+20
Եղանակը Երևանում
Հայ

Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»

14:00
01 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Նախարարի պաշտոնակատարը դադարեցրել է Օրբելյանի լիազորությունները «Պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին» օրենքի 15–րդ հոդվածի 3–րդ կետի հիման վրա։ ՀՀ մշակույթի նախարարության Իրավաբանական բաժնի պետ Անուշ Ղազարյանի խոսքով, ըստ օրենի` տնօրենը չի կարող զբաղեցնել այլ ղեկավար պաշտոն կամ ունենալ այլ վարձատրվող աշխատանք։ Նա հայտարարել է, որ Մշակույթի նախարարությունը բազմիցս դիմել է Օրբելյանին` խնդրելով ընտրել պաշտոններից մեկը, սակայն Օրբելյանը պատասխանել է, որ պատրաստ չէ հրաժարվել պաշտոններից որևէ մեկից։

Մաեստրոն չի նահանջում, կոլեկտիվը պատրաստ է պայքարել

Ուրբաթ Օրբելյանը մեկնաբանել է իրավիճակը` նշելով, որ ավելի վաղ չի ստացել պաշտոնից ազատվելու որևէ պաշտոնական ծանուցում, իսկ Ղարիբյանն արդեն 9 ամիս է փորձում է հասնել իր հրաժարականին, ինչի հետ նա կտրականապես համաձայն չէ։

«Ղարիբյանը որոշել է, որ ինձ ոչ լեգիտիմ կերպով են նշանակել այդ պաշտոնին: Այսինքն, նա համարում է, որ պետությունը մեկուկես տարի առաջ իրավունք չուներ նշանակել ինձ այդ պաշտոնին», - ասել է Օրբելյանը:

Նա ավելացրել է, որ թատրոնը դատի կտա նախարարի պաշտոնակատարին և խոստացել է, որ «պարտադիր լինելու է մեծ և աղմկահարույց դատ»։

Շաբաթ օրը տեղի ունեցավ թատրոնի աշխատակիցների, մտավորականության և Օրբելյանի հանդիպումը, որին հրավիրված էր նաև Ղարիբյանը, ով, սակայն, չէր եկել։

Հանդիպման ժամանակ մաեստրոն նշել է, որ հսկայական ծրագրեր ունի թատրոնի հետ կապված։ «Տխուր կլիներ այս ամենը դադարեցնել և կանգնեցնել այն անհավանական տեմպը, որով մենք շարժվում ենք և այն հաջողությունը, որը մեր թատրոնն ունի միջազգային ասպարեզում և ընդհանրապես ողջ աշխարհում», – ավելացրել է նա։

Ղարիբյանն իր հերթին ներկայացրել է սեփական կարծիքը ստեղծված իրավիճակի շուրջ`զարմանալով Օրբելյանի հասցեին հնչող որոշ մեկնաբանություններից։

«Ճիշտն ասած՝ չեմ կարող զարմանքս չարտահայտել պարոն Օրբելյանի շուրջ արվող որոշ մեկնաբանությունների հանդեպ։ Ասում են՝ մի՞թե հանուն Օրբելյանի հնարավոր չէ փոխել երկրի օրենքը։ Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք, երկրորդ անգամ էլ պետք է արվի՞։ Ու այսպես շարունա՞կ։ Իսկ երբ ասում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա օրենքի և կարգի երկիր, դա մշակույթին ու մշակույթի գործիչներին չի վերաբերո՞ւմ։ Իսկ չեք ուզո՞ւմ, որ առանձին օրենսդրական կարգավորում լինի յուրաքանչյուր անհատ արվեստագետի համար՝ ըստ իր ցանկության և հայեցողության։ Ասենք՝ եթե այդպիսի ընդհանուր կարգ սահմանվի՝ ես կողմ եմ, դա կլինի բոլորի հավասարությունը նույն կարգի առջև, բայց եթե մեկ մարդու համար պետք է մի ամբողջ հանրապետության օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել», – նշել է նա։

Մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պահանջ

Նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունը հանդես է եկել բաց նամակով, որում նշվում է, որ վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։

Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը։

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ ՊՈԱԿ-ի մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությունը, սակայն մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում ոլորտի զարգացմանը նպաստելու համար։

