք  չէ սպասել մինչև 2009-2010թթ.։

Կազիմիրովի կարծիքով, 2008թ.-ին հակամարտությունը կարգավորելու անհնարինությունը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններով։ Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունների ընթացքում որոշակի հարցեր լուծվում են, սակայն  սկզբունքային հարցերը մնում են չկարգավորված։

«Յուրաքանչյուր կողմ հակամարտության կարգավորման իր առաջնահերթություններն ունի. հայերի համար դա ԼՂՀ կարգավիճակն է, ադրբեջանցիների համար՝ գրաված տարածքները և փախստականների վերադարձը։ Սակայն դրանք չեն կարող առաջնային լինել միջազգային հանրության համար, որը պետք է մտահոգված լինի նոր պատերազմ թույլ չտալով»,-հավելել է դեսպանը։ Դիավանագետը նշել է, որ թեև ներկայումս ռազմական գործողությունների վերսկսում հնարավոր չէ, անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի պատերազմն իրողություն չդառնա ապագայում։

Հարավային Կովկասում ընդհանրապես և Ղարաբաղում մասնավորապես հակամարտությունների շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին հայտարարում են հեղինակավոր միջազգային կազմակերպությունները։

«Չկարգավորված հակամարտությունները խանգարում են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը, տարածաշրջանի բնակչության համար իրական դրական փոփոխությունների ապահովմանը և անցմանը ինստիտուցիոնալ բարեփոխումներին»,- Երևանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵԽ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։ Նա կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունը կաճի Հայաստանի նախագահական ընտություններից հետո։ Իր հերթին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել սևծովյան տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների լուծմանը։

Ղարաբաղյան խնդրի մասին է խոսվում նաև Եվրոպական խորհրդարանի ընդունած «Եվրոպական միության առավել արդյունավետ քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ. խոստումներից դեպի գործողություններ» բանաձևում։ Փաստաթղթում, մասնավորապես, հաստատվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն անհրաժեշտ է՝ եվրոպական հարևանության կայունության, ինչպես նաև Հարավային Կովկասի տնտեսական և սոցիալական զարգացման համար։

Անշուշտ, ղարաբաղյան թեման կարևոր ներքաղաքական գործոն է լինելու Հայաստանում նախագահական աթոռի համար պայքարում։

Վարչապետ, նախագահի հիմնական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա. Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման  իրավունքի միջազգային ճանաչում և դրա իրագործման պայմանների ստեղծում. ԼՂՀ սահմանների և նրա բնակչության անվտանգության ապահովում. Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ընդհանուր սահմանի առկայության։

«Ամեն մի ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ցանկացած, քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել ևս՝ հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից։ Դա գործողությունների ամբողջություն է, որն իրականացվում է մի քանի քայլով»,-նշվում է ծրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթում ներառի բոլոր հարցերի լուծումը և այն մեխանիզմները, որոնք կապահովեն դրանց իրագործումը։--0--

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա», հատուկ «ՌԻԱ-Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։