«Թատերաշխարհի գործիչների խորին համոզմամբ այն անձնավորությունը, որը համարում է, որ «օպերան թատրոն չէ», գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, որը ոստիկանություն է հրավիրում՝ թատրոնի դռները բացելու համար, որն առանց երկնչելու ազատում է աշխատանքից Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոֆեսիոնալ աշխատող տնօրենին, որը հաղորդակցվելու լուրջ խնդիրներ ունի թատրոնների ներկայացուցիչների հետ և չի տիրապետում ոլորտի խնդիրներին, չի կարող ղեկավարել մշակույթի նախարարությունը։ Հայաստանի բոլոր թատրոնները՝ միանալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում համարժեք մշակութային քաղաքականություն», – նշվում է նամակում, որի տակ ստորագրել է ավելի քան 20 թատերական գործիչ։

Օրբելյանի հասցեին հնչում են աջակցության և կշտամբանքի խոսքեր

Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը հայտարարել է, որ սա միակ դեպքն է, երբ նախարարները կադրային հարցերում չեն խորհրդակցում միության հետ։ 

«Նման բան չի եղել։ Ամեն մի նշանակման ժամանակ նախարարներն անձամբ են զանգել, կամ հրավիրել են իրենց մոտ խորհրդակցելու », – նշել է նա։

Ղազանչյանի խոսքով, ոչ մի օրենք, անգամ վատ գործող, չի խանգարում Օրբելյանին զբաղեցնել երկու պաշտոն։ 

«Ինչպե՞ս կարելի է իրավիճակին չտիրապետել ու ուղղակի նստել, որոշում կայացնել: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ, թե վաղն ինչ կլինի՝ այդ հրամանից հետո, ես ուղղակի ապշած եմ: Եթե նույնիսկ օրենքն արգելում է, կան արվեստագետներ, որոնք ամեն տեսակի օրենքից դուրս մարդիկ են ու իրենց պարագայում պետք է օրենքը ծալվի դրվի մի կողմ: Էլ չեմ ասում էթիկական նորմի մասին՝ տնօրեններ են ազատվում ու մի հատ շնորհակալություն չկա, ես չեմ հասկանում մարդկային հարաբերություններն այդքան ընկա՞ն, այդքան որակազրկվեցին...», – նշել է Ղազանչյանը։ 

Իսկ դիրիժոր Զավեն Վարդանյանը, ով մի քանի տարի աշխատել է օպերայի թատրոնում, ճիշտ է համարում նախարարի պաշտոնակատարի որոշումը։ Նա նշել է, որ Օրբելյանն այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների կողմից` շրջանցելով որոշ օրենքներ, և դա այն դեպքում, երբ մարդը կարող է զբաղեցնել տնօրենի պաշտոնը կազմակերպված մրցույթի արդյունքում։

«Բայց քանի որ Օրբելյանը չի տիրապետում ոչ բանավոր, ոչ գրավոր հայերենին, նա չէր կարող մասնակցել մրցույթին, այդ պատճառով որոշվեց շրջանցել օրենքը, որպեսզի հնարավորություն լինի նշանակել նրան», – ասաց նա` ավելացնելով, որ հիմա Մշակույթի նախարարությունը դիմել է կառավարությանն այդ սխալն ուղղելու համար։

«Եվ այս իրավիճակն արդարությունը վերականգնելու փորձ է։ Եթե Օրբելյանը ցանկանա, ապա կարող է իր ազատումից վեց ամիս հետո մասնակցել մրցույթին, և եթե հաղթի, խնդրեմ, թող զբաղեցնի այդ պաշտոնը», – հայտարարել է Վարդանյանը։ 

Դիրիժորը նաև սխալ է համարում, որ թատրոնի աշխատակիցները ստիպված են Օրբելյանի հետ շփվել ռուսերեն, «որը, միգուցե, ոչ բոլորն են տիրապետում», իսկ որպես փաստարկ ներկայացնում է այլ երկրների օրինակը, որտեղ աշխատանքի հրավիրված մասնագետը պարտավոր է սովորել այդ երկրի լեզուն։

Վարդանյանը նշում է, որ Օրբելյանի դեպքում, որը զբաղեցրել է թատրոնի և′ տնօրենի, և′ գեղարվեստական ղեկավարի, և′ դիրիժորի պաշտոնը, եղել է ուզուրպացիա, նրա գործողությունները վկայում են այն մասին, որ նա ձգտում է բացարձակ իշխանության։ 

«Այդ որակը հատուկ է թույլ մարդկանց, քանի որ ուժեղները միշտ պատրաստ են երկխոսության, իսկ թույլերն ուզում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կկարողանան առանց խոչընդոտի որոշումներ ընդունել», – ասաց նա` ավելացնելով, որ հենց այդպես է Օրբելյանը վարվել նաև իր հետ` ժամկետից շուտ խզելով աշխատանքային պայմանագիրը։

Խոսելով աշխատանքից ազատվելու պատճառների մասին` Վարդանյանը նշել է, որ փաստաթղթում նշվում է տարիքի գործոնն ու այդ կապակցությամբ ընդգծել է, որ մշակույթի գործիչներն իրենց աշխատանքում չպետք է «կապված լինեն» տարիքի հետ։

Թափուր պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուների կարծիքը

Միաժամանակ, ԶԼՄ–ներն արդեն սկսել են նշել այդ պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուներին։ Մասնավորապես, նշվում է «Իմ քայլը» դաշինքից Ավագանու անդամ, արտիստ, հեռուստահաղորդավար Արմեն Սարգսյանի և օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի անունը։

«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում», – գրել է Պապյանը Facebook–յան իր էջում։ 

Հաղորդավար և շոումեն Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ իր համար տհաճ և նողկալի է նման իրավիճակը` «աթոռակռիվը»։

«Ես ցավում եմ, որ մաեստրո Օրբելյանի հետ չգտնվեց ճիշտ և գրագետ շփման ձև: Ամեն բան կարելի է անել օրենքով և գեղեցիկ», – նշել է Սարգսյանը։ 

«Ուզում եմ հերքեմ այն ստերը, որ «վերևներից» ինձ են տեսնում այդ պաշտոնին, որ ես Նազենի Ղարիբյանի մտերիմն եմ, որ մտել եմ Օրբելյանի մոտ, որ արդեն նշանակվել եմ, որ ստաժս կամ տարիքս չէր ներում դրա պատճառով չնշանակեցին», – գրել է նա։

Բողոքի ակցիաներ

Երկուշաբթի առավոտից Հայաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում` ի աջակցություն Օրբելյանի, հավաքվածները պահանջում են նաև Ղարիբյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ պայքար է տարվում ոչ թե անձի դեմ, այլ որպեսզի տնօրենի պաշտոնը զուգակցված լինի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի հետ:

«Խնդիրն օրենսդրության մեջ է, ըստ որի` տնօրենը միայն վարչական պաշտոն է, որը նման ձևաչափով խոչընդոտում է թատրոնի զարգացմանը: Պաշտոնների համատեղումը թույլ է տալիս ապահովել վարչական կառավարման և ստեղծագործական զարգացման հաջորդականությունը», - նշեց նա:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ակցիայի մի խումբ մասնակիցներ գնացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման` ստեղծված իրավիճակը քննարկելու համար:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:44
06 Սեպտեմբերի 2019
Շուկաների եռուզեռը, հանրային տրանսպորտի աղմուկը. ինչ են կարոտում արտերկրում սովորող ուսանողները. HSBC-ի ուսումնասիրություն
Շուկաների եռուզեռը, հանրային տրանսպորտի աղմուկը. ինչ են կարոտում արտերկրում սովորող ուսանողները. HSBC-ի ուսումնասիրություն:
17:28
02 Սեպտեմբերի 2019
Ուստարին ՀՊՏՀ–ում մեկնարկեց դասադուլով. Նախարարությունը չի միջամտի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները երկուշաբթի դասադուլ են անցկացրել
19:15
15 Օգոստոսի 2019
Կանեփի ստվերի տակ. ձեռներեցը խոստանում է մինչև 50 մլն դոլարի ներդրում. ԱՆ–ն դեմ է, պարզում ենք իրավիճակը
«Արմերիկա» ՍՊԸ–ն ցանկանում է Հայաստանում արտադրել և վերամշակել «հեմփ» տեսակի կանեփ
11:45
29 Հունիսի 2019
Երեք քույրեր. ոճիր առանց պատժի՞
Անմե՞ղ են, թե՞ մեղավոր. պատմում ենք Ռուսաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի մասին։
11:27
18 Հունիսի 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
19:56
23 Ապրիլի 2019
Հայաստանի թավշյա հեղափոխությունը. հետադարձ հայացք իրադարձություններին մեկ տարի անց (ՖՈՏՈ)
Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։
12:00
22 Ապրիլի 2019
Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները
Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում:Եվ ես նրանց հարցեր ունեմ տալու։
19:24
11 Մարտի 2019
Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։
11:34
20 Փետրվարի 2019
Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։
13:15
18 Փետրվարի 2019
Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Հայտնի դրույթն այն մասին, որ «իշխանությունն այլասեռում է» ապրիորի չունի բացառություններ։ Այս բախտից չխուսափեց նաև ՀՀ նոր իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
16:43
11 Փետրվարի 2019
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
19:47
05 Փետրվարի 2019
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք: